Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի՝ Հայաստան այցի առնչությամբ այսօր մի խումբ կուսակցական երիտասարդներ հավաքվել էին կառավարության շենքի դիմաց՝ իրենց բողոքն արտահայտելու թուրք բանագնացի հանդիպումների օրակարգն իշխանությունների կողմից գաղտնի պահելու դեմ:
-Մենք այսօր ուզում էինք հանդիպել թուրք բանագնացին եւ նրան ուղեկցել Ծիծեռնակաբերդ: Ուղեկցել ցեղասպանության թանգարան, Բաքվում պահվող մեր բոլոր հայ գերիների ընտանիքների անդամների հետ ծանոթանալու, ուղեկցել Եռաբլուր եւ ցույց տալ, թե ինչ վիճակ է իրականում Հայաստանում: Ցույց տալ, որ առանց միջազգային արդարության՝ այս տարածաշրջանում խաղաղություն չի կարող լինել ու այս տարածաշրջանում ցավը, պատերազմը, ցեղասպանական քաղաքականությունը Թուրքիան է բերել: Ուզում էինք հիշեցել Քըլըչին, որ 2020-ի պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի մասին խոսելիս արտահայտվում էր, թե Թուրքիան տարածաշրջան է գալիս նոր ցեղասպանության: Ասել, թե Փաշինյանն այսօր սթափ չէ, վարում է թուրքական քաղաքականություն, բայց հայ ժողովուրդը իրականությունը գիտի եւ գիտի, որ Թուրքիայի նպատակներն այս տարածաշրջանում առանց հայերի Հայաստան ունենալն է,- ասաց ՀՅԴ Երեւան քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Գոռ Սարգսյանը: Ի դեպ՝ մամուլում տեղեկություններ կան, որ նա վարչական շրջաններից մեկի ղեկավարի հարազատ եղբայրն է:
ՀՅԴ Երեւան քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Գոռ Սարգսյանը նաեւ նկատեց, որ Քըլըչը չի եկել հանդիպելու ՀՀ ներկայացուցիչների հետ, այլ հանդիպելու է եկել Թուրքիայի քաղաքականությունը կիսողների հետ: Նրա խոսքով՝ լավ կլիներ, որ թուրք բանագնացը ոչ միայն Փաշինյանի եւ նրա խմբի հետ հանդիպեր, այլեւ հայ ժողովրդի այն հատվածի հետ, որոնք իրականությունն են ներկայացնում:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ թուրք բանագնացի այցի նպատակը Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների կարգավորումն է: Քըլըչի այցով մտահոգված ակտիվիստների համոզմամբ՝ ակնհայտ է, որ ի սկզբանե կարգավորման այդ գործընթացն իրականացվում է Հայաստանի կողմից թուրքական նախապայմանների բավարարման համատեքստում՝ չհանգեցնելով իրական կարգավորման:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ