«Քանի դեռ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորված չեն, վերջնականապես հայ-թուրքական սահմանը չի բացվելու։ Թուրքիան էլ սահմանի բացման հետ զուգահեռ նոր պայմաններ է քննարկելու։ Այնպես որ, այս գործընթացը դեռևս բավականաչափ ջուր կվերցնի»,-Aravot.am-ի հարցին՝ հնարավո՞ր է խաղաղության հռչակագրի նախաստորագրման համատեքստում Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների՝ Երևանում կայացած 6-րդ հանդիպումից հետո որևէ առարկայական զարգացում լինի, այսպես պատասխանեց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը։
Նրա փաստմամբ՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները չեն կարգավորվել, դեռ սահմանագծում և սահմանազատում տեղի չի ունեցել, դեռ Ադրբեջանը պնդում է նախապայմաններ, ուստի այս պարագայում կարող ենք ասել՝ քանի դեռ հայ-ադրբեջանական հարաբերությունները չեն կարգավորվել, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին խոսք գնալ չի կարող․ «Այո, կլինեն հանդիպումներ, բայց Թուրքիան նշել է՝ քանի դեռ հայ-ադրբեջանական հարաբերությունները չեն կարգավորվել, հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսելն անիմաստ է։ Չեն կարող առանց հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորվել հայ-թուրքական հարաբերությունները»։
Մեր այն փաստմանը՝ օրեր առաջ ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ հենց վաղն էլ պատրաստ ենք ունենալ բաց սահմաններ Թուրքիայի հետ, հաստատել դիվանագիտական հարաբերություններ և հարցին՝ այս մոտեցումն իրատեսակա՞ն է, երբ դեռ Ադրբեջանի հետ հարցեր ունենք լուծելու, Մուշեղ Խուդավերդյանը պատասխանեց․ «Պատրաստ լինելը մի բան է, բայց թե′ Թուրքիայի, թե′ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորված չեն։ Դեռևս Ադրբեջանը պնդում է ՀՀ Սահմանադրության փոփոխության, անկլավների հարցը, Ադրբեջանի մեծ վերադարձի հարցը։ Ինչպես հայտարարել է Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելը, իրենք մի քանի գրոշանոց առևտրի համար չեն պատրաստվում ՀՀ-ի հետ սահման բացել»։
Հարցին՝ իսկ ի՞նչ է կարծում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հետ կապված հնարավո՞ր է առաջընթաց գրանցել, քանի որ ՀՀ-ի Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը հատուկ ներկայացուցիչները նաև պայմանավորվել են, որ երկու երկրների համապատասխան մարմինները կկատարեն անհրաժեշտ տեխնիկական ուսումնասիրությունները՝ Գյումրի–Կարս երկաթուղու և էլեկտրահաղորդիչ գծի վերականգնման ու գործարկման համար, թուրքագետը պատասխանեց․ «Այո, դա էլ ամբողջովին կապված է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ»։
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ Գյումրիից Կարս տանող երկաթուղով վերջին անգամ 1993-ին է գնացք անցել․ հայ-թուրքական պետական սահմանը հենց այդ տարի փակվեց։
Անդրադառնալով խաղաղության հռչակագրի նախաստորագրված տեքստին՝ Մուշեղ Խուդավերդյանն ասաց․ «Դա ոչ մի բան չի նշանակում․ ընդամենը Թրամփի փառասիրությունը բավարարելու համար ինչ-որ փաստաթուղթ էր, որն իրականում որևէ ուժ չունի, քանի դեռ վերջնական խաղաղության պայմանագիր չի ստորագրվել»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ