ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետին
ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենին
Արդարադատության նախարարության «Արմավիր» ՔԿՀ պետին
Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետին
Կարդացեք նաև
ՀՀ Արդարադատության նախարարին
ՀՀ Առողջապահության նախարարին
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին
ՀՀ գլխավոր դատախազին
ՄԵՂԱԴՐՅԱԼ ՍՏԵՓԱՆ ՍԱՄՎԵԼՅԱՆԻ ՊԱՇՏՊԱՆ
ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՑ
Դաժան` անմարդկային վերաբերմունքի մասին
Հարգելի գործընկերներ,
Սույնով դիմում եմ որպես Ստեփան Սամվելյանի փաստաբան, ով ներկայումս շարունակում է ապօրինաբար պահվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում։ Կրկին պարտավոր եմ Ձեր ուշադրությունը հրավիրել նրա առողջական վիճակի և կալանքի ընթացքում նրա իրավունքների խախտմանն ու նրա նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դրսևորմանը:
Ստեփան Սամվելյանը տառապում է երիկամային քրոնիկ անբավարարության 4-րդ աստիճանով, որը կալանքի ընթացքում բավարար բուժում չստանալու ու համապատասխան խնամք չտրամադրվելու պատճառով սրվել է և 2025 թվականի սեպտեմբերի 1-ին հասել է վերջին՝ տերմինալ փուլին։ Այս փուլում առանց հեմոդիալիզի նրա կյանքը անմիջապես վտանգված է։
Չնայած դրան՝ մինչ օրս իշխանությունները հրաժարվում են ապահովել այս կենսական նշանակության բուժումը։
Համաձայն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ ստորաբաժանման թերապևտիկ բաժանմունքի ղեկավարի` 03.09.2025 թվականին կողմից տրված տեղեկանքի և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի` 01.09.2025 թվականին կողմից տրված դուրսգրման էպիկիրիզի Ստեփան Սամվելյանի առողջական վիճակը ծանր է և նա տառապում է խրոնիկ երիկամային անբավարարությամբ` տերմինալ փուլ:
Այսինքն, նրա կալանքը առնվազն` անհամատեղելի է ՀՀ կառավարության 04.11.2021 թվականի N 1818-Ն որոշման 53-րդ կետով նախատեսված հիվանդության հետ:
Ստեփան Սամվելյանը ներկայումս գտնվում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, որը չի համապատասխանում բժշկական հաստատությանը ներկայացվող արդի պահանջներին, ինչը բազմիցս արձանագրվել է միջազգային և տեղական մարմինների կողմից: Մասնավորապես, Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն (ԽԿԿ)-ն 2024 թվականի նոյեմբերի 13-ին հրապարակել է Հայաստան կատարած այցի արդյունքներով զեկույց, որտեղ, մասնավորապես նշվել է. «Ինչ վերաբերում է Դատապարտյալների հիվանդանոցին, ապա այնտեղ կենսապայմանները 2019 թվականի պարբերական այցելությունից ի վեր ավելի են վատթարացրել, ամբողջ հաստատությունը գտնվում է խորը խարխուլ վիճակում (բացառությամբ հիվանդների սեփական ֆինանսական միջոցներով նախկինում վերանորոգված որոշ սենյակների)»:
Ամփոփելով՝ Դատապարտյալների հիվանդանոցի պայմանները առողջապահական հաստատությանը չեն համապատասխանում, և Կոմիտեն կոչ է արել Հայաստանի իշխանություններին շուտ փակել այն, իսկ մինչ այդ՝ դրա օգտագործումը սահմանափակել բացառապես այն դեպքերում, երբ քաղաքացիական հիվանդանոցներում հոսպիտալացման այլընտրանքային հնարավորություն առկա չէ։
Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի Հանրապետության համար միջազգային մոնիտորինգային եզրակացությունները պարտադիր բնույթ ունեն, իշխանությունները դրանք չեն իրականացնում: «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պահվում է մի մարդ, ով կանգնած է կյանքի կորուստի անմիջական վտանգի առաջ՝ առանց բուժօգնության, առանց բժշկական մշտական վերահսկողության և առանց անհրաժեշտ դեղորայքի տրամադրման։
Ոչ միայն Հայաստանի Հանրապետության կառավարության գործելակերպն է մտահոգիչ՝ Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի հանձնարարությունները չկատարելու առումով, այլ նաև Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան տիկին Անահիտ Մանասյանի՝ որպես տվյալ կառույցի անդամ-փորձագետ, ով չի հետևում այդ հանձնարարականների կատարմանը և շարունակում է իր պասիվ գործելակերպը։ Նա լուռ սպասում է՝ քաջատեղյակ լինելով Ստեփան Սամվելյանի առողջության վատթարացման մասին և տանջանքներին այն հաստատությունում, որի պայմանները առողջապահական հաստատությանը չեն համապատասխանում, ինչպես նշել է ԽԿԿ-ն, որի անդամ-փորձագետ է տիկին Մանասյանը:
2025 թվականի սեպտեմբերի 12-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ կայացած այցելությանս ընթացքում Ստեփան Սամվելյանը տեղեկացրեց ինձ ևս մեկ այլ խնդրի մասին։ Նրան տրամադրված միակ զուգարանն այսպես կոչված «թուրքական զուգարան» է՝ առանց զուգարանակոնքի, որը պահանջում է ցած իջնել և կանգնել կքանիստ դիրքում։
Սակայն, իր առողջական վիճակի՝ գլխապտույտի, մկանային թուլության, ոտքերի այտուցների և ցավերի պատճառով, նա գործնականում լիարժեք չի կարողանում օգտվել նման զուգարանից։ Նա չի ստանում ոչ մի օգնություն կամ այլընտրանքային լուծում (նստարանով զուգարան, շարժական աթոռ, բռնակի առկայություն)։
Ստեփան Սամվելյանն ինձ տեղեկացրեց, որ զուգարանից օգտվելու յուրաքանչյուր փորձի ժամանակ նրա գլուխը պտտվում է, և նա ի զորու չէ միայնակ՝ առանց օգնության, օգտվելու զուգարանից, որը չունի նստարան:
Նա ունի գլխապտույտ և հավասարակշռության խանգարում, որը պայմանավորված է երիկամային անբավարարության տերմինալ փուլում զարգացող ծանր նյութափոխանակային խանգարումներով և ինսուլտից հետո գլխուղեղի հիվանդությամբ։ Նման վիճակը կարող է բերել արյան ճնշման կտրուկ անկման, գլխապտույտի և թուլության, գետնին ընկնելու ու գանգի վնասվածքի և ուշագնացության։
Հաշվի առնելով վերը նշվածը՝ պահանջում եմ անհապաղ Ստեփան Սամվելյանին ապահովել իր առողջական ծանր վիճակին համապատասխան սանիտարական պայմաններով (նստարանով զուգարան, շարժական աթոռ, կամ անձնական օգնականի /խնամակալի/ աջակցություն) գոնե իր բանտախցում:
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ