«Երկու տարի առաջ մենք մեկնարկեցինք ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացման գործընթացը։ Եվրոպական խորհուրդը կոչ արեց Հայաստան-ԵՄ հարաբերությունների բոլոր ուղղություններն ուժեղացնել, սրա արդյունքն արդեն այն է, որ Հայաստանը նույնպես մասնակցում է Եվրամիության ճգնաժամերի կառավարման առաքելություններին, պաշտպանության եւ անվտանգության քննարկումներ մեկնարկեցին, վիզաների ազատականացման երկխոսություն, այսինքն՝ մենք խոսում ենք համապարփակ գործընկերության մասին»,- «Համապարփակ անվտանգություն եւ դիմակայունություն-2025» միջազգային համաժողովում ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։
Նա նշեց, որ Հայաստանի հետ գործընկերություն նշանակում է հավասար հարաբերություն, սա շատ կարեւոր է, այս խնդիրը համատեղ է ձեւակերպվում։
Մարագոսի խոսքով՝ Հայաստանը հանձնառություն է ստանձնել եւ վավերացրել է Հռոմի ստատուտը։ Դա արվեց, երբ խնդիրը հասունացավ հայ հասարակության մեջ։ «Բայց այստեղ ես ուզում եմ ընդգծել մեր հավատարմությունը իրավունքահենք միջազգային կարգին։ Սա է մեզ միավորում։ Հաջորդ շաբաթ տեղի կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստը, այնտեղ մենք բազմաթիվ ընդհանուր նպատակներ ունենք։ Հայաստանի վարչապետն այսօր առավոտյան խոսում էր դրա մասին՝ Ալմա Աթայի հռչակագրի մասին, տարածքային ամբողջականության մասին։ Սրանք կարեւոր արժեքներ են։ Մշակութային ինքնության խնդիրն է կարեւոր, եւ ես կարծում եմ, որ հայկական մշակույթը յուրահատուկ առանձնահատկություն ունի, շատ յուրահատուկ տեղ ունի եվրոպական մշակույթի մեջ։ Եվ ես կարծում եմ, որ մենք այդտեղ շատ ընդհանրություն ունենք»,- ասաց Վասիլիս Մարագոսը։
Նա հավելեց, որ խաղաղության հետ կապված ընդհանուր մտահոգություն ունեն․ «Մենք ուզում ենք խաղաղության հասնել, ես ուզում եմ ընդգծել մեր հանձնառությունը խաղաղությանը։ Դիմակայուն Սյունիք նախաձեռնությունը եւ մի շարք այլ ծրագրեր ունենք Հայաստանում։ Ես ուզում եմ ընդգծել սա՝ իրոք մարդակենտրոն մոտեցում ունեն այս ծրագրերը։ Սրանք փոքրիկ նախաձեռնություններ են, որոնք ցույց են տալիս, որ մենք այստեղ ենք, մարդկանց հետ»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ