Մարդու հիմնարար իրավունքներ. Վերադարձի իրավունք
Վերադարձի իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից է՝ հանդիսանալով մարդու ազատ տեղաշարժվելու և իր հայրենիքի ու համայնքի հետ կապը վերականգնելու անքակտելի բաղադրիչ։ Վերադարձի իրավունքը նաև սերունդների իրավունքն է և արդիական է այնքան ժամանակ, մինչև այն լիարժեք չի իրացվել։ Այն ամրագրված է ՄԱԿ-ի 1948 թ․ «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» 13-րդ (2) հոդվածում, ըստ որի՝ «Յուրաքանչյուր ոք ունի ցանկացած երկրից, այդ թվում՝ իր սեփականից, հեռանալու և իր երկիր վերադառնալու իրավունք»։
Վերադարձի իրավունքի համընդհանուր ճանաչումը հաստատվել է նաև ՄԱԿ-ի 1966 թ․ «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի» 12-րդ (4) հոդվածով, որը սահմանում է․ «Ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել իր սեփական երկիր մուտք գործելու իրավունքից»։ Այս դրույթը պարտադիր է բոլոր պետությունների համար, քանզի վերադարձի իրավունքը սովորութային միջազգային իրավունքի նորմ է։
Վերադարձի իրավունքը հատկապես կարևոր է բռնի տեղահանվածների և փախստականների համար, ովքեր հարկադրված են եղել լքել իրենց բնակության վայրը պատերազմի, էթնիկ զտումների, զանգվածային բռնությունների, ցեղասպանության կամ այլ ծանր խախտումների հետևանքով։
Կարդացեք նաև
Վերադարձի իրավունքը նրանց հնարավորություն է տալիս վերականգնելու իրենց խզված կապը հայրենի հողի, սեփականության, մշակույթի և համայնքի հետ, ինչը համարվում է մարդու արժանապատվության վերականգնման և արդարության հասնելու կարևոր պայման։ Վերադարձի իրավունքը կապված է սեփականության, ընտանիքի, մշակութային ինքնության հետ, ուստի դրա խախտումը հանգեցնում է համապարփակ և համակարգային խախտումների։
Վերադարձի իրավունքի իրացումը ենթադրում է երեք հիմնական սկզբունք․
1. Կամավորություն – վերադարձը պետք է լինի ամբողջությամբ կամավոր և առանց հարկադրանքի։
2. Անվտանգություն – պետությունները պարտավոր են երաշխավորել, որ վերադարձողներն ունենան ֆիզիկական անվտանգություն, պաշտպանված լինեն հետապնդումից, խտրականությունից և բռնությունից։
3. Արժանապատվություն – վերադարձը պետք է հնարավորություն տա վերականգնելու սեփականության իրավունքը, օգտվելու տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքներից և լիարժեքորեն վերաինտեգրվելու համայնքային և պետական կյանքին։ Վերադարձի իրավունքն իրագործողները պետք է ունենան հավասար իրավունքներ և չդառնան խտրականության զոհ։
Վերադարձի իրավունքի խախտումը մարդու հիմնարար ազատությունների խախտում է և կարող է որակվել որպես միջազգային իրավական պարտավորությունների խախտում։
ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն