Լրահոս
Օրվա լրահոսը

Այցելություն իրանահայ ճանաչված դերասան Կիտուշ Արզույանին

Սեպտեմբեր 15,2025 16:44

Իրանահայ դերասան և բեմադրիչ Կիտուշ Արզույանը տարիներ է, որ իր զավակների և թոռների հետ բնակվում է Հայաստանում։ Նա ավելի քան քառասուն տարի եղել է Թեհրանի Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպության անդամ, մասնակցել է թատերական աշխատանքներին․ եղել է դերասան, ապա նաև բեմադրիչ․ համայնքային կյանքում ևս շատ գործունյա է եղել։ Տիկին Արզույանը դեր է ստանձնել նաև անվանի բեմադրիչ Արամայիս Աղամալյանի բեմադրած «Ոտքի դատարանն է գալիս» (1983 թ. տանտիրուհու դերում) և «Մեծ լռությունը» (1984 թ. Իսկուհու դերում) պիեսներում։ Այդ բեմադրություններն աննախընթաց ընդառաջում գտան Իրանում և յուրաքանչյուրը բեմադրվեց քառասուն օր։

Կիտուշ Արզույանը հետագայում նշված պիեսների հեղինակ Պերճ Զեյթունցյանի գործերից առանձին կերպով բեմադրել է «Աստծո տասներկու օրը» (2001 թ.)։ Նա 1972-1996 թվականների ընթացքում մասնակցել է 15 բեմադրության, իսկ մինչև իր Հայաստան տեղափոխվելը (2003 թ.) բեմադրել է 24 պիես։

Իր դերակատարությամբ պիեսներից են նաև Լևոն Շանթի «Ուրիշի համար»-ը, «Եսի մարդը»-ն և «Հին Աստվածներ»-ը, Վիլիամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է», Մուշեղ Իշխանի «Մեռնիլը որքան դժվար է», Չեխովի «Շնիկով տիկնիկը» և Ֆրանս Վերֆելի «Մուսա լեռան 40 օրերը»։

Կիտուշ Արզույանի բեմադրած գործերից են Մուշեղ Իշխանի «Կիլիկիո արքան», «Պարույր Հայկազն և Մովսես Խորենացին» և «Ցուցափեղկին աղջիկը», Մուշեղ Գալշոյանի «Մամբրե արքան», Հակոբ Կարապենցի «Մարգարիտը» և «Պատուհանը», Լևոն Շանթի «Ճամբուն վրա»ն, Դորենմաթի «Ֆիզիկոսները» և Ռոբեր Հատտեճյանի «Կիրակնօրյա հաշվեփակ»-ը։

Տիկին Արզույանը 2010 թվականին Երևանում հրատարակել է իր հուշերի գիրքը «Հայելիներ» վերտառությամբ, որտեղ ամփոփված են իր հրապարակախոսական և քննադատական նյութերը, թատերական գործունեությանը վերաբերող ակնարկներն ու նամակները։ Նա իր անցյալի հուշերի մասին գրում է․ «Վազգեն Շուշանյանն ասել է՝ «Հիշատակը մեր միակ ապավենն է»։ Իմ ամբողջ կյանքը հուշերով լի է, անձամբ միշտ փայփայում եմ այդ հուշերը և ապրում եմ դրանցով․ մանկությունից սկսած մինչև այսօր, հուշերս լցնում եմ իմ հոգին և ինձ ավյուն են ներարկում» (էջ 21)։

Մուշեղ Իշխանի (արևմտահայ գրող, դրամատուրգ՝ 1913-1990 թթ․) գործերի թեհրանյան բեմադրությունների առիթով հեղինակը 15 մարտի 1982 թ․ տիկին Արզույանին գրում է․ «Ուզեցի առանձին երկտողով մը ձեզ շնորհավորել այն մեծ աշխատանքին համար, որ կատարած եք «Կիլիկիո արքան» բեմադրելով։ «Թատերախաղեր» հատորիս ամենեն դժվար բեմադրելի և ամենեն շատ հարց հարուցող խաղն է ան։ Հանդուգն քայլ էր ձեր նախաձեռնությունը․ ուրախ եմ, որ հաջողությամբ պսակված է ․․․(էջ 28)։

Իսկ նշանավոր արձակագիր Հակոբ Կարապենցը (1925-1994 թթ․) Թեհրանում իր գործերի բեմականացման առիթով 27 ապրիլի 1988 թ․ նամակով տիկին Կիտուշին գրում է․ «Արի ձեռք քաշենք պարոնից և հոգնակիից։ Ուրեմն բարև քեզ։ Տեղի սղության պատճառով ամբողջ նամակս մեկ պարբերություն պիտի դարձնեմ։ Այսօր ստացա քո նամակով ծրարը, «Պատուհան»-ի և «Մարգարիտ»-ի լուսանկարներով, հայտագրերով և ծանուցումներով։ Այս բոլորի համար մի մեծ և անկեղծ շնորհակալություն։ Լուսանկարներից կռահեցի, որ հաջող բեմադրություն է եղել։ Սիրեցի արդի բեմահարդարանքը, դերասանների ընտրությունը և գործողությունը, որը նկատելի է լուսանկարներում։ Այս բոլորի համար էլ կրկին շնորհակալություն քեզ։ Տեսնում եմ, որ թատերական կյանքի տեսակետից բավական առաջադիմություն է արձանագրել թեհրանահայությունը, այսինքն՝ դուք, ՀՄԱԿ-ի (Հայ Մշակութային Արարատ Կազմակերպության- Տ.Դ.) թատերախումբը, որը շատ հուսադրիչ երևույթ է, քանի որ ինչպես գիտես թատրոնը որևէ ժողովրդի մշակութային կյանքի չափանիշն է՝ իր մեջ պարփակելով արվեստի մյուս ճյուղերը ․․․(էջ 41)։

Տիկին Արզույանին այցելեցինք Զառա Պերճի Զեյթունցյանի և իրանահայ ճանաչված թարգմանիչ ու բեմադրիչ Անդրանիկ Խեչումյանի հետ միասին։ Անդրանիկը մեծ ավանդ ունի Պերճ Զեյթունցյանին իրանցի արվեստասեր հասարակության ծանոթացնելու գործում․ նա պարսկերենի է թարգմանել հայ մեծ գրող և դրամատուրգի «Ոտքի դատարանն է գալիս», «Մեծ լռությունը», «Մի նայիր հայելուն» և «Մահապատիժ հայկական ձևով» Վերջին գործը պարսկերենով բեմադրել է Թեհրանում։

Կիտուշ Արզույանի ջերմ հարկի տակ մեզ դիմավորեց վերջինիս ավագ դուստր Արմենուշ Առաքելյանը, որը ևս հայ գրականության պարսկերենի թարգմանիչ է։ Արմենուշը գործեր է թարգմանել Ակսել Բակունցից, Հակոբ Կարապենցից և սիրային պոեզիայից։

Հյուրերը տիկին Կիտուշի հետ հուշեր թարմացրեցին Զեյթունցյանի գործերի Թեհրանում տեղի ունեցած բեմադրությունների վերաբերյալ։

Տիգրան ԴԱՎՈՒԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930