Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե մենք պատրաստ ենք ուրանալու Արարատը, ապա թուրքերը կարճ ժամանակում հայտնվելու են Արագածի ստորոտում. Վահե Հովհաննիսյան

Սեպտեմբեր 16,2025 13:53

Հայաստանի իշխանությունը՝ որպես խաղաղության դեմ «ամենագրգռիչ» գործոն

Երեկվանից շրջանառվող «տան պատի նկարը, որը հարևանի մոտ էմոցիաներ կառաջացնի» թեման իրականում ավելի լուրջ քննարկման պիտի տաներ։ Քֆուրից անդին քննարկումներն ավելի լուրջ հարցադրումների են բերում։

Գրգռիչների հանումը կամ մեղմումը իսկապես միջպետական հարաբերությունների կարգավորման ժամանակ կարևոր նշանակություն ունի։ Եվ հակառակը, այդ գրգռիչների անգրագետ կամ միտումնավոր չարաշահումը հանգեցնում են պատերազմի՝ կա´մ անգրագիտաբար, կամ՝ միտումնավոր։

Նույն մարդիկ անում էին հակառակը

2018-2019-ին նույն մարդիկ Նիկոլը, Արմեն Գրիգորյանը և այլոք արել են լրիվ հակառակը. Շուշիում ցուցադրական քեֆնուպարը, հայտնի ցուցադրական հարսանիքը, Ստեփանակերտում՝ «Արցախը Հայաստան է և վերջը». սրանք Ադրբեջանին նվաստացնող գրգռիչներ էին։ Տավուշյան մեկ դիրքի ընդհարումը Սարդարապատի չափ ուռճացնելը, թուրք գեներալի զոհվելը ֆետիշացնելը, հարյուրավոր մեդալների, շքանշանների, հերոսի կոչումների շռայլումը. սրանք ցուցադրական գրգռիչներ էին։ Բանակցային դետալները բացահայտելը և դրանով Ադրբեջանում հեղափոխություն հրահրելու սպառնալիքը՝ ուղիղ գրգռիչ էր արդեն ոչ միայն Ադրբեջանի, այլև՝ իշխող ընտանիքի հանդեպ։
Այս գրգռիչների անխիղճ օգտագործումն ի վերջո բերեց պատերազմի։ Պատերազմ, որը չպետք է լիներ, բայց եղավ, և հետևանքը հինգ հազար զոհերն էին ու կորսված Արցախը։ Հիմա նույն մարդիկ զսպվածության դասեր են տալիս։

Փոխադարձություն

Գրգռիչների մեղմումը կարող է օգտակար լինել, եթե այն արվում է փոխադարձաբար։ Այսօր Ադրբեջանը ֆիզիկապես ոչնչացնում է հայկական քաղաքներն ու գյուղերը, որտեղ դպրոցների գրատախտակներին դեռ հայերեն նախադասություններ կան գրված։ Ամարասն ու Գանձասարը սարքում է գոմ, պղծում է թարմ ու հին գերեզմանները։ Ֆիզիկապես քանդում է 150 հազար մարդու տները։ Այստեղ խնդիրը շատ ավելի խորն է, քան՝ պարզապես սեփական իշխանության՝ շառլատան լինելը։ Եթե Ադրբեջանը ֆիքսի, որ այս ամենը Հայաստանի իշխանության համար գրգռիչ չէ, և հայ ժողովրդի համար այնքան վիրավորական պրոցես չէ, որ այն փոխի իր իշխանությունը, այն անելու է իր հետևությունը՝ Հայաստանն այլևս կենսունակ պետություն չէ, հետևաբար…

Արարատը երբեք չի եղել տարածքային պահանջի սիմվոլ, այն լրիվ ուրիշ բանի մասին է, և եթե անունակ իշխանության ջանքերի շնորհիվ այն դառնում է գրգռիչ գործոն, դա ուրիշ իրականություն է ստեղծում։ Պարզ ասած, եթե մենք պատրաստ ենք ուրանալու Արարատը, ապա թուրքերը կարճ ժամանակում հայտնվելու են Արագածի ստորոտում։

Ըստ իս, սա ամենակարևոր թեման է, որը պետք է բացվի. ո՞րն է մեր իրականությունը, ինչո՞ւ է այն այսպիսին դարձել, և ինչպե՞ս փոխել այդ իրականությունը։ Շարունակաբար անդրադառնալու եմ այս հարցերին։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930