Լրահոս
Օրվա լրահոսը

Ջալալ Հարությունյանը կրկին վճռաբեկ բողոք է ներկայացրել

Սեպտեմբեր 16,2025 15:40

«Փաստինֆո». ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը կրկին վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել իր վերաբերյալ վճիռը և կայացնել արդարացման դատական ակտ։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, հունվարի 15-ին մեղավոր էր ճանաչել Ջալալ Հարությունյանին՝ ՀՀ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատապարտելով ազատազրկման՝ 5,5 տարի ժամկետով։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Ռոբերտ Պապոյանի և Լուսինե Աբգարյանի, հունիսի 18-ի վճռով անփոփոխ է թողել Ջալալ Հարությունյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը։ Հատկանշական է, որ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը Ջալալ Հարությունյանը տևական ժամանակ չէր ստանում, ի վերջո, օգոսոսին «հարկադրաբար» ստացել է վճիռը, ինչից հետո էլ սկսել են հոսել դատավարական ժամկետները՝ բողոքարկման համար։ Խնդիրն այն է, որ գործով վաղեմության ժամկետները մոտենում են ավարտին և տուժող կողմը մտահոգություն ունի, որ Հարությունյանն ամեն կերպ ձգձգում է գործի քննությունը՝ մինչև վաղեմության ժամկետների ավարտը։ Փաստ է, որ վճռից ութ ամիս անց՝ այն դեռևս օրինական ուժի մեջ չի մտել։

Ջալալ Հարությունյանի պաշտպանի ներկայացրած առաջին բողոքը Վճռաբեկ դատարանը վերադարձրել էր սեպտեմբերի 2-ին՝ շտկումների։ Օրերս Ջալալ Հարությունյանի կողմից նոր բողոք է ներկայացվել։ Զեկուցողը դատավոր Սերժիկ Ավետիսյանն է։

Հիշեցնենք, որ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով դրվագներից մեկով՝ 2020թ․ հոկտեմբերի 7-ի հակահարվածի վերաբերյալ, դեռևս նախաքննության ընթացքում քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ մյուս դրվագով, որը վերաբերում է «Ցորի» զորամասի՝ Դ20 դիվիզիոնի, վրա հոկտեմբերի 12-ին հարձակմանը, ուղարկվել է դատարան։ Ըստ մեղադրանքի՝ նա, զբաղեցնելով ՊԲ հրամանատարի պաշտոնը, կոչումով՝ գեներալ-լեյտենանտ, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ հանրային ծառայող, կոչման և պաշտոնի բերումով հանդիսանալով հրամանատար՝ ծառայողական դիրքով և զինվորական կոչումով, տվյալ իրավահարաբերության շրջանակում ունենալով իր լիազորություններից բխող հրամաններ և կարգադրություններ տալու ու դրանց կատարումն ապահովելու իրավասություն, հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ 2020թ. հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք կատարել է ոչ պատշաճ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Մասնավորապես, ըստ քրեական գործի, Դ20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման ժամանակ դիվիզիոնի հրամանատարությունը կապնվում է Ջալալ Հարությունյանի՝ տեղակալ, հրետանու գծով պետ Գենադի Բաղդասարյանին, հայտնում հակառակորդի հարձակման մասին, սակայն Ջալալ Հարությունյանը, ըստ գործի, հայտնել է, թե մոտեցողները յուրայիններ են։ Ջալալ Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

Իզաբել Սահակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930