Լրահոս
Օրվա լրահոսը

Պռոշյան համայնքը վերածվել է աղետի վայրի՝ 18 ժամից ավելի է՝ հոսանք չկա, մանկապարտեզներն ու դպրոցը չեն գործում, ապրանքը փչանում է խանութներում

Սեպտեմբեր 12,2025 16:15

Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում իսկական աղետ է: Բնակիչներն այդպես են բնորոշում իրավիճակը: Aravot.am-ին Պռոշյանի բնակիչները փոխանցեցին, որ սեպտեմբերի 11-ին 17:30 րոպեից հոսանքազրկվել է Պռոշյան համայնքը:

«Նշել են, որ պատճառը մալուխի վնասվածքն է, եւ յուրաքանչյուր երկու ժամը մեկ թարմացնում են տեղեկատվությունը, թե որ ժամին կվերականգնվի հոսանքը, այդպես հասել ենք մինչեւ սեպտեմբերի 12-ը: Հիմա էլ ասում են, որ կվերականգնվի 17:30-ին՝ այն էլ նախնականով: Մոտավորապես 18 ժամից ավել է՝ Պռոշյան համայնքում հոսանք չկա, դպրոցը եւ մանկապարտեզները չեն գործում: Խանութների սեփականատերերը մեծ վնասներ են կրում, քանի որ սառնարանային ապրանքները փչանում են»,-մեր զրույցում ասաց Պռոշյան համայնքի բնակիչներից մեկը:

Մի պռոշյանցի էլ նշեց, որ անգամ մարդկանց հեռախոսներն են լիցքաթափվել, եւ եթե որեւէ մեկը շտապ օգնության կարիք ունենա, անգամ զանգելու հնարավորություն չեն ունենա:

Փորձեցինք ՀԷՑ-ի կայքում տեղադրված հեռախոսահամարով կապվել Կոտայքի մարզը սպասարկող մասնաճյուղի հետ, սակայն, մեր բոլոր փորձերն ապարդյուն էին, քանի որ հեռախոսազանգերին պատասխանող չկար, իսկ 1-80 համարով զանգելու դեպքում ավտոմատը կրկնում է նույն տեքստը, որ վթար է գրանցված, եւ հոսանքը կվերականգնվի 17:30-ին, ինչին Պռոշյանի բնակիչներն այլեւս չեն հավատում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930