Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Կարապետյանի ուղերձը ԱԱԾ մեկուսարանից. «Մեր ձևով» շարժումն իր առաջ տարբեր առաջնահերթ խնդիրներ է դրել

Սեպտեմբեր 15,2025 09:50

Սամվել Կարապետյանի ուղերձը ԱԱԾ մեկուսարանից

15 սեպտեմբերի, 2025թ․

Սիրելի՛ հայրենակիցներ,

«Մեր ձևով» շարժումն իր առաջ տարբեր առաջնահերթ խնդիրներ է դրել. հոգևոր արժեքների պաշտպանություն, նոր տնտեսության ձևավորում, բազմաթիվ աշխատատեղերի արագ ստեղծում, գյուղատնտեսության դինամիկ զարգացում և այլն։ Հայկական ավանդական ընտանիքի նկարագրի պահպանությունը ու դրա բարեկեցության ապահովումը առանցքային է այս խնդիրների շարքում, ու անպայման լուծում է ստանալու։ Չկա ժողովրդի ու պետության համար ավելի մեծ հաջողություն, քան ունենալ բազմաթիվ բազմազավակ ընտանիքներ, որոնք ունեն լավ կյանքի համար բոլոր պայմանները, որոնց երեխաներն առողջ են, կրթված են ու պատրաստ են կառուցել երկրի լավ ապագան։

Ցավոք, այսօրվա Հայաստանում նման ընտանիքների քանակը չափազանց քիչ է, ժողովրդագրական ցուցանիշները կատաստրոֆիկ են, ու մենք պետք է անենք ամեն հնարավորը այս վտանգավոր իրավիճակից դուրս գալու համար։

Նախ, մեր երիտասարդ ընտանիքները պետք է առողջ լինեն ու հնարավորություն ունենան առանց ընտանեկան բյուջեն սնանկացնելու հետևել թե՛ իրենց վերարտադրողական առողջությանը, թե՛ առողջությանն ընդհանրապես։ Պետությունը պետք է ու պարտավոր է ապահովել այդ հնարավորությունը՝ առանց որևէ վերապահման։ Պետությունը պետք է ու պարտավոր է ծնողների հետ միասին հոգալ լույս աշխարհ եկող յուրաքանչյուր հայ երեխայի ծախսերը, ինչը լրջորեն կխթանի ծնելիությունը։

Երիտասարդ ընտանիքը պետք է հնարավորություն ունենա բարելավել իր բնակարանային պայմանները, ու պետությունն այստեղ ևս պետք է լուրջ դերակատարություն ունենա։ Մեր երիտասարդ ծնողները աշխատանքի ընդունվելիս կամ բուհ ընդունվելիս պետք է օգտվեն բազմազան արտոնություններից։ Վերջապես, մեր պատվարժան տարեցները, մեր մեծերը պետք է հնարավորություն ունենան վերականգնել իրենց առողջությունը առանց մտավախության, որ կարող են բեռ դառնալ իրենց զավակների ընտանեկան բյուջեի վրա։ Հայաստանի որևէ քաղաքացի երբեք չպետք է զրկվի առողջությունը պահպանելու հնարավորությունից՝ գումարի բացակայության, կամ պակասի պատճառով։

Մենք նման ծրագրեր ավելի փոքր ծավալով մշակելու և իրագործելու փորձ արդեն ունեցել ենք: Շարժումը համապատասխան աշխատանքներ է տանում այս բոլոր հարցերին ծրագրային ֆունդամենտալ լուծումներ գտնելու և արդեն շատ մոտ ապագայում կյանքի կոչելու համար։

Անելու ենք՝ մեր ձևով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930