Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ ծնողական իրավունքները չեն սահմանափակվել

Սեպտեմբեր 12,2025 13:30
sd

Անհատական դիմումով Սահմանադրական դատարան դիմած քաղաքացին նշել է, որ իր քաղաքացիական գործի շրջանակներում Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից վիճարկվող դրույթներին տրված մեկնաբանության արդյունքում ինքը փաստացի զրկվել է իր երեխայի տեսակցության ապահովման հետ կապված Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի՝ 2024 թ. սեպտեմբերի 16-ի որոշումը բողոքարկելու հնարավորությունից, որով մերժվել էր հայցի ապահովման միջոցը ձեւափոխելու մասին միջնորդությունը։ Այն տեղի է ունեցել այն ժամանակ, երբ իր ծնողական իրավունքները՝ Սահմանադրության 36-րդ հոդվածով նախատեսված՝ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի որոշմամբ չեն սահմանափակվել։

Դիմողը (ներկայացուցիչ՝ փաստաբան Առնոլդ Վարդանյան) խնդրել էր սույն դիմումի քննությունն իրականացնել առաջնահերթության եւ հրատապության կարգով՝ նկատի ունենալով, որ դիմումի շրջանակներում առկա է տասը տարեկան երեխայի եւ նրա հոր միջեւ հարաբերությունները վերջնականապես վտանգելու լուրջ եւ շարունակական սպառնալիք, ինչպես նաեւ ծնող-երեխա կապի անդառնալի վնասման եւ երեխային երկարատեւ հոգեբանական վնաս հասցնելու ամենօրյա աճող ռիսկի կանխման նպատակ, երեխայի լավագույն շահերի պաշտպանության ապահովման հրատապ անհրաժեշտություն, այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պոզիտիվ պարտականություններ՝ նախատեսված ՀՀ Սահմանադրությամբ, ինչպես նաեւ միջազգային փաստաթղթերով:

Ըստ դիմողի`«Նկատի ունենալով, որ սույն գործի փաստական հանգամանքներն առնչվում են մի կողմից՝ միջազգային մակարդակով բարձր ակադեմիական հեղինակություն ունեցող անձի, մյուս կողմից՝ մինչեւ տասը տարեկան երեխային առնչվող հանգամանքների, mutatis mutandis «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 35-րդ հոդվածի եւ ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ, «սույն գործի քննության հրապարակայնությունը սահմանափակել՝ դիմումատուի մասնավոր կյանքի, ինչպես նաեւ անչափահասի շահերի պաշտպանության նկատառումներից ելնելով։ Հաշվի առնելով, որ դատական ակտի հրապարակումը եւս կազմում է գործի քննության հրապարակայնության բաղկացուցիչ մասը, «… սույն դիմումի հիման վրա եւ դրա շրջանակներում ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից կայացվող ցանկացած որոշում չհրապարակել ՀՀ Սահմանադրական դատարանի կայքէջում՝ հանրայնացնելով անձանց անհատականությունը եւ գործի փաստական հանգամանքները»։

Դիմողը գտնում է, որ նկատի ունենալով, որ օրենսդիրն օրենսգրքի 133-րդ հոդվածում նախատեսել է հայցի ապահովման մեկ միջոցը մյուսով փոխարինելու, հայցի ապահովման միջոցը ձեւափոխելու հնարավորություն, ապա նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը չի կարող այն աստիճանի չափազանցված ձեւական (excessive formalism) մեկնաբանության ենթարկվել, որ հայցի ապահովման միջոցի կիրառումը կամ վերացումը լինի վերաքննիչ բողոքարկման ենթակա, իսկ փոփոխությունը՝ ոչ։

Ըստ Դիմողի՝ իր քաղաքացիական գործի անհիմն ձգձգումների, չպատճառաբանված, Սահմանադրությանը եւ միջազգային փաստաթղթերին հակասող դատական մեկնաբանությունների պատճառով ավելի քան երկու տարի ինքը զրկված է իր որդու հետ որեւէ կերպ տեսակցելու իրավունքի իրացման հնարավորությունից։ Դիմողը նշել էր, որ նշված հարցի իրավաչափությունը վերաքննության եւ վճռաբեկության կարգով քննության առնելու հնարավորություն չընձեռելը հանգեցնում է իր՝ Սահմանադրությամբ եւ միջազգային փաստաթղթերով երաշխավորված՝ դատարանի մատչելիության, արդյունավետ դատական պաշտպանության, արդար դատաքննության, արդյունավետ իրավական պաշտպանություն հայցելու, ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի եւ անձեռնմխելիության, ծնողի եւ երեխայի իրավունքների պաշտպանության, հիմնական իրավունքների իրականացման կազմակերպական կառուցակարգեր նախատեսելու, համաչափության, որոշակիության, հիմնական իրավունքների էության անխախտելիության, միջազգային իրավական պրակտիկան հաշվի առնելու, երեխաների համար բարենպաստ պայմանների ստեղծման պետական քաղաքականության ապահովման խախտմանը։

Սահմանադրական դատարանը ՍԴԴԿՈ-44 որոշմամբ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ այս  գործն ընդունել է քննության, որպես պատասխանող կողմ է ներգրավել Ազգային ժողովին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

11.09.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930