Հարց Ալիեւին՝ իսկ մի՞թե խաղաղության հաստատմանը չեն խանգարում տարիներ շարունակ Բաքվում ապօրինաբար հայ գերիների պահումը, Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների պատանդառումն ու շինծու դատավարությունները, ՀՀ ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զորքերի չդուրսբերումը, «Արեւմտյան Ադրբեջան» կեղծ հայեցակարգը, որը բացահայտ ոտնձգություն է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ: Բերված փաստերը բնավ բոլորը չեն, բայց բավարար են՝ համոզվելու համար, որ նման պայմաններում իրական խաղաղության մասին ավելորդ է խոսել: Խաղաղության փաստաթուղթ նախաստորագրած անձը Վաշինգտոնից վերադառնալուց օրեր անց չէր հայտարարի, թե՝ «մենք պետք է ցանկացած պահի պատրաստ լինենք պատերազմի»:
Օգոստոսի 21-ի ելույթում Բաքվի բռնապետը կարեւորել է երկրի ռազմական հզորության մեծացումն ու անվտանգության երաշխավորումը, որի ուղղությամբ, ըստ նրա, պատշաճ միջոցներ են ձեռնարկվում. «Մեր երկիր են բերվել ամենաժամանակակից անօդաչու թռչող սարքեր, նոր հրետանային համակարգեր։ Ներկայումս պայմանագրեր են կնքվել նոր մարտական ինքնաթիռների համար, իսկ գործող ինքնաթիռները լիովին արդիականացվել են»,- պարզաբանել է Ալիեւը: Ճակատագրի հեգնանքով՝ նույն օգոստոսի 21-ին Երեւանում լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանը եւս անդրադարձել է անվտանգության համակարգին՝ հայտարարելով. «Հնարավոր է՝ 2026թ.-ին պետբյուջեում պաշտպանական ծախսերի էական ավելացում չլինի կամ, ընդհանրապես, չլինի»:
Մինչ Փաշինյանը, ապավինելով խաղաղության «թղթին», նպատակահարմար չի գտնում 2026-ի բյուջեում ավելացնել պաշտպանական ծախսերը, Ադրբեջանում պաշտոնապես հայտարարում են, որ արդեն ավարտվել է Հայաստան բնակության մեկնելու համար 100 հազարից ավելի, այսպես կոչված, «արեւմտյան ադրբեջանցիների» գրանցումը: Այսինքն՝ Բաքվի իշխանությունները զուգահեռաբար շարունակում են առաջ մղել «Արեւմտյան Ադրբեջան» ծրագիրը, որը ներառում է ՀՀ-ի ողջ տարածքը։ Ծրագրի վերջնական նպատակն է ժողովրդագրական պատկերի կտրուկ փոփոխությամբ հասնել Հայաստանի լիակատար բռնազավթմանը:
Աշխարհին ուղղված ծաղր է, երբ առավելագույնը 100-150 տարվա պատմություն ունեցող պետության ղեկավարը, որին չես ասի՝ անկիրթ է, փորձում է հավատացնել, որ առնվազն վեց հազարամյակների ճանապարհ անցած Հայաստանն է ադրբեջանական հողերի վրա հիմնավորվել, այլ ոչ թե հակառակը: Անպատկառությունն էլ, ի վերջո, պետք է չափ ու սահման ունենա:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երեւանից» թերթի այս համարում