Սույն թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆիկ Արամյանը:
Ռաֆիկ Արամյանը նշեց, որ ինստիտուտի առաջնահերթություններից է գիտական ուղղությունների պարբերական գնահատումը, արդիական, կիրառական ուղղվածությամբ գիտական հետազոտությունների և մշակումների զարգացումը։
Ներկայացնելով իր ղեկավարության օրոք Մաթեմատիկայի ինստիտուտի վերջին 3 տարիների գործունեությունը՝ Ռաֆիկ Արամյանը նշեց, որ բարձրացել է բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում (Scopus, Web of Science) ինստիտուտի աշխատակիցների կողմից տպագրված հոդվածների քանակը։ 2022 թվականին միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում հրապարակվել է 21 հոդված, 2023 թվականին՝ 23, որից 4-ը՝ առաջին քառորդի (Q1) գիտական ամսագրերում, 5-ը ՝ երկրորդ քառորդի (Q2), իսկ 2024 թվականին՝ 36 հոդված, որից 7-ը՝ առաջին քառորդի (Q1) գիտական ամսագրերում, 18-ը՝ երկրորդ քառորդի (Q2)։
Մաթեմատիկայի ինստիտուտում կազմակերպվել են մի քանի խոշոր միջազգային գիտաժողովներ։ Մասնավորապես, երեք անգամ կազմակերպվել է «Օպերատորների տեսություն և հարմոնիկ անալիզ» գիտաժողովը (OTHA 23, 24, 25)՝ Ռուսաստանի Դաշնության Հարավային դաշնային համալսարանի հետ համատեղ։ Անցկացվել է Հիմնարար և կիրառական մաթեմատիկայի միջազգային կենտրոնի (Centre International de Mathématiques Pures et Appliquées, CIMPA) ամառային գիտական դպրոցը։
Կարդացեք նաև
Կազմակերպվել է Գերազանցության դպրոց: «Գերազանցության դպրոցի աշխատանքը շատ հաջողված է և անպայման պետք է շարունակել։ Նաև անհրաժեշտ է շարունակել աջակցել տարբեր գիտակրթական աշխատանքների իրականացմանը, հասնել ասպիրանտուրայի տեղերի ավելացմանը, իրականացնել գիտական կադրերի պատրաստում և ինստիտուտի համալրում երիտասարդ գիտնականներով, խորացնել գիտական համագործակցությունն օտարերկրյա համալսարանների և գիտական կենտրոնների հետ», – ասաց Ռաֆիկ Արամյանը: Նա կարևորեց գիտության հանրայնացումը, միջազգային համագործակցության ընդլայնումն ու խորացումը, կիրառական ու նորարարական բնույթի գիտահետազոտական աշխատանքների ու գիտատեխնոլոգիական մշակումների խթանումը։
Խոսելով անելիքների մասին՝ Ռաֆիկ Արամյանը նշեց, որ նպատակներից է ձևավորել ձեռնարկությունների հետ համագործակցության կայուն համակարգ, ստեղծել վիճակագրության և էկոնոմետրիկայի գծով հետազոտողների խումբ և սկսել խորհրդատվական գործունեություն։ Ստեղծվել է հարթակ, որտեղ կարող են դիմել ՏՏ ոլորտի կազմակերպությունները մաթեմատիկական խնդիրների լուծման և խորհրդատվության համար: «Ինստիտուտի գործունեության կարևոր բաղադրիչ է լինելու նաև պաշտպանական համակարգի համար աշխատանքների իրականացումը, պետական պատվերի ձևավորմանը և կատարմանը մասնակցությունը», – ասաց Ռաֆիկ Արամյանը։
Ռաֆիկ Արամյանը ծնվել է 1962 թվականին՝ Աշտարակ քաղաքում: 1978-1983 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում: 1984-1987 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի ասպիրանտ: 1988 թվականին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ստեկլովի անվան մաթեմատիկայի ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը, 2010 թվականին Երևանի պետական համալսարանում պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը՝ հավանականության տեսություն և մաթեմատիկական վիճակագրություն բնագավառում: 2013 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում: 2021 թվականին նրան շնորհվել է Հայ-Ռուսական համալսարանի վաստակավոր պրոֆեսորի կոչում:
Ռաֆիկ Արամյանն ավելի քան 50 գիտական հրապարակման և միջնակարգ դպրոցի 3 դասագրքերի հեղինակ է: Նա «Journal of Mathematical Sciences», «American Journal of Applied Mathematics» և «Advances in Pure Mathematics» ամսագրերի խմբագրական խորհրդի, Հայկական մաթեմատիկական միության, Աթենքի կրթության և հետազոտությունների ակադեմիայի (ATINER) անդամ է:
ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին