Լրահոս
Օրվա լրահոսը

Բրենդան Հանրահան. ՀՀ-ԱՄՆ փոխըմբռնման հուշագրի բովանդակությունը վկայում է այն մասին, որ տեխնոլոգիական ոլորտում առկա է երկկողմ համագործակցության մեծ ներուժ

Սեպտեմբեր 12,2025 19:07

Սեպտեմբերի 12-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի ավագ պաշտոնյա Բրենդան Հանրահանի գլխավորած պատվիրակությանը։

Նախարար Հայրապետյանը, ողջունելով պատվիրակության անդամներին, բարձր է գնահատել այցի կարևորությունը՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարության համար Հայաստան–ԱՄՆ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումն ու ամրապնդումը ռազմավարական առաջնահերթություն են։ Նախարարը նշել է, որ այցը դիտարկվում է որպես հարաբերությունների նոր որակի հաստատման կարևոր քայլ։

Հանդիպման ընթացքում Մխիթար Հայրապետյանը վստահություն է հայտնել, որ պատվիրակության այցը մեծապես կնպաստի օգոստոսի 8-ի՝ ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրով նախատեսված միջոցառումների արդյունավետ իրականացմանը։ Նախարարի խոսքով՝ այս համագործակցությունը լայն հնարավորություններ է ստեղծում Հայաստանի տնտեսության զարգացման տեսանկյունից։

Իր խոսքում Բրենդան Հանրահանը նշել է, որ ՀՀ-ԱՄՆ փոխըմբռնման հուշագրի բովանդակությունը վկայում է այն մասին, որ տեխնոլոգիական ոլորտում առկա է երկկողմ համագործակցության մեծ ներուժ։

Հանդիպման ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ, մասնավորապես, արհեստական բանականության ուղղությամբ ներդաշնակ քաղաքականությունների  մշակման հնարավորությունները, Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգում ներդրումների իրականացումը և չիպերի նախագծման, նույնականացման և թեստավորման կարողությունների զարգացումը։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ամերիկյան վերազգային ընկերությունների ներգրավվածության ընդլայնման, ներդրումների խթանման, արտահանման ընթացակարգերի պարզեցման, գիտահետազոտական (R&D) նախագծերի իրականացման, Firebird ընկերության՝ ԱԲ տվյալային կենտրոնի համար նախատեսված ենթակառուցվածքի համար արտահանման թույլտվության տրամադրման վերաբերյալ հարցերի և գործող լուծումների բարելավման շրջանակ:

Հատուկ ուշադրություն է դարձվել կիբեռանվտանգության և տիեզերական ոլորտներում համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև տեխնոլոգիական ոլորտում Հայաստան–ԱՄՆ հարաբերությունների հետագա զարգացման հնարավոր այլ ուղղություններին։

 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930