2025 թվականի օգոստոսի 29-ին Երևանում տեղի է ունեցել «Մեր ձևով» ժողովրդական շարժման շնորհանդեսը։ Բացման խոսքում շարժման համակարգող խորհրդի ղեկավարը ներկայացրել է գործունեության հիմնական հինգ ուղղությունները, որոնցից հինգերորդը վերաբերում է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և ազգային արժեքների պահպանությանը։ Իր խոսքում խորհրդի ղեկավարը նշել էր, որ «Եկեղեցու համար սահմանափակումների մեջ լինելը մեծ պատիվ է բոլորիս համար»։ Այնուհետև աշխատանքային խմբի ղեկավարը ելույթ ունեցավ և ամբողջացնելով այդ միտքը՝ նշեց, որ Եկեղեցին այժմ թիրախավորված է իշխանությունների կողմից և, հետևաբար, Եկեղեցին, առավել քան երբևէ ունի իր զավակների կարիքը։ Առանձնակի վստահությամբ նշվեց նաև, որ «Շարժումն ունի ամբողջ ներուժն ու հավատը Եկեղեցու կողքը կանգնելու և ազգային արժեքները վերականգնելու համար»։
Սկիզբը շատ խոստումնալից էր և ինչպես ինձ համար, թերևս շատ հայրենասեր ու եկեղեցասեր քաղաքացիների համար նույնպես՝ ոգևորիչ։ Սակայն գալիս է մի պահ, երբ պետք է ասված խոսքը գործի վերածվի։ Եվ ահա ընդամենը մի քանի օր հետո Հովհանավանքի հայտնի հոգևոր սպասավորը Եկեղեցում տիրող «անարդարություններից» է խոսում և սահուն կերպով թեման փոխանցվում է ՀՀ վարչապետին և վերջինս իրեն հատուկ գռեհիկ ոճով արդեն առաջին իսկ հնարավորությունն օգտագործում է ԱԺ ամբիոնից հերթական անգամ հարձակվելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա։
Իհարկե, եղան քննադատող հոդվածներ, սակայն այդ քննադատությունների ազդեցությունը հասարակության վրա համադրելի չէր այն ոգևորությանը, որը առաջացել էր հակաեկեղեցական ու աղանդավորական համայնքներում։ Պետք է խոստովանեմ, որ ես ակնկալում էի, որ մոտ երկու շաբաթում երկու հազար հոգի իր շարքերը համալրած «Մեր ձևով» շարժումը, հավատարիմ մնալով իր խոստմանը, կօգտագործի իր «ներուժն ու հավատը» և համապատասխան վայրերում գոնե հիսուն հոգանոց բողոքի ցույցեր կկազմակերպի ընդդեմ «փոքրիկ խմբակի» կողմից հակաեկեղեցական հերթական ամբարտավան պահվածքի։ Սակայն տեսնում ենք, որ նման բան տեղի չի ունենում։
Որևէ բողոքի ցույց կամ ընդվզում տեղի չունեցավ նաև ոչ պատշաճ օրում իշխանությունների ֆեստիվառվելու, Հայկո – Մկո զույգին հերթով իրենց ապազգային քարոզչություններում օգտագործելու և այլ մշակութապիղծ արարքների կապակցությամբ։ Թեև ես «Մեր ձևով» շարժմանը հիշատակեցի, սակայն, իհարկե, այս ամենը վերաբերում է նաև բոլոր արտախորհրդարանական նոր ազգային ուժերին։
Կարդացեք նաև
Գոնե հիսուն հոգանոց ու մի քանի ժամով խաղաղ բողոքի ցույց անելու համար իշխանությունները հերթական «դուխով» առիթն են տվել ընդդիմությանը, հայտարարելով, որ 2025 թվականի նոյեմբերի 1-ից ՀՀ պետական սահմանը հատելիս անձնագրերում հայ սահմանապահների կողմից դրվող կնիքի վրա Արարատ լեռան պատկերը այլևս չի լինելու։ «Ինքնիշխանության» նման դրսևորումները բարոյահոգեբանական հարված է յուրաքանչյուր գիտակից ու հայրենասեր հայի համար, որոնց շարքերը աշխարհում գնալով ավելանում են ի հեճուկս մեր ներքին ու արտաքին թշնամիների։
Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Ծաղրանկարը՝ Սամվել ԱԲԳԱՐՅԱՆԻ. 1989 թ.