Ադրբեջանին զենքի վաճառքը լարվածություն է առաջացրել Հայաստանի եւ Բելառուսի հարաբերություններում։ Այս երկրները գործընկերներ են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ), բայց այդ գործընկերությունը հաճախ կասկածի տակ է դրվել։
Տարիներ շարունակ հայ պաշտոնյաները հրապարակավ վրդովմունք են հայտնել՝ ընդգծելով, որ Բելառուսը զենք է վաճառում Ադրբեջանին այն պայմաններում, երբ Հայաստանը վերջինիս հետ երկարատեւ հակամարտության մեջ է Լեռնային Ղարաբաղի շուրջ։
Բելառուսական պետական ու մասնավոր ռազմարդյունաբերական ընկերությունները տարիներ շարունակ սպառազինություն եւ դրանց առնչվող ծառայություններ են վաճառել Հայաստանի թշնամուն՝ Ադրբեջանին:
Օրինակ՝ բելառուսական «Տետրաէդր» մասնավոր ընկերությունն Ադրբեջանին օգնել է թարմացնել հակաօդային պաշտպանության համակարգերը: «Տետրաէդրի» ներքին զեկույցներից մեկում նշվում է, որ այս ընկերության տեխնոլոգիաները կիրառվել են 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ։
Մենք նախկինում եւս գրել ենք Բելառուսի ու Ադրբեջանի ռազմատեխնիկական համագործակցության մասին:
Բայց «Տետրաէդրի» զեկույցը առանձնահատուկ է նրանով, որ այդտեղ կա հստակ փաստ՝ ընկերության մշակած «Պեչորա-2ՏՄ» զենիթահրթիռային համալիրները կիրառվել են 44-օրյա պատերազմում եւ խոցել հայկական 11 անօդաչու թռչող սարք։
Մեր այս վերջին հետաքննությունից հետո հարցեր էինք ուղղել վարչապետ Փաշինյանին, որն այդ օրերին գտնվում էր Չինաստանում: Այնտեղ էին նաեւ Բելառուսի ու Ադրբեջանի նախագահները:
Վարչապետին հարցրել էինք, թե արդյոք ծանոթ է Բելառուս-Ադրբեջան զենքի առեւտրի մասին մեր հրապարակմանը: Եթե այո, ապա ինչպիսի՞ն է իր անձնական արձագանքը լրագրողական այդ բացահայտմանը: Հետաքրքրվել էինք նաեւ, թե արդյոք հայկական կողմը մինչ այս տեղեկություններ ուներ, որ ադրբեջանցիները հայկական դրոնների դեմ կիրառել են բելառուսական տեխնոլոգիաներ (ՊՆ-ն, պետական գաղտնիքին հղում անելով, մեր նմանատիպ հարցին չի պատասխանել):
Փաշինյանին հարցրել էինք նաեւ, թե արդյոք Չինաստանում որեւէ կերպ քննարկել է Բելառուս-Ադրբեջան ռազմական համագործակցության այս դրվագը Ա. Լուկաշենկոյի կամ Ի. Ալիեւի հետ: Եթե այո, ապա ինչպիսի՞ն է եղել նրանց արձագանքը: Եվ վերջում հետաքրքրվել էինք, թե արդյոք բելառուսական մշակման ՀՕՊ միջոցների կիրառման հանգամանքը հայկական կողմի դեմ, ինչը հենց բելառուսական ընկերությունն է հաստատել, կարող է պատճառ դառնալ, որ Հայաստանը պաշտոնապես լքի ՀԱՊԿ-ն կամ է՛լ ավելի նվազեցնի Բելառուսի հետ հարաբերությունների մակարդակը:
Վարչապետի աշխատակազմից տվել են ոչինչ չասող պատասխան. «Բելառուսի հետ կապված հարցերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս անդրադարձել է իր հրապարակային ելույթներում, որոնց ավելացնելու ոչինչ չունենք»:
Բնականաբար, Փաշինյանը երբեւէ չի անդրադարձել եւ չէր էլ կարող անդրադարձած լինել մեր հետաքննության մեջ շոշափված թեմային, քանի որ բելառուսական կողմի զեկույցը ներքին ծառայողական գաղտնի փաստաթուղթ է եղել, իսկ լրագրողական բացահայտումն էլ նոր է արվել: Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը զլացել է նույնիսկ պատասխանել, թե արդյոք իր վերադասը ծանոթ է հրապարակմանը:
Եվ մինչ տարբեր ուժեր խոսում են մեր տարածաշրջանում խաղաղության մասին, գաղտնի փաստաթղթերը ցույց են տալիս սպառազինվելու ադրբեջանական ծրագրերը, որոնք ոչ միայն չեն թուլացնում, այլեւ է՛լ ավելի են խթանում լարվածությունն ու վստահության պակասը Հարավային Կովկասում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։