Լրահոս
Օրվա լրահոսը

2025-2026 ուս. տարում 1-ին դասարանում գործածության մեջ դրված «Այբբենարան» գիրք-տետրերում ծավալուն տեքստերի տեղակայումը նպատակահարմար չէ. ԿԳՄՍ պատասխանը՝ Sputnik Արմենիային

Սեպտեմբեր 12,2025 10:55

Ինչու այբբենարանում Մաշտոցի և գրերի գյուտի մասին տեղեկություններ չկան. ԿԳՄՍՆ–ի պատասխանը

Ըստ նախարարության` Մեսրոպ Մաշտոցի և Հայոց գրերի գյուտի մասին տեղեկությունները արտացոլված են տարբեր առարկաների բովանդակության մեջ և աշակերտները տարբեր դասարաններում դրանք ուսումնասիրելու հնարավորություն են ունենում։

2025-2026 ուսումնական տարում 1-ին դասարանում գործածության մեջ դրված «Այբբենարան» գիրք-տետրերում ծավալուն տեքստերի տեղակայումը նպատակահարմար չէ։ Այսպես է Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը պատասխանել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը` մեկնաբանելով վերջին օրերին քննարկման դարձած թեման։

Օրերս մանկավարժները, ծնողները սոցցանցերում մեծ աղմուկ էին բարձրացրել` նշելով, որ նոր այբբենարանում բացակայում է Մեսրոպ Մաշտոցի նկարը, չկա նաև հայոց գրերի գյուտի մասին տեղեկություն։ Քննադատությանն արձագանքեց գրքի հեղինակներից Աստղիկ Բալայանը` ընդունելով, որ Հայոց այբուբենը ստեղծողի նկարը պետք է լինի սովորողների առաջին դասագրքում, և ընդգծեց, որ այդ բացը կլրացվի այբբենարանի հաջորդ հրատարակությունում։

Պարզելու համար, թե ինչու այբբենարանում տեղ չեն գտել Մեսրոպ Մաշտոցի նկարը և հայոց գրերի գյուտի մասին տեղեկությունը, և արդյոք այդ հանգամանքը բավարար չէր, որպեսզի դասագիրքը բացասական եզրակացություն ստանար, գրավոր հարցում ուղարկեցինք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։

Գերատեսությունից մեզ պատասխանել են, որ գրերի գյուտին և Մեսրոպ Մաշտոցին առաջին դասարանում անդրադառնալու վերաբերյալ մեթոդական ցուցումներ տրված են ուսուցիչների համար նախատեսված ուսումնաօժանդակ ձեռնարկում, որն ապահովում է ոչ միայն մեթոդական աջակցություն, այլև ներկայացնում է հիշատակված թեմաների դասավանդման հստակ մոտեցումներ։

ԿԳՄՍՆ–ն ընդգծել է, որ հանրակրթության պետական չափորոշչի «Լեզվական կրթություն» և «Հայրենագիտություն» բնագավառներում մի շարք դասարանների կրթական ծրագրերում «Գրերի գյուտ» և «Մեսրոպ Մաշտոց» թեմաների ներառումը ծրագրային առաջնահերթություն է, և դրանց ուսուցումն իրականացվում է շարունակաբար։

«Գրերի ստեղծման թեման, որը համարվում է հայ լեզվամշակութային ինքնության հիմնասյուն, պետք է դասավանդման բաղկացուցիչ մաս լինի ոչ միայն «Մայրենի», այլև «Հայաստանի պատմություն» առարկայի շրջանակում։ Այս մոտեցումը փաստացի արտահայտված է մի շարք առարկայական ծրագրերում, մասնավորապես 5-րդ դասարանի «Մայրենի» առարկայի ծրագրում ներառված են լեզվամշակութային արժեքների և ինքնության վերաբերյալ թեմաներ, որոնց շարքում կարևոր դեր ունեն ազգային գրականությունն ու լեզվամտածողությունը։ 7-9-րդ դասարանների «Հայաստանի պատմություն» առարկայի բովանդակության մեջ չափորոշչային պահանջներին համահունչ՝ ընդգրկված են հայոց գրերի գյուտին, Մեսրոպ Մաշտոցի կյանքին և գործունեությանը վերաբերող թեմաներ՝ որպես հայ ինքնության և պատմամշակութային արժեքների ձևավորման առանցքային փուլ»,– ասված է պատասխանում։

Ըստ ԿԳՄՍՆ–ի` 9-րդ և բարձր դասարանների «Գրականություն» և «Հայ գրականություն» առարկայական ծրագրերում առանձին կարևորությամբ են ընդգծվում այն թեմաները, որոնք ներկայացնում են հայ գրավոր մշակույթի հիմքը՝ ներառյալ հայոց գրերի ստեղծման և դրա գաղափարական ու մշակութային ժառանգությանն անդրադարձը։

Գերատեսչությունը հիշեցրել է, որ առաջին դասարանցիների համար գրեթե պարտադիր կրթական ավանդույթ է դարձել այցելությունը Օշական՝ Մեսրոպ Մաշտոցի շիրիմին, Տառերի պուրակ, Մատենադարան։ Բացի դրանից, դպրոցներում ամեն տարի տառուսուցման մեկնարկին կազմակերպվում են տառերի և Մեսրոպ Մաշտոցի մեծարման միջոցառումներ, որոնք ընդգծում են գրերի խորհրդանշական նշանակությունը ազգային ինքնության ձևավորման մեջ։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930