Լրահոս
Օրվա լրահոսը

2025 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է նախորդ տարվա 150 կգ-ի համեմատ կրկնակի ավելի՝ 301 կգ թմրամիջոց

Սեպտեմբեր 12,2025 10:14

ՆԳ նախարարը հանձնարարել է ակտիվացնել հատկապես թմրամիջոցների մաքսանենգության և համացանցի միջոցով իրացման դեպքերի բացահայտման ուղղությամբ պայքարը

Սեպտեմբերի 10-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպում է ունեցել Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության անձնակազմի հետ։ Ներկա էին ՆԳ նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմերը։

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը ներկայացրել է թմրամիջոցների անօրինական շրջանառության հետ կապված հանրապետությունում տիրող իրավիճակը։ Ըստ ՆԳՆ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների՝ այս տարվա յոթ ամսում հանրապետությունում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված 2161 հանցագործություն, որոնց 59,3 տոկոսը Քրեական ոստիկանությանը վերաբերող դեպքեր են։ 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում հանրապետության իրավապահ մարմինների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում, ըստ փորձաքննությունների, ապօրինի շրջանառությունից առգրավվել է նախորդ տարվա 150 կգ-ի համեմատ կրկնակի ավելի՝ 301 կգ թմրամիջոց։ Ոստիկանության գնդապետը մանրակրկիտ ներկայացրել է նաև Քրեական ոստիկանության մարզային ստորաբաժանումների կատարած աշխատանքը։

ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության պետ Արթուր Զաքարյանը նշել է, որ այս տարվա ութ ամիսներին միայն վարչության 127 բացահայտումների արդյունքում ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 92 կգ թմրանյութ, թմրամիջոց պարունակող 1157 հաբ, հոգեմետ 33 դեղահաբ, կանեփի 77 բույս և 22 մլ պրեկուրսոր։ Վարչության ծառայողները բացահայտել են հանցավոր 15 խումբ, արգելափակել տելեգրամյան 30 հարթակ։
ՆԳ նախարարն ընդհանուր առմամբ դրական գնահատելով վարչության աշխատանքը՝ հանձնարարել է ակտիվացնել հատկապես թմրամիջոցների մաքսանենգության և համացանցի միջոցով իրացման դեպքերի բացահայտման ուղղությամբ պայքարը։ Արփինե Սարգսյանը նշել է, որ թեև մեր երկրում թմրամիջոցների զգալի մասը ներմուծվում է, անհրաժեշտ է ուշադրության կենտրոնում պահել և կանխարգելիչ գործողություններ ձեռնարկել հանրապետությունում թմրանյութի հնարավոր լաբորատորիաների գործունեության դեմ։

Նախարարը կարևորել է թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարում ինչպես իրավապահ այլ կառույցների և միջազգային գործընկերների, այնպես էլ ոստիկանական ստորաբաժանումների միջև սերտ համագործակցությունը։ Այս ուղղությամբ ՆԳ նախարարը կոնկրետ հանձնարարականներ է տվել։

«Մեր որդեգրած ռազմավարությանը համապատասխան են այս պահի արդյունքները, քանի որ կենտրոնացած ենք արտադրության և ներմուծման վրա և շարունակելու ենք այս տեմպը պահել։ Քրեական ոստիկանությունը պետք է զբաղվի մեծամասշտաբ դեպքերով՝ պետք է կտրի ներմուծման և իրացման շղթան»,- ասել է Արփինե Սարգսյանը։

ՆԳ նախարարը հանձնարարել է շարունակել մարզային ստորաբաժանումների թմրամիջոցներով զբաղվող մասնագիտացված բաժինների աշխատանքի մոնիթորինգը՝ գնահատելու դրանց արդյունավետությունը, ինչպես նաև կենտրոնական ապարատի հետ համագործակցությունը։ Նախարարը հանձնարարել է նաև շարունակել վերլուծությունը, հստակեցնել թմրաշրջանառության հավանական տարածքները և համակարգել այդ ուղղությամբ պարեկային ծառայության ու համայնքային ոստիկանության աշխատանքը։

Արփինե Սարգսյանը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել անչափահասների հետ տարվող աշխատանքը, կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել ամենօրյա ռեժիմով։

Արփինե Սարգսյանը կարևորել է նաև Հայաստանում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքը։

Շեշտելով կարողությունների շարունակական զարգացման անհրաժեշտությունը՝ քննարկվել են նաև ծրագրային նոր ապահովումների ձեռքբերման վերաբերյալ հարցեր։

ՀՀ ՆԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930