Ինչո՞ւ են Հայաստան-Թուրքիա պայմանավորվածությունները մնում թղթի վրա
Վաշինգտոնում Հայաստան-Ադրբեջան փաստաթղթերի ստորագրումից հետո Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների պատվիրակությունները հանդիպել են երկու երկրների մերձսահմանային հատվածներում՝ Սյունիքի մարզի եւ Զանգելանի շրջանի հարավային մասերում: Օրերս «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան` տեղեկությունը հայտնել էին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:
Պատվիրակությունների կազմում ընդգրկված են եղել Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի՝ պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, արտգործնախարարության եւ տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչներ:
Թե հանձնաժողովների հաջորդ հանդիպումը ե՞րբ, որտե՞ղ ու ի՞նչ օրակարգով է նախատեսված, հստակ չեն արձագանքել՝ նշելով միայն, որ սա դեռ քննարկման փուլում է: «Ազատությունից» հետաքրքրվել էին, թե հաշվի առնելով Վաշինգտոնում ձեռք բերված՝ Սյունիքի ճանապարհի վերաբերյալ պայմանավորվածությունը՝ հնարավո՞ր է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը շարունակվի ոչ թե Տավուշից, ինչպես հայտարարվել էր տարեսկզբին, այլ՝ Սյունիքից: Այս հարցին եւս ուղիղ չէին պատասխանել, դարձյալ շեշտելով, որ այս հարցը եւս քննարկման փուլում է:
Կարդացեք նաև
Անցյալ շաբաթ Երեւան ժամանեց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչը: Հայտնի է, որ իր հայ գործընկերոջ` Ռուբեն Ռուբինյանի հետ, նրանք պայմանավորվել են, որ երկու երկրների համապատասխան մարմինները կկատարեն անհրաժեշտ տեխնիկական ուսումնասիրությունները՝ Գյումրի-Կարս երկաթուղու եւ էլեկտրահաղորդիչ գծի վերականգնման ու գործարկման համար։
«Ռուբինյանն ու Քըլըչը նաեւ պայմանավորվել են, որ ջանքեր կգործադրվեն մշակույթի եւ ակադեմիական ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ, մասնավորապես բարձրագույն կրթական հաստատությունների ուսանողների համար կրթաթոշակների հնարավորություններ ստեղծելու եւ պատմական Անիի/Մետաքսի ճանապարհի կամրջի համատեղ վերականգնման միջոցով», ասվում էր ԱԳՆ-ի տարածած մամլո հաղորդագրության մեջ:
Ասվում էր, որ հատուկ ներկայացուցիչները նաեւ համաձայնել են իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ՝ միտված այլ հետաքրքրված ընկերությունների կողմից 2026թ. ամռանից տարբեր ուղղություններով թռիչքներ իրականացնելուն, ինչը կավելացնի օդային երթուղիների եւ թռիչքների թիվը երկու երկրների միջեւ:
Ինչպես նախորդ անգամներն, այս հանդիպման արդյունքներով էլ` «Ռուբինյանն ու Քըլըչը վերահաստատել են նախորդ հանդիպումների ժամանակ մշակված եւ համաձայնեցված հարցերը», ինչպես նաեւ մտքեր են փոխանակել 2022-ի հուլիսի 1-ի հանդիպման ընթացքում սահմանահատումների վերաբերյալ ձեռք բերված համաձայնության կյանքի կոչման շուրջ։ Եվ ամենակարեւոր արձանագրումը` «Հատուկ ներկայացուցիչները համաձայնել են արագացնել այս գործընթացը: Նրանք վերահաստատել են հանձնառությունը շարունակել այս գործընթացն առանց որեւէ նախապայմանի»։
Հետաքրքիր է` իսկ ի՞նչն էր խանգարում, որպեսզի Քըլըչը Երեւանում հայտարարեր, որ Անկարան մոտ ապագայում կբացի Հայաստանի հետ սահմանը, վերջ կդնի երեք տասնամյակից ավելի ընդդեմ Հայաստանի իրականացնող թշնամական գործողությանը` շրջափակմանը…
Ի դեպ, Երեւան հասնելուց առաջ Սերդար Քըլըչը Իգդիրում, ըստ թուրքական «Anadolu» գործակալության, նախ հայտնել էր, որ ցամաքային սահմանով Հայաստան է այցելելու, որի ընթացքում քննարկվելու են արված աշխատանքները եւ առաջիկայում իրականացվելիք քայլերը, ապա անդրադարձել էր նաեւ սահմանների խնդրին, շեշտելով` «Զանգեզուրի գիծը» շատ կարեւոր է»։ Նա պնդել էր, թե այն ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի, այլ ամբողջ Միջին Ասիայի եւ թյուրքական հանրապետությունների համար է շատ կարեւոր գիծ։ Ապա, հավելել էր, թե հայկական կողմն այս ամենին դրական է նայում։
Ինչեւէ, թուրք դեսպանին Երեւանում ընդունել է նաեւ արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Ռուբինյան-Քըլըչ հանդիպումից հետո կողմերը ոչ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու պայմանավորվածությունը կյանքի կոչելու հստակ ժամկետների մասին հայտարարեցին, ոչ էլ՝ քաղաքական որեւէ նոր համաձայնության:
Այսինքն, ի՞նչ արձանագրվեց… «Վերահաստատել են նախորդ հանդիպումների ժամանակ համաձայնեցված հարցերը» եւ «համաձայնել են արագացնել գործընթացը»:
Այլ կերպ ասած` հստակ որեւէ նշանակալի բան հանրությանը հայտնելու չեն ունեցել: Նորությունը, թերեւս, այն էր, որ կողմերը համաձայնել են աշխատել, որպեսզի 2026-ի ամռանից բացի գործող ավիափոխադրողներից այլ ընկերություններ եւս չվերթներ իրականացնեն:
Իրականում, հայտնի չէ, թե ի՞նչն է պատճառը, որ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու վերաբերյալ տարիներ առաջ ձեռք բերված համաձայնությունը կյանքի չի կոչվում:
Կամ` անցյալ տարի ամռանը հատուկ ներկայացուցիչները պայմանավորվել էին համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները: Նույնը ասվում է վերջին հաղորդագրության մեջ, եւ միայն հավելել են, թե ուսումնասիրություններ կկատարվեն նաեւ էլեկտրահաղորդիչ գծի վերականգնման ու գործարկման համար։
Առայժմ փաստ է, որ Հայաստան-Թուրքիա պայմանավորվածությունները գործնականում մնում են թղթի վրա: Բայց` ոչ անհայտ պատճառներով:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, ըստ էության, «ամփոփել» է Քըլըչի երեւանյան այցը` ուշագրավ ուղերձով, նշելով, թե Անկարան ակնկալում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջնական խաղաղության համաձայնագիրը կստորագրվի հաջորդ տարվա առաջին կեսին: Ասել է թե` մինչեւ հաջորդ տարի Հայաստանից կսպասեն քայլերի իրականացման:
Իհարկե, Ֆիդանը պահել է դրական ակնկալիքների տոնայնությունը, նկատելով. «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջնական համաձայնագիրը ստորագրվելուն պես, Թուրքիան նույնպես արագ կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ»: Իսկ թե երբ կստորագրվի վերջնական համաձայնագիրը` այդ մասին ոչ ոք չգիտի: Ու դեռ անհայտ է, Ադրբեջանը նման համաձայնագիր ստորագրելու ցանկություն ունի՞:
Ավելին, Ալիեւը շարունակում է պահել հռետորաբանությունը այն մակարդակի վրա, ինչպիսին էր մինչեւ վաշինգտոնյան փաստաթղթերի ստորագրումը: Հայաստանը եւ նրա հետեւում կանգնած ուժերը մեր հողերը վերադարձնելու մտադրություն չունեին, Արցախում ադրբեջանցիների հետ հանդիպմանն օրերս հայտարարել է Ադրբեջանի նախագահը։ «Ադրբեջանը լիովին վերականգնեց իր ինքնիշխանությունը: Վերջին հինգ տարիների պատմությունը հաղթանակի պատմությունն է»,- ասել է Ալիեւը։ Նա նաեւ հավելել է, որ վերջին 5 տարիներին «Ղարաբաղում եւ Արեւելյան Զանգեզուրում շինարարության մասշտաբները աշխարհում նախադեպը չունեն»։
Ահա, Անկարան ու Բաքուն այսպես պահելու են գործընթացն իրենց ձեռքերում` անընդմեջ ներկայացնելով Հայաստանի նկատմամբ պահանջները:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
16.09.2025