Լրահոս
Քառալեզու պատկերագիրք
Դոնդողատիպ մանդատ
Օրվա լրահոսը

Պայքարել, որ Հայաստանում լինի ոչ թե անընդհատ զիջումներով ու թղթե շերեփով ամրագրված խաբուսիկ խաղաղություն, այլ իրական, արժանապատիվ ու տևական խաղաղություն․ Գենադի Մնացականյան

Սեպտեմբեր 13,2025 13:13

Քաղաքական իմաստով Հայաստանը գտնվում է անվերջ թվացող ու մութ թունելի մեջ։ Թե ինչպես ենք հայտնվել այս մղձավանջի մեջ՝ թերևս բոլորը գիտեն, սակայն ինչպե՞ս և ե՞րբ պետք է դուրս գանք այս թունելից՝ առայժմ ոչ ոք չի կարող ասել։ Իշխանությունները խաղաղության թղթե շերեփն առել ու ծաղրում են ժողովրդին, իսկ խորհրդարանական ընդդիմությանն էլ ներշնչել են արդեն, որ իրենք էլ են իշխանության մաս կազմում։

Ի մխիթարություն հայերիս՝ արտախորհրդարանական ընդդիմության մի զգալի հատված բավականին ակտիվություն է ցուցաբերում, հատկապես՝ «Մեր ձևով» շարժումը։ Ինչպես երևում է շարժման համակարգող խմբի անդամների մարզեր կատարված այցերից, մարդիկ բավականին անկեղծ հարգանքով ու վստահությամբ են նրանց հետ շփվում։ Եվ դա հասկանալի է, որովհետև սա այն դեպքը չէ, երբ ինչ-որ մեկը «ծակ շալվարով» եկել ու երկրին է տիրացել, կամ «մաշված կոշիկներով» եկել ու հրեղեն ձի է հեծնել, և ո՛չ էլ այն դեպքն է, երբ «նիսյա գարեջուր» խմելով իշխանության են եկել ու մինչև հիմա դեռ չեն սթափվել։

Մարդիկ շատ լավ գիտեն, որ «Մեր ձևով» շարժման առաջնորդները բոլոր առումներով ավելի քան ինքնաբավ մարդիկ են։ Իմ կարծիքով հայ ժողովրդի պատկերացմամբ «Մեր ձևով» շարժումը հենց այն լույսն է, որը երևում է հայաստանյան քաղաքական դաշտի թունելի վերջում։ Այսպիսի մի կենցաղային ճշմարտություն կա․ Երբ քեզ մեկը խաբում է առաջին անգամ՝ դու մեղավոր չես, բայց երբ նույն մարդը քեզ խաբում է երկրորդ անգամ, ապա դու ես մեղավոր։ 2018 թվականին Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը տարբեր խոստումներով խաբեց ժողովրդին ու իշխանության եկավ։ Հակառակ մեր սպասումներին՝ նրանք  անմիջապես արդարության քողի տակ թաքնված հարձակվեցին արցախյան ազատամարտի հերոսների և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա, որից ժողովրդի մեծ մասը մեղսավոր հաճույք ստացավ ու շուտով կորցրեցինք Արցախը։

Հանցավոր անտարբերությամբ հետևեցինք նաև, թե ինչպես է պղծվում Ազգային ժողովի ամբիոնը, ինչպես են դպրոցներից վերացնում Փառքի անկյուններն ու ուսումնական ծրագրից դուրս հանում Հայոց Եկեղեցու պատմություն առարկան։ Խաբվեցինք, բայց համաձայն ասացվածքի՝ մեղքն իրենց վիզը։ Եկավ սխալը ուղղելու ժամանակը՝ 2021 թվականի ընտրությունները, բայց մենք նորից խաբվեցինք։ Արդյունքում հայաթափվեց Արցախը։ Հանդուրժում ու հանդուրժում ենք, մինչև ե՞րբ։ Քաղաքական իմաստով հույսներս դրեցինք խորհրդարան մուտք գործած ընդդիմադիր հատվածի վրա և այստեղ էլ խաբվեցինք։ Այժմ երկրորդ շրջանն է սկսվել։ Շարունակվում են հալածվել ազգային գործիչներն ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին։

Հետևանքներն արդեն կանխատեսելի են, ուստի նույն սխալը չի կարելի թույլ տալ ամեն անգամ։ Բնականաբար, ես չեմ կարող վստահաբար ասել, որ «Մեր ձևով» շարժումը հենց այն ուժն է, որը կարող է միայնակ դուրս բերել Հայաստանը այս քաղաքական ու տնտեսական խորը ճգնաժամից։ Կարծում եմ հասարակության մեծ հատվածը, ինչպես նաև շատ հասարակական ու քաղաքական ուժեր կմիանան «Մեր ձևով» շարժմանը։ Միասնական ուժերով անկասկած հնարավոր կլինի պայքարել այնպես, որպեսզի Հայաստանում լինի ո՛չ թե անընդհատ զիջումներով ու թղթե շերեփով ամրագրված խաբուսիկ խաղաղություն, այլ լինի իրական, արժանապատիվ ու տևական խաղաղություն։ Իսկ դա մենք կարող ենք անել համահայկական իմաստուն դիվանագիտության շնորհիվ և անպայման կարող ենք, որովհետև Աստված երբեք չի լքում իրեն ապավինածներին։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930