Ամիսներ առաջ իշխանական պատգամավորի՝ «վճարել և քիչ ծառայել» նախաձեռնությունը հանրության բուռն արձագանքին արժանացավ։ Շատերը պնդեցին, որ սա կխորացնի սոցիալական անհավասարությունը և կթուլացնի Զինված ուժերի հիմքերը։ Իսկ հիմա պաշտպանության նախարարությունն առաջարկում է կրճատել պարտադիր ժամկետային ծառայության ժամկետը՝ դարձնելով այն 18 ամիս։ «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ զրույցում անդրադարձել ենք առաջարկվող այս փոփոխությանը, իշխանության հիմնավորումներին, ինչպես նաև ռազմական բյուջեն չավելացնելու որոշմանը։
-Պարոն Խաչատրյան, որքան հասկացանք, Դուք ծառայության ժամկետի փոփոխությունը սխալ եք համարում։ Ինչո՞ւ:
-Նախ՝ կարող եմ ասել, որ նմանատիպ նախագիծը ոչ թե բարեփոխում է, այլ վտանգավոր արկածախնդրություն։ Այն հակասում է միջազգային փորձին, չի լուծում զինված ուժերի համալրվածության խնդիրները և մեծ հարվածի տակ է դնում պետության անվտանգությունը։ Հարավային Կովկասի նման անկայուն տարածաշրջանում Հայաստանի բանակի կրճատման մասին նույնիսկ խոսակցություններն անընդունելի են, և դրանք չեն կարող լինել պատասխանատու որոշումների արդյունք։ Գաղտնիք չեմ բացահայտի, եթե նշեմ, որ աշխարհն այսօր բազմաթիվ անորոշությունների և նոր վտանգների տուրբուլենտ փուլում է գտնվում։ Այն երկրները, որոնք ժամանակին հրաժարվել էին պարտադիր զորակոչից, այժմ վերադառնում են հենց այդ համակարգին։ Օրինակները բազմաթիվ են՝ լինեն դրանք եվրոպական, ասիական, թե ամերիկյան երկրներ։ Եթե կարճ նշեմ, աշխարհում երկրների պաշտպանական քաղաքականությունը շարժվում է ընդլայնման ուղղությամբ, իսկ Հայաստանը, գտնվելով ամենավտանգավոր տարածաշրջաններից մեկում, գնում է ճիշտ հակառակ ճանապարհով։ Կառավարությունը փորձում է հիմնավորել կրճատումը զուգահեռ պայմանագրային ծառայության «զարգացման» ծրագրով։ Բայց իրականությունն այն է, որ վերջին տարիներին զինված ուժերում ժամկետայինների ծառայությանը զուգահեռ համալրվածության բացերը մի կերպ լրացվում են պահեստազորայինների ու ԵԿՄ-ի միջոցով։ Դա նշանակում է, որ բանակն առանց այդ էլ դժվարությամբ է ապահովում մարտական հերթապահությունը։ Եվ այս խառը իրադրության պայմաններում մի հատ էլ նմանատիպ նախագիծ առաջ քաշել, կներեք, դա ոչ թե «բարեփոխում» է, այլ իշխանությունների կողմից վարվող հերթական վտանգավոր քաղաքականություն, որը կարող է անուղղելի հետևանքներ ունենալ երկրի անվտանգության համար։
Մեկ բան պարզ և ակնհայտ է, որ ամբողջ աշխարհը մեծացնում է պաշտպանական ծախսերը, իսկ Հայաստանի կառավարիչները փորձում են բանակը՝ իր միջոցներով ու հնարավորություններով, վերածել նվազագույնի հասցված կառույցի։
Կարդացեք նաև
-Իշխանություններն էլ իրենց հիմնավորումներն են բերում՝ նման քայլին գնալն արդարացնելու համար։ Օրինակ՝ որպես հիմնական փաստարկ բերվում է պայմանագրային զինծառայողների թվի ավելացումը։
-Արդեն թույլատրելիի սահմաններում վերը կարճ նշեցի՝ իշխանությունների ասելիքը «թղթի» վրա գրված հիմնավորումներ են, ու այն փաստարկը, թե պայմանագրային զինծառայողների թիվն ավելանում է, և դրանով կարելի է փոխլրացնել պարտադիր ժամկետային ծառայության ժամանակահատվածի բացը, առնվազն կեղծ է։ Այսօր պայմանագրային համակարգը, մեղմ ասած, դեռ շատ հեռու է այնպիսի ծավալ ու որակ ունենալուց, որ կարողանա, թեկուզ մասամբ, փոխարինել պարտադիր զորակոչին։ Եթե պետությունը հույսը պետք է դնի ներկա պահին համալրված կամ ապագայում համալրվող այս կարգի պայմանագրայինների վրա, որոնց մասնագիտական և բարձր պատրաստության աստիճանի մասին չեմ ուզում խոսել, ապա իրականում մենք ստանալու ենք ոչ թե բարձր որակով, այլ խայտաբղետ պատրաստությամբ զինված ուժեր։ Բանակի մարտունակության հիմքերի թուլացման ավելի արագ մեխանիզմ դժվար թե կարելի էր մտածել, երբ ամեն բան խառնում են իրար՝ վերջնարդյունքում ունենալով ավելի շատ խնդիրներ, քան լուծումներ։
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում