Ինչպես հայտնել ենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀանդԱրտ մշակութային այգում ներկա է գտնվել «Ցանկապատ» բացօթյա ներկայացմանը: Այն բեմադրվել է Ստեփան Զորյանի համանուն պատմվածքի հիման վրա։ Սցենարի հեղինակը և ռեժիսորը Տիգրան Գյուլումյանն է:
Ներկայացումից հետո Նիկոլ Փաշինյանը հարցրել է դերասաներին, թե ներկայացումը խաղալով նրանք ինչ փոխանցեցին հանդիսատեսին։
«Ես որպես հանդիսատես ուզում եմ իմանալ՝ դուք ինձ ինչ ասացիք, ինչ փոխանցեցիք։ Այ, դուք ինչ հասկացաք այս պատմությունից, իմ հետևությունն արել եմ, բայց ես չհասկացա՝ դուք ինչ ասեցիք, ինձ ձեր ներկայացումը շատ դուրս եկավ, վաղուց այսքան լիաթոք չէի ծիծաղել, այսքան մեծ գեղագիտական հաճույք չէի ստացել, բայց ուզում եմ հասկանալ, վերջը ինչ ասացիք ինձ»։
Դերասան Տիգրան Գյուլումյանն արձագանքել է․ «Ներկայացման մեջ մի տող կա, երբ որ գյուղապետը հնչեցրեց, երբ որ խոսում էինք հայրենիքի, հողի, պետության արժեքի համար, հողը պատկանում է նրան ով գիտի դրա արժեքը։ Ես ուզում եմ, որ մենք յուրաքանչյուրս նախ և առաջ հայրենասիրությունից, պետությունից, երկրից խոսալուց առաջ իրականում արժեքավորենք դրան, տեր լինենք»։
Կարդացեք նաև
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իր կարծիքով հենց այդտեղ է ամբողջ իմաստը, որ նրանք ցանկապատների մասին խոսեցին, և ասացին՝ չկա առաջնորդ, որ քանդի ցանկապատները և սարքի մեկ Հայաստան։
«Ամբողջ պրոբլեմը դա է, որ մեկ Հայաստան սարքելու համար պետք է ոչ թե ցանկապատները քանդի, այլ ցանկապատ դնի, որովհետև երբ որ չկա ցանկապատ, չկա Հայաստան, որովհետև երբ դու ցանկապատը քանդում ես, և ասում ես՝ գիտես որ այն կողմը Հայաստան է, այն կողմն էլ է Հայաստան, այն կողմն էլ, այդ ցանկապատը, ուշադիր եղեք, ոչ միայն մեզ է պահում, ոչ միայն մեզ է սահմանափակում, այլ՝ ուրիշներին։
Այսօրվա մեր կյանքը, մեր քաղաքականությունը, մեր ռազմավարությունը տալիս է ներկայացման հարցի պատասխանը։ Պետք չէ ցանկապատը քաշքշել։ Պետք է ֆիքսել։ Դրա համար կա պետություն, կա կադաստր, կա ժառանգության իրավունք և այլն։
Իսկ Հայաստան ունենալու համար պետք է ցանկապատ և ոչ թե քանդել։ Երբ որ մենք ցանկապատը քանդում ենք, մեր Հայաստանը ոտի տակ է հայտնվում, ինչու, որովհետև շատ ճիշտ նշեցիք, մի պատճառով, մենք կարող ենք լինել ուժեղ, բայց ումից ուժեղ, քանիսից ուժեղ, քանի գերտերությունից ուժեղ, հետևաբար մենք պետք է առաջինը մեր ցանկապատները քաշենք և այսօրվա մեր կառավարության քաղաքականությունն է դնել, ամրացնել այդ ցանկապատը և չափսոսալ, որ այդ ցանկապատը մեզ սահմանափակում է, որ մենք անցնենք ցանկապատի այդ կողմը, այլ ֆիքսել, որ այդ ցանկապատը սահմանափակում է ուրիշներին անցնել այս կողմը։
Ինձ ամենաշատը զարմացնում է այն, որ մենք գալիս ենք Բյուրականում նստում ենք և լացում ենք Արևմտյան Հայաստանը։ Ու չենք նկատում, որ Բյուրականը ինքը Հայաստան է», – ասել է Փաշինյանը։
«Ամենամեծ ուղերձը ներկայացման դա էր, պարոն վարչապետ։ Այսինքն նրանք այդ մետրի համար վիճում են, բայց գլոբալ հարցեր կան, որոնք անտեսում ենք, մնում են առանց ոչ մի բանի», – արձագանքել է դերասան Մկրտիչ Արզումանյանը։
«Մենք այս ունենք, բայց աչքներս տնկել ենք այն Հայաստանը, այն Հայաստանը, որը չկա։ Եվ նաև ուղերձը՝ այդ մի Հայաստան ստեղծելու գաղափարի մեջ է», – ավելացրել է դերասան Տիգրան Գյուլումյանը։
«Դուք իմ հարցին պատասխանեցիք, շնորհակալ եմ պատասխանի համար», – եզրափակել է Փաշինյանը։
Փաստաբան, «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան գրառմամբ նշում է.
«Մկրտիչ Արզումանյանի և իր գործընկեր դերասանի՝ Նիկոլի առաջ արդարանալու փորձերը ինձ ամենաքիչն են հետաքրքրում։
Ամենակարևորն այն է, որ նիկոլյան իշխանությունն արդեն անցնում է մեկ այլ վտանգավոր սահման․ սկսում է խմբագրել ոչ միայն քաղաքական իրականությունը, այլև գեղարվեստական բեմադրությունները։ Երբ արվեստագետը ստիպված է իր ստեղծագործությունը համապատասխանեցնել իշխանական ճաշակին կամ քաղաքական պահանջին, դա արդեն ազատության ոչ թե սահմանափակում, այլ՝ բռնազավթում է։
Կարող ենք հաստատապես պնդել, որ «Մտքի ոստիկանության» գաղափարն այլևս գրական մետաֆոր չէ, այլ իրական գործընթաց։
Սա է խնդիրը․ ոչ թե դերասանի արդարացումը, այլ այն, որ իշխանությունը սկսում է թելադրել՝ ինչ մտածել, ինչ ասել և ինչ ստեղծել»։
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան գրառմամբ նշում է.
«2018թ.-ին Արցախ ազատագրողի պարգեւից հրաժարվում էին, իսկ այսօր Արցախ հանձնողի հետ լուսանկարվում են։
Նիկոլ, ցանկապատ դնելով, աննախադեպ չես դառնա։
Քեզնից 2 հազար տարի առաջ Արտաշես Բարեպաշտ /Ք.Ա. 189-160/ արքան սահմանաքարերը վաղուց տեղադրել է։
Քո կադաստրի վկայականն ու ցանկապատդ պահի քեզ, թե բա՝ «Կիրանցի ցանկապատից այն կողմ հայրենիք չկա»։
Հայրենիքը Աստված է ազգերին տալիս, իսկ քո նմանները հայրենիքի սահմանները փոքրացնում են ու հպարտանում են դրանով։
5 հազար հայորդիներն էին խանգարո՞ւմ ցանկապատիդ, թե՞ 140 հազար արցախահայերը։
Հայրենիքի սահմանը փոքրացնում ես, ցանկապատ ես տեղադրում ու դասեր ես տալիս «դերասաններին»։
Բա դրանք, դրել արդարանում են… մենք սա նկատի ունեինք, նա նկատի ունեինք, 1920թ.-ի մասին է բան ման…
Ամոթ է, արա, ամոթ։
2018թ.-ին էիք առյուծ կտրել, պետական պարգեւներից էիք հրաժարվում։
Բա թասիբ ունենայիք ու հարցնեիք, էդ ո՞նց եղավ 2019թ.-ի օգոստոսին Ստեփանակերտում գոռում էիր Արցախը Հայաստան է եւ վերջ, իսկ այսօր Արցախը հանձնել ես թշնամուն եւ եկել ես ցանկապատովդ ես պարծենում։
Բա մեկդ խոսեիք Բաքվի բանտերի հայ գերիներից։
Թե՞ դրա մասին խոսելը թրենդային չէ ձեզ համար։
Նայում եմ ձեզ ու մտածում, որ Նիկոլն էլ է ձեզ շատ»:
«ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան գրառմամբ նշում է.
«Վարչախմբի պարագլուխը Բյուրականի ՀանդԱրտ այգում «Ցանկապատ» ներկայացումը դիտելուց հետո կոպտագույն ձևով խախտել է մշակութային միավորման ստեղծագործական ազատությունը՝ իր պարտվողական, հանձնվողական ու հակազգային հայեցակարգը փորձելով պարտադրել, որպեսզի ներկայացման ուղերձի մեջ դրվի այն գաղափարը, որ անիմաստ ու անպետքական է Արցախի մասին մտածելը, երազելը։
Արցախ կամ Ղարաբաղ բառն իհարկե նա չի օգտագործել, սակայն պարզ ու հստակ ասել է, որ իր «իրական Հայաստանից» դուրս չպետք է հայրենիքի մասին երազել։ Երկու տարի առաջ հայաթափված Արցախը, բնականաբար, չի մտնում նրա «իրական Հայաստանի» մեջ․․․ ու հիմա էս հայրենադավը փորձում է անգամ մշակութային ստեղծագործությունների բովանդակությունը խմբագրել տալ ըստ իր պիղծ մտքերի․․․
Ամենացավալին էն ա, որ էս հայրենադավի խոսքերի տողատակերի գիտակցումը չկա․․․․ էն, որ եթե մի օր, Աստված մի արասցե, «իրական Հայաստանը» դառնա 10 հազար քառ կմ, ապա սրա նման ուղերձն էն ա, որ էդ պոկված 20․ հազար քառ կմ-ի մասին էլ չպետք է մտածենք…»: