«Մանթաշյանց» գործարարների ակումբը օրենքի նախագիծ է մշակել, որի նպատակն է ապահովել գործարարների իրավունքների պաշտպանությունը ՊԵԿ-ի եւ Քննչական կոմիտեի հետ հարաբերություններում, բացառել կալանավորումը եւ ունեցվածքի ապօրինի առգրավումը՝ որպես ճնշման միջեց եւ սահմանել արդար ու կանխատեսելի մեխանիզմներ հարկային եւ տնտեսական վեճերի դեպքում։
Այսօր հրավիրած ասուլիսում «Մանթաշյանց» գործարարների ակումբի համահիմնադիր եւ նախագահ Վահրամ Միրաքյանն ասաց, որ հարկային համակարգի կողմից բիզնեսի վրա քրեական գործեր բացելը դարձել է ճնշում գործադրելու լծակ։ «Իրենք սա որպես լծակ են օգտագործում՝ հաճախ հիմնվելով ինչ-որ չհիմնավորված կանխավարկածների վրա։ Ինչո՞ւ եմ ասում չհիմնավորված, որովհետեւ հետագայում ՊԵԿ-ն այդ գործերի մոտ 80 տոկոսը պարտվում է։ Գործընթացը հետեւյալ կերպ է տեղի ունենում՝ ՊԵԿ-ը գալիս է, ուսումնասիրում է, նախնական հարկային հաշվարկ է անում, եւ դրա հիման վրա ենթադրում են, որ այս բիզնեսը պայմանական 200 մլն դրամ հարկ է թաքցրել։ Գալիս են, բիզնեսին հարցնում են, բիզնեսն ասում է՝ ես համաձայն չեմ դրա հետ։ Քանի որ ՊԵԿ-ը գիտի, որ լծակ ունի, ասում է՝ շատ լավ, համաձայն չես, կշփվես քննչական մարմինների հետ։ Գործը տալիս է Քննչական կոմիտեին, քննչականը քրեական գործ է հարուցում, գալիս են ու ձերբակալում են ընկերության տնօրենին, գլխավոր հաշվապահին եւ այլն։ Բիզնեսը կամ այդ պահին վճարում է 200 մլն դրամը, կամ հետո դատի է տալիս, մեկ-երկու տարի հետո պարզվում է, որ բիզնեսը ճիշտ էր, այդ հարկային խախտումը ոչ թե 200 մլն դրամ էր, այլ 20 մլն դրամ։ Այդպիսի օրինակներն ու քրեական գործերը բազմաթիվ են։
Վերջին երկու տարիների ընթացքում մոտավորապես 2000 քրեական գործ է Հայաստանում հարուցվել բիզնեսի նկատմամբ։ Այսինքն՝ միջինում Հայաստանում տարեկան 1000 քրեական գործ են բացում բիզնեսի վրա։ Եթե համեմատության համար նշենք, ԱՄՆ-ում միջինում տարեկան 2500-3000 քրեական գործ են բացում բիզնեսի վրա, բայց ԱՄՆ տնտեսությունը մեզանից մեծ է հազար անգամ։ Այսինքն՝ ՊԵԿ-ը չարաշահում է իր լիազորությունները։ Եվ չարաշահման պատճառներից մեկն էլ այն է, որ փոխադարձ պատասխանատվություն չկա։ Այսինքն՝ երբ ՊԵԿ-ի տեսուչները սխալվում են իրենց նախնական հաշվարկում, իրենց մոտ ամենաթողություն է, երբեք որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվում իր սխալների համար։ Դա շատ խնդրահարույց է, քանի որ խանգարում է հետագա ներդրումներին։ Մենք բազմաթիվ օրինակներ գիտենք, թե ոնց են բիզնեսները փոշմանել ներդրումներ անել, ներդրումները տեղափոխել են այլ երկրներ։ Բայց ՊԵԿ-ը երկարաժամկետ չի մտածում տնտեսության մասին, ՊԵԿ-ը մտածում է գումարներ կորզելու մասին, եւ դա պետական ռեկետի գործիքի է վերածվում»,- ասաց Միրաքյանը։
«ԷԼ ԷՍ ԷՅ» փաստաբանական ընկերության փաստաբան Արսեն Սարդարյանն ասաց, որ իրենց մշակած նախագիծը երեք հիմնական հոդված ունի։ Առաջին հոդվածը վերաբերում է քրեական վարույթի շրջանակներում գործարարի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց միայն ծայրահեղ դեպքերում կիրառելուն։ Փաստաբանն ասաց, որ այսօրվա հարկային պրակտիկան այնպիսին է, որ քրեական հետապնդումը կարող է սկսվել նաեւ ենթադրյալ 10 մլն դրամ հարկային պարտավորությունը չկատարելու դեպքում։ «Առաջին կետում առաջարկվում է Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածում փոփոխություն կատարել, եւ քրեական հետապնդում սկսելու համար ոչ թե սահմանվի հստակ գումարային շեմ, ինչպես հիմա է՝ 10 մլն դրամ, այլ սահմանվի ընկերության վերջին երեք տարվա շրջանառության 10 տոկոսը, բայց ոչ պակաս, քան սահմանված որոշակի շեմ»,- նշեց փաստաբանը։
Կարդացեք նաև
Երկրորդ հոդվածը վերաբերում է նրան, որ գործարարների նկատմամբ կալանավորման գործիքը չարաշահվում է։ Նախագծով առաջարկվում է երաշխիք, որպեսզի այս պրակտիկան օրենսդրական կարգավորմամբ լուծվի։ «Մեր երկրում կալանավորելու համար երկու շեմեր պետք է հաղթահարի վարույթ իրականացնող մարմինը։ Մեկը պետք է ցույց տա, որ առկա է հիմնավոր կասկած, որ կատարվել է հանցագործություն։ Երկրորդ՝ պետք է ցույց տա որեւէ ապօրինի գործողության վտանգ։ Հիմա տնտեսական հանցագործությունների մասով ունենք հետեւյալ իրավիճակը՝ հարկային տեսուչը գնում, նախնական հաշվարկ է անում, նույնիսկ թույլ չեն տալիս, որ սրա վերաբերյալ տնտեսվարողն իր նախնական դիրքորոշումը ներկայացնի, մի հատ հսկայական թիվ են ներկայացնում, տնտեսվարողը զարմացած ասում է՝ էս ի՞նչ թիվ է, հաջորդ քայլով քննիչը հրավիրում է մոտը, մեղադրանք է առաջադրում նույն այդ նախնական հաշվարկի հիման վրա եւ տանում է դատարան։ Եվ դատարանում քննիչը ասում է՝ կա հաշվարկ, որ հարկ չի վճարվել, սա հերիք է, որ հիմնավոր կասկած կա, դատավորն ասում է՝ դե որ տեսուչը գրել է, ուրեմն կասկածը կա։
Անցնում են երկրորդ փուլ, ասում են՝ տնտեսվարող է, աշխատակիցներ ունի, ազդեցություն ունի, աշխատակիցներին ու հաշվապահին կասի՝ այսպիսի ցուցմունք տվեք, եւ այս տեսական ռիսկը 99․9 տոկոս դեպքերում դրվում է որպես կալանքի հիմք։ Խուլիգանը շատ ավելի պաշտպանված է կալանքի հնարավորությունից, որովհետեւ չունի աշխատակիցներ, բայց տնտեսվարողը ամենահարմար թիրախն է կալանավորման գործիքը կիրառելու համար։
Տնտեսական հանցագործություններով կալանավորման համար հետեւյալ առաջարկն ենք արել՝ եթե այդ ընկերությունը, որի հիմնադրին կամ տնօրենին մեղադրում են հարկերից խուսափելու մեջ, առերեւույթ ունի տնտեսական միջոցներ՝ ենթադրյալ վնասը հատուցելու համար եւ միաժամանակ չկա այդ անձի կողմից խափանման միջոցի խախտում, ապա կալանավորումը պետք է բացառել։ Այսինքն՝ թույլատրել կալանավորումը միայն այն դեպքում, երբ ենթադրենք ստորագրություն կամ գրավ են կիրառել, դրանից հետո ստույգ տվյալ ունեն, որ անձն ազդեցություն է փորձել կիրառել աշխատողների վրա»,- նշեց Արսեն Սարդարյանը։
Երրորդ կարեւոր խնդիրն այն է, որ գործարարների մոտ խուզարկությունների ժամանակ տեխնիկական միջոցները՝ որպես իրեղեն ապացույց, առգրավվում են։ Դա երկար ժամանակով տնտեսվարողերին զրկում է ծրագրային ապահովումից, աշխատանքը պարալիզացվում է։ Արսեն Սարդարյանը նշեց, որ նախագծով առաջարկում են հստակ ամրագրել, որ իրեղեն ապացույց է այն առարկան, որը հանցագործության մասին տվյալներ է պարունակում։ «Եթե դուք անհրաժեշտություն ունեք այդ տվյալները վերցնելու, ուրեմն ռեսուրս ունեցեք, եկեք դատարանի որոշման հիման վրա այդ տեղեկությունները քաշեք ձեր կրիչների վրա, տարեք, ինչքան ուզում եք, հետազոտեք։ Առաջարկվում է փոփոխություն անել՝ կրիչների առգրավման դեպքում, եթե չունեն հնարավորություն քաշելու, առավելագույնը երեք օրում դրանք պետք է վերադարձվեն, եւ իրեղեն ապացույցի մեջ պետք է գրվի, որ այս կրիչները պարտադիր պետք է վերադարձվեն։ Այսինքն՝ այնպիսի ձեւակերպումներ ենք առաջարկել, որ այս ոլորտում չարաշահումները բացառվեն»,- ասաց նա։
Վահրամ Միրաքյանը նշեց, որ պետական մարմինների, այդ թվում՝ ՊԵԿ-ի հետ քննարկել են այս խնդիրները։ Որոշ հարցերում իրենց հետ համաձայն են, բայց իրավիճակը չի փոխվում։ Հարցին, թե քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ են այս գործընթացում, Միրաքյանը պատասխանեց․ «Մենք չենք տեսնում քաղաքական ենթատեքստ, որովհետեւ այս գործունեությունը կար եւ մեկ տարի առաջ, եւ երկու, եւ երեք տարի առաջ։ Եվ համատարած է, ես չեմ տեսել դեպք, որ կոնկրետ գործարարի թիրախավորեն քաղաքական ենթատեքստից ելնելով։ Ավելի շատ պլան կատարելու միտում ունի սա, ՊԵԿ-ին ֆինանսական կատարման պլան են իջեցնում, ինքն այդ պլանը փորձում է կատարել պետական ռեկետով եւ հնարավոր բոլոր ձեւերով»։
Անդրադառնալով իրենց հետագա անելիքներին՝ Վահրամ Միրաքյանն ասաց, որ իրենց այս առաջարկությունները ներկայացրել են տարբեր նախարարությունների եւ Ազգային ժողով։ Քննարկումներ են ընթացքում իրենց նախագծի շուրջ։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ