Ազգային ժողովրդավարության ինստիտուտի հայաստանյան գրասենյակի կանանց հզորացման ծրագրերի ղեկավար Լաուրա Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը
Վերջին առավել քան վեց տարիներին աշխատել եմ կին քաղաքական գործիչների հետ և գործունեությանս մեծ մասը նվիրված է եղել քաղաքականության մեջ կանանց մասնակցության և առաջնորդության խթանմանը:
Ցավով եմ փաստում, որ վերջերս ականատես եղանք կին քաղաքական գործիչ, պատգամավոր Թագուհի Թովմասյանի նկատմամբ բռնության: Այո’, բռնության: Ցավոք իրազեկվածության պակասի արդյունքում շատերը ճիշտ բառամթերքով չորակեցին իրադարձությունները` առավել խորացնելով կարծրատիպային ընկալումներն ու խտրականությունը: Ինչպես ընդունված է միջազգային ստանդարտներով, կին քաղաքական գործիչներին և նրանց քաղաքական գործունեությունը սահմանափակելուն ուղղված սեռական բնույթի նվաստացուցիչ ցանկացած ակնարկ ու սեքսիստ արտահայտություն հոգեբանական բռնություն է նրանց նկատմամբ: 2018 թվականին ԵԽԽՎ-ի և Միջխորհրդարանական միության իրականացրած հարցման արդյունքներով պարզվել է, որ հարցված կին պատգամավորների 85.2%-ը իրենց պաշտոնավարման ընթացքում ենթարկվել են հոգեբանական բռնության:
Ես դատապարտում եմ կին քաղաքական գործիչների, հատկապես կին պատգամավորների (անկախ թե որ քաղաքական ճամբարից են) նկատմամբ բռնությունը իր բոլոր դրսևորումներով և կոչ անում կանխարգելող մեխանիզմներ ստեղծել: Որևէ պատճառաբանություն չի կարող արդարացնել կին քաղաքական գործիչների նկատմամբ բռնության տարբեր տեսակները: Սա հատկապես կարևոր է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, որպեսզի կանանց համար ստեղծվի ապահով և խտրականությունից զերծ միջավայր քաղաքական մրցապայքարին մասնակցելու և հաջողելու համար:
Կարդացեք նաև
Չարդարացնելով Թագուհի Թովմասյանի` Արթուր Հովհաննիսյանին ուղղված թմրամիջոցների դեմ թեստավորման պահանջը (ինչը նկատենք, որ եղել էր ի պատասխան կին պատգամավորի հանրային և քաղաքական գործունեության խոչընդոտման, ինչն ինքնին հոգեբանական բռնության մի ձև է), ցանկանում եմ անդրադառնալ նաև պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի ՀԺ լրատվամիջոցին տրված վերջին հարցազրույցի մի շարք առանցքային կետերին: Ի պատասխան լրագրողի հարցին, նա նշում է, որ «…սեռով պայմանավորված որևէ խտրականություն չկա…»: Մեջբերեմ իր հայտնի հարցազրույցից. «Բարոյականության սահմանները չանցնի… կնոջը ոչ հարիր… նստի իր տեղը… չափի իր բարոյականությունը»: Իր արած այս արտահայտությունները կանանց նկատմամբ վերբալ բռնության և սեռական հիմքով խտրականության ու խտրական խոսույթի ամենահայտնի օրինակներից են:
ՀԺ-ին տրված նույն հարցազրույցում նա նշում է. «…Քաղաքականության մեջ, պատգամավորների մեջ այսպես ասած սեռային տարբերություններով պայմանավորված մենք տարբեր լիազորություններ չունենք..»: Այո պարոն Հովհաննիսյան, չունեք տարբեր լիազորություններ, բայց ցավոք ունեք տարբեր հնարավորություններ, ինչի վառ ապացույցն է Ազգային ժողովի ղեկավար կազմում կանանց գրեթե բացակայությունը (չհաշված Հերիքնազ Տիգրանյանին և Ծովինար Վարդանյանին): Չնայած ԱԺ-ում արդեն գրեթե 40% ներկայացվածությանը, կին պատգամավորները չեն զբաղեցնում առաջնորդ դերեր ու պաշտոններ խորհրդարանում կամ իրենց խմբակցություններում: Եվ պատճառներից կարևորագույնն էլ կին քաղաքական գործիչների հենց նման թիրախավորումներն են, որ պետք է դատապարտվեն, որ կանխարգելվի:
Քաղաքականությունը պետք է բաց լինի կանանց համար և կին պատգամավորները, հատկապես իրենց գործունեությամբ ակտիվ և աչքի ընկնող, չպետք է ենթարկվեն բռնության և թիրախավորվեն: Ես միանում եմ Parliamentary Assembly of the Council of Europe-ի և Inter-Parliamentary Union-ի նախաձեռնած #NotInMyParliament արշավին և վերահաստատում, որ խորհրդարանները պետք է գենդեր-արձագանքող ժողովրդավար հաստատությունների օրինակ ծառայեն` հանդուրժողականություն չդրսևորելով սեքսիզմի և գենդերային հիմքով բռնության նկատմամբ:
Այս խնդիրն, իհարկե, վկայում է նաև մեր հասարակության մեջ խորը արմատացած գենդերային անհավասարության և խտրականության մասին, ինչպես նաև կանանց ու կանանց իրավապաշտպաններին թիրախավորելու: Եվ այս համատեքստում բոլոր նրանց, ովքեր ջանք ու եռանդ չխնայեցին այս ընթացքում կանանց իրավապաշտպաններին քննադատելու և իբրև թե արձագանքի բացակայությունը փաստելու, կոչ եմ անում երբեմն գոնե հետևել նրանց գործունեությանը (վստահ եմ` օգտակար կլինի) և հերթական մանիպուլյացիաներով չզբաղվել: Որպես օրինակ, ստուգեք ամենահայտնի ու կայացած Women’s Resource Center, Armenia, Կանանց ռեսուրսային կենտրոն-ի էջը, ձեր «մտահոգությունները» հաստատ կփարատվեն:
#CondemnVAWiP