Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջում ենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանից լրջորեն ուսումնասիրել տեղի ունեցածն ու այդ ընթացքում Ավետիք Բաբայանի դրսևորած վարքը. Լրագրողական կազմակերպություններ

Սեպտեմբեր 16,2025 22:45

Սեպտեմբերի 12-ին, երեկոյան ժամը 21-ի սահմաններում դեռևս անհայտ անձի կողմից ֆիզիկական բռնության է ենթարկվել լրագրող, Երևանի մամուլի ակումբի փորձագետ Հակոբ Կարապետյանը։

Հարձակվողը դիմակավորված է եղել, դարանակալել է լրագրողին, և երբ վերջինս դուրս է եկել աշխատավայրից, հարձակվել է նրա վրա, բազմաթիվ հարվածներ հասցրել մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում՝ գլխին ու դեմքին։ Հակոբ Կարապետյանը փորձել է պաշտպանվել ու նախևառաջ դիմակը պոկել այդ անձի վրայից, բայց չի հաջողվել։

Այս միջադեպին նախորդել է շաբաթներ առաջ ծավալված մի վեճ Ֆեյսբուքում, որի օգտատերերից մեկը հայհոյախառն, լկտի արտահայտություններով և սպառնալիքներով արձագանքել է Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին ուղղված լրագրողի քննադատական գրառմանը, որի առիթը քաղաքային տրանսպորտում ուղևորի հանիրավի տուգանումն էր։ Ավելի ուշ Հակոբ Կարապետյանը բացահայտել է, որ այդ օգտատերը՝  Ավետիք Բաբայանը, Երևանի քաղաքապետարանի Հասարակական կարգի ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Լրագրողը կապ է հաստանել նրա հետ, սակայն բախվել է նույն հայհոյախոսությանն ու սպառնալիքներին։ Ավելի մանրամասն այս պատմությունը նկարագրված է Հակոբ Կարապետյանի ֆեյբուքյան էջում և մամուլի հրապարակումներում։

Որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտելու մտադրություն չունենալով՝ տուժող լրագրողն, այդուհանդերձ, ֆեյսբուքյան սպառնալիքների ու իր նկատմամբ ֆիզիկական բռնության միջև ուղիղ կապ է տեսնում, քանի որ այլ անձանց հետ չունի կոնֆլիկտներ կամ լարված հարաբերություններ։ Այսօրվա դրությամբ, քանի դեռ հակառակը չի ապացուցվել, սպառնալիքների ու այնուհետև բռնություն կիրառելու փաստերի միջև կապ տեսնելը տրամաբանական է և պետք է դիտարկվի որպես ողջամիտ վարկած։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր վրդովմունքն ենք արտահայտում լրագրող Հակոբ Կարապետյանի նկատմամբ իրականացված վայրագ հարձակման կապակցությամբ, և ի գիտություն ընդունելով, որ դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական վարույթ՝ պահանջում ենք իրավապահ մարմիններից ամենայն պատասխանատվությամբ և խորությամբ քննել այս գործը, բացահայտել և դատարանի առաջ կանգնեցնել ոչ միայն բռնարարին, այլ նաև նրա հնարավոր պատվիրատուին ու հովանավորին։

Անկախ նրանից՝ լրագրողին ուղղված հայհոյանքներն ու սպառնալիքները կապ են ունեցել դրանց հաջորդած ֆիզիկական բռնության հետ, թե ոչ, պահանջում ենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանից լրջորեն ուսումնասիրել տեղի ունեցածն ու այդ ընթացքում Ավետիք Բաբայանի դրսևորած վարքը՝ լրագրողին սպառնալն ու հայհոյելը, և փաստերի հաստատման դեպքում նրան անհապաղ ազատել զբաղեցրած պաշտոնից։

Միաժամանակ մեր խորը մտահոգությունն ենք հայտնում, որ ինքը՝ Տիգրան Ավինյանը, սեպտեմբերի 15-ին կայացած իր ասուլիսում չափազանց դյուրագրգիռ և հանիրավի մեղադրանքներ էր հնչեցնում մեդիայի հասցեին։ Սա ևս մի դրսևորում էր հատկապես վերջին ժամանակներում նկատվող այն միտումի, երբ իշխող վերնախավի ներկայացուցիչները թիրախավորում են նույնիսկ այն լրատվամիջոցներին, որոնք որակյալ լրագրության ջատագով են և իրենց աշխատանքով անաչառության համբավ են ձեռք բերել։

Ի վերջո, շատ վառ երևակայություն պետք է ունենալ, որպեսզի հետաքննող լրագրողների «Հետք» առցանց պարբերականին մեղադրել կոռուպցիայի և պատվերով հոդվածներ պատրաստելու մեջ, ինչպես դա արեց Ավինյանը։ Թեև այդ լրատվամիջոցի անունը չհնչեց, քաղաքապետի կողմից հենց «Հետք»-ին թիրախավորելը կասկած չի հարուցում։ Մինչդեռ՝ այդպիսի վերաբերմունքով է գեներացվում ատելությունն ընդհանրապես լրագրության և լրագրողների նկատմամբ, ինչը հող է ստեղծում անհանդուրժողականության տարբեր դրսևորումների, այդ թվում՝ բռնության համար։ Եվ Հակոբ Կարապետյանի հետ տեղի ունեցածը դրա բազմաթիվ օրինակներից մեկն է։

 

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930