Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ավինյանը ԱՆԻՖ-ի հետ կապված նոր դրվագ բացահայտեց և հորդորեց քննչական մարմիններին զբաղվել դրանով

Սեպտեմբեր 15,2025 19:25

«Հորաքրոջ մորքուրի մարդու քեռու տղու բարեկամի ընկերոջ կապը գտան, Ավինյանի նկարը ճպպացրին առաջին էջին ու գնացին առաջ։ Սրանով են զբաղված։ Ինչ վերաբերվում է Կարինե Անդրեասյանին, նրա հետ իմ ու կնոջս ծանոթությունը այն տարի է եղել, երբ ինքը նշանակվել է ԱՆԻՖ-ի ծրագրի ղեկավար»,- լրագրողի փաստմանը՝ կան տեղեկություններ, որ ԱՆԻՖ-ի հետ կապված Ձեր կնոջ ընկերուհին և բիզնես գործընկերն է հենց այդ կիբերանվտանգության ընկերության հետ կապված և Ձեր դասընկերն է ստացել ֆինանսավորում ԱՆԻՖ-ից ու հարցին՝ ինչպե՞ս կցրեք այն մտահոգությունները, որ այստեղ խնամի-ծանոթ-բարեկամ հանգամանքները չեն ազդել, մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա հայտնեց, որ CFW ընկերության 51 տոկոսը պատկանում էր Օրբիս ընկերությանը ու նշեց․ «Կարինե Անդրեասյանը ԱՄՆ քաղաքացի էր և դիմել էր նաև այս պաշտոնի համար։ Իրեն ընտրել են մեր ամերիկացի գործընկերները։ Երբ տիկին Անդրեասյանը ինձ զանգեց, ասաց՝ սենց գործընթաց է տեղի ունեցել, ինձ ընտրել են, ասեցի՝ Կարինե ջան, ոլորտի մասնագետ չես, եթե վստահ ես դրանում, խնդրեմ։ Ասաց՝ վստահ է, ամերիկացի գործընկերներն էլ ասել են, որ բուն ոլորտի մասնագետ լինել պետք չէ․ 10 ուսանողների ծրագրի կառավարման բեռն է պետք առաջ տանել։ Բուն ծրագրի էությունը չփորձեցին պարզել, և ջուրծեծոցիների վրա ամբողջ հանրության ուշադրությունը սևեռեցին։ Մյուսը դասարանցին է։

Մեր դասարանում 37-40 մարդ էր ամեն տարի։  Դմիտրի Ալեկսեյենկոն չեմ ասի՝ իմ ամենամոտ ընկերն է, բայց պարբերաբար դասարանի հավաքներին տեսնում ենք։ Նա հաջողակ գործարար է, ունեցել է մինչև այս ծրագիրը նմանատիպ երկու տասնյակից ավելի ծրագրերի իրականացում։ Մարդը, որն ունի գործող բիզնես, որը հաջողակ է իր բիզնեսում, ԱՆԻՖ-ն ասում է՝ ես պատրաստ եմ իմ բիզնեսի որոշակի փայ տալ ԱՆԻՖ-ի դուստր ընկերությանը և ակնկալում եմ որոշակի ներդրում իմ բիզնեսում։ Ամենակարևոր հարցը՝ Դմիտրի Ալեկսեյենկոն արդյունավե՞տ է ինչ-որ բան արել։ Որքան գիտեմ՝ ԱՆԻՖ-ը չի տուժել, պետությունը չի տուժել։ Նորից հիշեցնեմ՝ ովքեր են որոշում՝ որտեղ պիտի արվեն ներդրումները․ երեք ներդրումային կոմիտեի անդամներն են որոշում, որոնցից մեկը Խալեդ Հելիոուին։ Մարդ, ում բանկային հաշվին 3 հարյուր միլիոն դոլար փող կա, ակնկալում է, որ Տիգրան Ավինյանը պիտի իրեն զանգի, ասի՝ Խալեդ ջան, խնդրում եմ դասարանցուս ներդրումը կտա՞ք։ «Օրբիսը», որը Պենտագոնի համար երկու միլիարդ դոլարի ծրագրեր է իրականացնում, այդ թիմը որոշում է, որ ՀՀ-ում ԱՆԻՖ-ի հետ գործ անի, իմ հետ էստեղ պաշտոնի համար խնամի-ծանոթ-բարեկա՞մ պիտի կիսի»։

Տիգրան Ավինյանը ի պատասխան այն փաստարկների, որ ԱՆԻՖ-ն անարդյունավետ է աշխատել, ասաց․ «ԱՆԻՖ-ը 210 միլիոն դոլարի օտարերկրյա ներդրումներ է ներգրավել, 800 նոր աշխատատեղ է ստեղծել, ԱՆԻՖ-ի վրա պետությունը ծախսել է 4,19 միլիարդ դրամ, ԱՆիՖ-ի դուստր ընկերությունները 5,5 միլիարդ դրամ հարկերի տեսքով վերադարձրել են պետությանը։ Ուզում եմ բացահայտ պատմել, որովհետև մենք ունենք քրեական գործ և դրա հետ կապված որոշակի գործընթացներ։

Հարցաքննվել եմ ԱՆԻՖ-ի գործով մեկուկես տարի առաջ։ Այն տեղեկությունը, որ ունեի, փոխանցել եմ համապատասխան մարմիններին։ Ունեի վկայի կարգավիճակ։ Կարևոր արձանագրում է Օրբիսի հետ կապված դրվագը։ Այն ԱՄՆ-ում կիբերանվտանգության մասնագետներ պատրաստող ընկերություն է, այն պատրաստում է կիբերանվտանգության մասնագետներ ամերիկյան հետախուզական ծառայության համար։ ԱՆԻՖ-ը և Օրբիս ընկերությունը միասին ՀՀ-ում ստեղծում են նոր ընկերություն, որի նպատակն էր պատրաստել Օրբիսի ծրագրով կիբերանվտանգության մասնագետների, որոնք պետք է մատուցեին իրենց ծառայությունները պետական և մասնավոր ընկերություններին։ Սա տեղի է ունենում պատերազմից հետո, երբ բացահայտ կիբերանվտանգության սպառնալիքների առաջ ՀՀ-ն այդքան էլ ամուր կանգնած չէր։

Ուզում եմ հանրայնորեն բարձրաձայնել մի դրվագի մասին, որը կարող է մեր քննչական մարմինները չունեն, որովհետև փողերի լվացման թեմա է քննարկվում։ Իմ պատկերացմամբ՝ դա կարող է իրականացվել մի պարզ պատճառով, քանի որ CFW ընկերությունը հիմնադրվել է ԱՆԻՖ-ի կողմից և երկու ընկերությունների կողմից՝ «Հայք» ու «Արարատ» անուններով։  Դրանք ԱՄՆ-ում «Օրբիս»-ի կողմից են գրանցված։ Այդ երկու ընկերությունների հետ «Օրբիսի» կապը մեր քննչականի գործընկերները չունեն։ Առաջարկում եմ այս հատվածը պարզաբանել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930