Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, այս պահին ընթանում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավարությունը։
Սրբազանի շահերի պաշտպան Արա Զոհրաբյանը ինքնաբացարկ ներկայացրեց դատավորին՝ հիշեցնելով, որ նախորդ դատական նիստին հոգևոր առաջնորդի կալանքի ժամկետը մեկ ամսով երկարացվել է։
Դատավորը, ըստ Արա Զոհրաբյանի, կեղծ տվյալներ է մտցրել փաստաթղթում, այն է՝ Սրբազանի շփման սահմանափակումը ԶԼՄ-ների հետ, այնինչ նման որոշում չի կայացվել դատարանի կողմից, դատարանն առանձին քննարկման թեմա չի դարձրել ԶԼՄ-ների հետ շփման հարցը։
Կարդացեք նաև
«Իրականության աղավաղումը վկայում է դատավորի կողմնակալ վերաբերմունքը»,-հայտարարեց փաստաբանը։
Դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունը՝ գտնելով, որ այն անհիմն է և ենթակա է մերժման։
Արա Զոհրաբյանը իր պաշտպանական ելույթում նշեց, որ Սահմանադրական դատարանը 2008 թվականին հոկտեմբերի 1-ին ընդունել է ՍԴ 766 որոշումը, որով անդրադարձել է նախկին Քրեական օրենսգրքի 301 հոդվածին՝ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված հրապարակային կոչեր և ՀՀ Սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հասկացությանը։ 2022 թվականի հուլիսից 1-ից նոր Քրեական օրենսգիրքն է գործողության դրվել ։ Ըստ Արա Զոհրաբյանի, նախկին 301 հոդվածը և ներկա 422 հոդվածը համարյա նույնական են։ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՐ օրենսգրքի 422 հոդվածով։
Սահմանադրական դատարանի որոշմամբ՝ կոչը պարտադիր պիտի ավարտվի բռնության իրական սպառնալիքով, գործողություն կազմակերպելու, նախապատրաստելու, պլանավորելու նպատակով, այլ անձանց մասնակից դարձնելու, իսկ իշխանության քննադատությունը, իշխանության հրաժարականի պահանջը, ըստ ՍԴ որոշման, չպիտի համարել սահմանադրական կարգի խախտման կոչեր։
«Հանրային իշխանության մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են պատրաստ լինել իրենց հասցեին արված ավելի սուր քննադատության, քան այն, որ ավելի թույլատրելի է մասնավոր անձանց հասցեին», -մեջբերեց Արա Զոհրաբյանը։
Ըստ նրա, Սրբազանի խոսքում չկա Սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու իրական սպառնալիք։
Ըստ նրա, «ԳԱԼԱ» հեռուստաընկերության կողմից 2024 թվականի փետրվարին նկարահանված խոսքը 44-օրյա պատերազմի մասին զրույց է, այն նույնիսկ հարցազրույց չէ, խոսել է զրուցակիցների հետ։ Ու այնտեղ նա վերհիշել է կոնկրետ անձանց հետ ունեցած խոսակցություն՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, հետևաբար այստեղ նա անձանց չի դիմել, ընդ որում անձանց լայն շրջանակի։
Իսկ մեղադրական կողմը, ըստ Արա Զոհրաբյանի, չի էլ փորձել պարզել, թե արդյոք Միքայել Սրբազանն հանդիպե՞լ է Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ, նման բան ասե՞լ է նրանց, թե՞ դա ասել է փոխաբերական իմաստով։
«Այդ ուղղությամբ մեղադրական կողմը որևէ ջանք չի գործադրել ։ Նման փորձ չտեսանք գործի նյութերում»,- ասաց փաստաբանը։ Ըստ նրա, կոչը գործողություն կատարելու հրավեր է, այն պիտի լինի բացահայտ, ոչ թե ենթադրություններով կամ գլխի ընկնելով։
Արա Զոհրաբյանի մեկնաբանմամբ, Սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու իրական սպառնալիք առկա չէ Սրբազանի խոսույթում, այն չի պարունակում մարդկանց համախմբելու կամ բռնի գործողություններին ուղղություն տալու նպատակ։
Ըստ նրա, Սրբազանի խոսքի բովանդակությունը իրավիճակի անհուսալիությունն է փաստում, որ չկա անհրաժեշտ ռեսուրս, որ ի վերջո իշխանությունը փոխվի։
«Այսինքն` հեղինակը նույնիսկ ինքը չի հավատում իշխանության փոխվելուն, պարզապես իր մտահոգություններն է արտահայտում»,- ասաց փաստաբանը՝ մեջբերելով Սրբազանի խոսքը։
Արա Զոհրաբյանի ասելով՝ Սրբազանինը հրապարակային կոչ չէ։ Կոչը, ըստ նրա, ինչպես Էդուարդ Աղայանի, այնպես էլ ժամանակակից հայոց լեզվի բացատարական բառարաններում հստակ բովանդակությամբ բառ է, չունի փոխաբերական իմաստ։
Սրբազանի խոսքերը կոչ չեն պարունակում, Շիրակի թեմի առաջնորդը հարցերի պատասխանները երբեմն տալիս է հեգնական երանգով, երբեմն ժխտողական, երբեմն հռետորական, կա նաև հուսահատություն։ Երբեմն հեռակա է խոսում ՀՀ երկրորդ, երրորդ նախագահների հետ, հանդիմանում է նրանց, մասնավորապես Սրբազանը խոսում է նվիրված գեներալներ չունենալու ու ընտրության գնալու մասին։ Հրամայական ձև, ըստ Արա Զոհրաբյանի, չկա Սրբազանի խոսքում, նա երբեմն բացասական է գնահատում ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին։
Փաստաբանը նաև նշեց, որ մեղադրական կողմը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Միքայել Սրբազանը բարձրաստիճան զինվորական չէ, և ռազմական հեղաշրջման կոչ կատարելու դեպքում ռազմական զինվորական կարգավիճակ ունեցող հասցեատերեր էլ չկան։
Նա նշեց, որ Սրբազանի նկատմամբ այս գործընթացը պատվիրված է և իրականության հետ աղերս չունի։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները՝ Ազգային ճակատի տելեգրամյան ալիքից