Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղինակն օգտագործել է մոտ 600 հայերեն, թուրքերեն եւ օտարալեզու գրքեր

Սեպտեմբեր 12,2025 13:00

Սեպտեմբերի 12-ին, ժամը 17։00-ին Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն գիտահետազոտական հիմնադրամում տեղի կունենա ամերիկաբնակ պոլսահայ մտավորական, մեծարժեք ուսումնասիրությունների հեղինակ Գէորգ Յակոբեանի «Հայոց կրթական հաստատութիւններու պատմութիւն՝ Օսմանեան գաւառներու մէջ» երկհատոր աշխատության շնորհանդեսը:

Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում նախատեսվող շնորհանդեսին հեղինակի աշխատությունը կարժեւորեն թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը եւ թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վերա Սահակյանը։ Միջոցառմանը կմասնակցի նաեւ այս օրերին Հայաստանում գտնվող գրքի հեղինակը՝ Գէորգ Յակոբեանը։

Ըստ akunq.net-ի,  սույն արժեքավոր ուսումնասիրությունը նվիրված է այժմյան Թուրքիայի պետական սահմաններն ընդգրկող տարածքում նախքան 1915 թգ գործած հայկական վարժարանների պատմությանը։

Պոլսահայ գրող Մաքրուհի Յակոբեանը այս հատորներին նվիրված գրախոսության մեջ մասնավորապես նշում էգ «Նկատի առնելով գործին ծաւալը, հեղինակը որոշած է իր ուսումնասիրութիւնները ամփոփել չորս հատորներու մէջ…

Իր այս աշխատասիրութեան ընթացքին, հեղինակը օգտագործած է մօտաւորապէս 600 հայերէն, թրքերէն եւ օտարալեզու գիրքեր, ամսագրեր, թերթեր, տարեգիրքեր, Կ. Պոլսոյ Հայոց Պատրիարքարանի տպագիր տեղեկագիրները, Պատրիարքարանի կրօնական եւ քաղաքական ժողովի ատենագրութիւններու արձանագրութիւնները, Օսմանեան կրթութեան տարեգիրքերը (Salname), Օսմանեան բնակչութեան տուեալները։ Օգտագործած է Թուրքիոյ Վարչապետարանի Օսմանեան արխիւային փաստաթուղթերը, ի յայտ բերելով բազմաթիւ տեղեկութիւններ, նաեւ արխիւային տուեալներ։ Այս բոլոր աղբիւրները նշուած են զոյգ գիրքերուն մէջ, որպէս ծանօթագրութիւն։ Գիրքերէն Ա. հատորը կը բաղկանայ 512, իսկ Բ. հատորը՝ 546 էջերէ»։

Հիշեցնենք, որ պոլսահայ մտավորականն առանձին հատորով հեղինակել է նաեւ «Պատմութիւն Իսթանպուլահայ ուսումնական կեանքի եւ կրթական հաստատութիւններու» ստվարածավալ ուսումնասիրությունը։

«Առավոտ» օրաթերթ

11.09.2025թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930