Բաքվում տոնում են Ադրբեջանի «դիվանագիտության ամենապայծառ գագաթնակետը»` ամերիկյան պատվիրակության այցի ֆոնին
Պաշտոնական Անկարան, ըստ ամենայնի, համարում է, որ հայ-ադրբեջանական բանակցություններում դեռեւս բավարար արդյունքներ չեն գրանցվել, քանի որ վաշինգտոնյան համաձայնություններից հետո էլ Թուրքիան դեռեւս շարունակում է փակ պահել Հայաստանի հետ սահմանը եւ չի շտապում դիվանագիտական հարաբերություններ հաստատել:
Վաշինգտոնում հայ-ադրբեջանական փաստաթղթերի ստորագրումից ուղիղ 1 մեկ տարի առաջ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը «Sabah» օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ` հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացները փոխկապակցված են։
Կարդացեք նաև
«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հանդիպումները շարունակվում են, եւ մենք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման դեպքում պետք է մեր սցենարը նախապատրաստենք։ Այժմ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Մենք կարող ենք կյանքի կոչել դրական սցենարն, այսինքն՝ բացել սահմանը Հայաստանի հետ», – նշել էր Ֆիդանը։
Արդյո՞ք հիմա Անկարան գտնում է, որ Վաշինգտոնում օգոստոսի՝ Հայաստան-Ադրբեջան համաձայնությունները բավարար են, որպեսզի Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն եւ բացվի Հայաստանի հետ սահմանը:
Այս հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է լսել, թե ինչ են խոսում Բաքվից: Իսկ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են Հայաստանից «կոնկրետ քայլեր» ակնկալել:
«Օգոստոսի 8-ին Հայաստանն ու Ադրբեջանը միայն նախաստորագրել են Խաղաղության պայմանագիրը: Փաստաթղթի վերջնական ստորագրության եւ հետագայում այն իրականացնելու համար հայկական կողմը դեռ պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի», – ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը I24 News հեռուստաալիքի ֆրանսիական խմբագրությանը տված հարցազրույցում։
«Հայաստանի Սահմանադրության մեջ դեռեւս կան դրույթներ, որոնք անընդունելի տարածքային պահանջներ են պարունակում եւ հակասում են Ադրբեջանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը»,- ասել է Ամիրբեկովը, հավելելով՝ կայուն խաղաղություն հաստատելու համար Հայաստանի հիմնական օրենքը պետք է համապատասխանեցվի երկու երկրների կողմից արդեն նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տեքստին եւ ոգուն։
Ի դեպ, այս ամենը հայտարարվում է ճիշտ այն օրերին, երբ Բաքվում էր գտնվում Միացյալ Նահանգների Զարգացման ֆինանսավորման կորպորացիայի (DFC) գործադիր տնօրենը:
«Թրամփի ուղին՝ TRIPP-ը, ապագայում ստորագրվելիք հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի կարեւոր բաղադրիչն է», – Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի Զարգացման ֆինանսավորման կորպորացիայի գործադիր տնօրեն Քենեթ Էնջելը։ Վերջինս նաեւ նշել է, որ «Թրամփի ճանապարհը» «ծառայում է երկար ժամանակ տարանջատված ադրբեջանական տարածքների վերամիավորմանը»։
Ամերիկացի պաշտոնյան Բաքվում էր Միջին միջանցքի հարցերով ԱՄՆ սերտիֆիկացված առեւտրային առաքելության պատվիրակության այցի շրջանակներում։
Ադրբեջանի արտգործնախարարն ընդունել է Միջին միջանցքի հարցով մասնագիտացած առաքելությանը, եւ ըստ ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության՝ ընդգծվել է վաշինգտոնյան նախագծի կարեւորությունը, որը կապահովի Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ անխոչընդոտ կապը:
Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրեն Քենեթ Էնջելը Բաքվում հանդիպումների արդյունքներով հայտարարել է, թե «Թրամփի ուղու» հետ կապված աշխարհաքաղաքական բազմաթիվ գործոններ կան. «Մի կողմից՝ Ռուսաստանը, մյուս կողմից՝ Իրանը չեն ցանկանում, որ այս միջանցքը բացվի։ Թուրքիան, ընդհակառակը, կողմ է դրա բացմանը։ Հայաստանը նույնպես հետաքրքրված է այս գործընթացով, քանի որ նրանց համար շահավետ կլինի մաքսատուրք գանձել այդ երթուղով անցնող բեռների համար։ Ես կարծում եմ, որ այս հարցը կպահանջի որոշակի անվտանգության երաշխիքներ եւ դիվանագիտական մոտեցում»: Ամերիկացի պաշտոնյան, սակայն, չի հստակեցրել, թե մասնավորապես ինչ նկատի ունի:
Հիշեցնենք, որ պաշտոնական Բաքուն մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե Սյունիքով անցնող ճանապարհը պետք է անվտանգ լինի ադրբեջանցիների համար՝ նկատի ունենալով հայ սահմանային ու մաքսային ծառայողների հետ շփման բացառումը:
Մինչ ամերիկյան պատվիրակությունը Բաքվում էր, Ադրբեջանի խորհրդարանն էլ հատուկ նիստում քննարկեց Վաշինգտոնի համաձայնագրերը: Ինչպես եւ սպասելի էր` ելույթների առանցքում «Զանգեզուրի միջանցք» ձեւակերպումն էր, որը պաշտոնական Երեւանն անընդունելի է համարում:
Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան նշել է, թե վաշինգտոնյան համաձայնագրերը Ադրբեջանի վերջին տարիների ամենակարեւոր քաղաքական եւ դիվանագիտական հաջողություններից են. «Իլհամ Ալիեւի նախաձեռնած «Զանգեզուրի միջանցք» նախագծի իրականացումը ծառայում է տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը»:
«Խաղաղ դիվանագիտության եւ իմաստուն առաջնորդության հաղթանակը» խորագրով նիստում չնշելով, որ Վաշինգտոնում այդ ճանապարհին արդեն Դոնալդ Թրամփի անունն են տվել, Մեջլիսի փոխխոսնակ Ալի Ահմեդովն ավելի հեռուն է գնացել՝ հույս հայտնելով, որ միջանցքը կստանա Իլհամ Ալիեւի անունը. «Վաշինգտոնի հանդիպմանը ստացվեց միջազգային երաշխիք Զանգեզուրի միջանցքի իրականացման համար։ Ադրբեջանի դիվանագիտության ամենապայծառ գագաթնակետը»:
Ադրբեջանի նախագահն, իր հերթին, կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքից» սպասվող օգուտների մասին՝ չհստակեցնելով, թե ինչ սկզբունքներով է գործելու այդ ճանապարհը: «Ես կասկած չունեմ, որ Զանգեզուրի միջանցքը՝ որպես Միջին միջանցքի երթուղիներից մեկը, մոտ ապագայում կարեւոր դեր կխաղա որպես մայրցամաքները կապող հիմնական տրանսպորտային օղակ», նշել է Ալիեւը:
Իսկ ահա Ադրբեջանի տրանսպորտային քաղաքականության գլխավոր պատասխանատուն հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքի» շինարարական աշխատանքների ավարտը Ադրբեջանի տարածքում նախատեսված է հաջորդ տարի: Պաշտոնյան հիշեցրել է, որ Թուրքիան եւս սկսել է Կարսից 224 կիլոմետրանոց երկաթուղու շինարարությունը:
Հիշեցնենք, որ օրերս Հայաստանում Իրանի դեսպանն էր վաշինգտոնյան համաձայնությունների ֆոնին խոսել, Ադրբեջանից հնչող պնդումների մասին, թե գործելու է «Զանգեզուրի միջանցքը»: «Միջանցք չկա: Խոսքը ճանապարհի մասին է: Ոչ խաղաղության պայմանագրում, ոչ էլ ստորագրված հռչակագրում միջանցքի մասին խոսք չկա: Ոչ մի միջանցք չի լինելու», – նկատել էր դեսպան Մեհդի Սոբհանին:
Այսպես, պաշտոնական Երեւանը պնդում է, որ ճանապարհը գործելու է Հայաստանի ինքնիշխանության եւ իրավազորության ներքո: Փաստաթղթերում կարգավորումները նշված չեն, մասնավորապես՝ ամերիկյան կողմը ի՞նչ լիազորություններ է ունենալու այդ երթուղում:
Ամերիկյան կողմը պատվիրակություն է գործուղել Բաքու, ըստ ամենայնի, նաեւ` Երեւան կայցելեն: Բաքուն շարունակում է Երեւանից «կոնկրետ քայլեր» պահանջել, իսկ Անկարան, բնականաբար, շարունակելու է Բաքվի պահանջների վերջնական բավարարմանը սպասել:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.09.2025թ.