«Չէիք կարո՞ղ հարցում անել ԿԸՀ, տեսնել, որ 2017-ին Տիգրան Ավինյանը հանձել է հայտարարագիր, երբ Լոնդոնից մի երկու-երեք տարի առաջ էր վերադարձել, որտեղ ընտանիքի հաշվին էր ուսանել, իր կինն էլ էր ընտանիքի հաշվին ուսանել, իր եղբայրը կրկին իր ընտանիքի հաշվին էր Իսպանիայում սովորել։ Կներեք տգեղ մանրամասնությունների համար, բայց 19-ամյա Տիգրան Ավինյանը, նստած իր Մերսեդես ջիփի մեջ, չէր մտածում, որ ինքը ֆինանսական հաջողությունների խնդիր ունի։ Տիգրան Ավինյանի հայրն էլ չէր մտածում, որը որևէ մրցույթի տենդերի չի մասնակցել։ Կարամ գնամ՝ մինչև պապուս հասնեմ»,- լրագրողների դիտարկմանը՝ իր, իր ընտանիքի բիզնեսները աչք չէին ծակի, եթե այդ ամենը իր քաղաքական կարիերային զուգահեռ ձեռք բերված չլիներ, մամուլի ասուլիսի ժամանակ այսպես արձագանքեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Ըստ նրա՝ այս մանիպուլյացիան, որ տեղի է ունեցել յոթ տարի՝ կաթ-կաթ մինչև քարը ծակի, նրա համար է, որ ներկայացնեն, թե Տիգրան Ավինյանը սոված էր, ոչ մի բան չուներ․ «Ո՞նց է Լոնդոնում սովորել, ավտոմեքենան որտեղի՞ց, առանձնատուն, տասնյակ հեկտարներով հողեր որտեղի՞ց։ Ասեմ որտեղից՝ արդար քրտինքով աշխատած՝ մինչև 2018-ը»։
Տիգրան Ավինյանը վստահեցրեց՝ իրենց ընտանիքի որևէ բիզնես նախաձեռնություն կապ չունի ոչ համայնքի, ոչ էլ պետության հետ, առավելագույնը որոշ դեպքերում նաև ՀՀ-ի հետ։
Կարդացեք նաև
Լրագրողների այն դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը ԱՆԻՖ-ի գործարքի համար պատրաստվում է նախընտրական ժամանակահատվածում «զոհաբերել» Տիգրան Ավինյանին, Երևանի քաղաքապետը ծիծաղով պատասխանեց․ «Յոթ տարի է՝ զոհաբերվում եմ, անընդհատ չի լինում, զոհասեղանին տեղ չեմ հասնում»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ