ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 16-ին այցելել է Արմավիրի մարզ՝ խաղողի բերքահավաքի ընթացքին և մթերման գործընթացին հետևելու նպատակով։ Այցի ընթացքում նախարարին ուղեկցել են Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը, Մեծամոր համայնքի ղեկավար Էդգար Հովհաննիսյանը և Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը։
Նախարարի առաջին կանգառը եղել է Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրի խաղողի այգում, որտեղ ընթացքի մեջ է խաղողի բերքահավաքը։ Այգին հիմնվել է կառավարության աջակցության ծրագրով՝ 0 տոկոս վարկով։ Ընդհանուր տարածքը 20 հեկտար է․ օրական բերքը կազմում է 20–25 տոննա։ Այգում ներդրված է կաթիլային ոռոգման համակարգ։
Այցի հաջորդ կանգառը եղել է Լուկաշին բնակավայրում, որտեղ գործում է «Բագրատ Գրուպ» ՍՊԸ-ի մթերման կետը։ Ընկերությունում խաղողի մթերումը սկսվել է սեպտեմբերի 2-ից, և արդեն մթերվել է շուրջ 1200 տոննա խաղող։ Ընկերությունը պատրաստ է շարունակել մթերումը՝ առաջարկի ողջ ծավալով։ Այստեղ խաղողը մթերվում է 150 դրամով։
Այնուհետև նախարարն Արմավիր գյուղում այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ։ Ընկերության տնօրեն Արմեն Գասպարյանը տեղեկացրել է, որ արդեն մթերել են մոտ 1000 տոննա խաղող։ Մթերման գինը կազմում է 150 դրամ, և ընկերությունը պատրաստ է մթերել անսահմանափակ քանակության խաղող։ Ընկերությունում նախարարը հետևել է նաև պահածոների արտադրության ընթացքին։ Գործարանում արտադրվում է պահածոների մոտ 80 տեսակ, որը մասամբ իրացվում է տեղական շուկայում, մի մասն էլ արտահանվում է, այդ թվում՝ դեպի ԱՄՆ։
Կարդացեք նաև
Այցի ընթացքում նախարարը Էջմիածին քաղաքում հետևել է «Ոստան գինու գործարան» ՍՊԸ-ում խաղողի մթերման գործընթացին, որտեղ գործընթացն ավելի վաղ է մեկնարկել, և արդեն իսկ մթերվել է 3500 տոննա խաղող, որից մոտ 2000 տոննան՝ Արմավիրում։
Ամփոփելով այցի արդյունքները՝ Գևորգ Պապոյանն արձանագրել է, որ այս տարի ևս, ինչպես նախորդ տարի, խաղողի մթերման խնդիր չի առաջանա, ֆերմերներն էլ գոհ են մթերման ընթացքից և գներից։
Ընդհանուր առմամբ, Արմավիրի մարզում 2024 թվականին մթերվել է մոտ 73 հազար տոննա տեխնիկական տեսակի խաղող։ Այս տարի մարզում կանխատեսվում է շուրջ 80-85 հազար տոննա խաղողի տեխնիկական սորտերի մթերում։
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն