«Ուղղորդել» եւ «տեղափոխել» եզրույթները նույնականացնելու դեպքում անձին առեւանգելու հանցակազմը կարող է չափազանց լայն մեկնաբանվել. դատարանի որոշումից
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատում է գտնվում «ՀԷՑ» ՓԲ ընկերության «Արաբկիր» շահագործման շրջանի պետ Նարեկ Փափազյանի, մյուսների գործով բերված վճռաբեկ բողոքը: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թ. օգոստոսի 23-ի որոշման դեմ հատուկ վերանայման բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ. Գրիգորյանը: Վերջինս պահանջել է բեկանել ստորադաս դատարանների որոշումը, այն փոխարինել այլ որոշմամբ:
Քրեական գործը հարուցվել է 2024 թ. հուլիսի 4-ին ՀՀ Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում: Հուլիսի 26-ի որոշմամբ մերժվել է Ն.Փափազյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին նախաքննական մարմնի միջնորդությունը: Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազի բողոքը մերժել, անփոփոխ թողնել Երեւան քաղաքի քրեական դատարանի որոշումը:
Նշեմ, որ 2024 թ. հոկտեմբերի 24-ին դատարանը որոշում է կայացրել թիվ ԵԴ1/2966/01/24 քրեական գործով՝ ըստ մեղադրանքի Հայկ Դավթյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով, Արծրուն Դավթյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով, Վլադիմիր Մելքոնյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով, Վաչիկ Ղալայանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով եւ Նարեկ Փափազյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, վարույթ ստանձնելու եւ նախնական դատալսումներ նշանակելու մասին:
Կարդացեք նաև
Նախապատմությունը հետեւյալն է, որը մեղադրանքի հիմքում է դրվել. 2024 թ. հուլիսի 3-ին, ժամը 10:30-ի սահմաններում, Հայկ Դավթյանի հորեղբոր որդին՝ Արծրուն Դավթյանը, իր ընկերության կողմից Երեւան քաղաքի Ֆանարջյան փողոցում տեղակայված ենթակայանում կատարված աշխատանքները թերի լինելու պատճառով վիճաբանության մեջ է մտել ՀԷՑ-ի աշխատակիցների հետ, որի ընթացքում հարվածներ են հասցրել միմյանց: 2024 թվականի հուլիսի 3-ին՝ ժամը 23:05-ի սահմաններում, Հայկ Դավթյանը Վլադիմիր Մելքոնյանի, Արծրուն Դավթյանի, Վաչիկ Ղալայանի եւ քննությամբ ինքնությունները դեռեւս չպարզված առնվազն 5 այլ անձանց հետ եկել են Երեւանի Ռուբինյանց 27/109 հասցեում գործող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության թիվ 1637 ենթակայանի մոտակա տարածք, որտեղ Հ.Դավթյանն իր մոտ գտնվող զենքի գործադրման սպառնալիքով եւ հայհոյանքներ հնչեցնելով՝ հիշյալ հասցեում գտնվող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության «Արաբկիր» մասնաճյուղի աշխատակիցներ Ս. Ե.-ին, Ս.Վ.-ին, Վ. Զ.-ին եւ Գ.Ա.-ին, հրահանգել է չշարժվել, իր մոտ գտնվող զենքի, «նախապես հարմարեցված այլ միջոցների» գործադրմամբ, ինչպես նաեւ ձեռքերով եւ ոտքերով հարվածներ են հասցրել Ս. Ե.-ին, Ս. Վ.-ին եւ Վ. Զ.-ին»։
«ՀԷՑ» ՓԲ ընկերության «Արաբկիր» շահագործման շրջանի պետ Նարեկ Փափազյանին էլ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով մեղադրանք էր ներկայացվել այն բանի համար, որ նա իրենց ծառայողական ու մասնագիտական գործունեության կատարմամբ պայմանավորված «առեւանգել է» տուժողներին:
Ըստ մեղադրանքի` Նարեկ Փափազյանը, տեղեկացված լինելով միջադեպի մասին, ի պաշտոնե տեղյակ լինելով, որ «ՀԷՑ» ՓԲ ընկերության «Արաբկիր» շահագործման շրջանի օրվա պատասխանատու օպերատիվ խմբի կազմում ընդգրկված են ավագ կարգավար Ս. Ա-ն եւ էլմանտյորներ՝ Ս. Ե-ն, Ս. Վ.-ն, Վ. Զ.-ն եւ Գ. Ա.-ն 2024 թ. հուլիսի 3-ին՝ ժամը 22:00- 23:00-ն ընկած ժամանակահատվածում, զանգել է նույն ընկերության «Արաբկիր» շահագործման շրջանի ավագ կարգավար Ս.Ա.-ին եւ դիտավորությամբ վերջինին հայտնել է իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկություն այն մասին, որ Երեւանի Ռուբինյանց 27/109 հասցեում գործող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության թիվ 1637 ենթակայանում տեղի է ունեցել պայթյուն եւ Սամվել Առաքելյանի միջոցով հրահանգել է օրվա պատասխանատու օպերատիվ խմբին մեկնել հիշյալ վայր: Այնուհետեւ, տուժողների կողմից հիշյալ վայր ժամանելուց հետո, քննությամբ ինքնությունները դեռեւս չպարզված անձանց հետ հիշյալ վայր են եկել մեղադրյալները, որտեղ Փափազյանը իր մոտ գտնվող զենքի գործադրման սպառնալիքով եւ հայհոյանքներ հնչեցնելով՝ հրահանգել են չշարժվել, ձեռքերով եւ ոտքերով հարվածներ են հասցրել նրանց::
Մինչդատական վարույթում մեղադրյալ Նարեկ Փափազյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել` բացակայելու արգելքը եւ պաշտոնավարման կասեցումը: Վերջինը հետագայում վերացվել է:
Բողոքաբեր դատախազի գնահատմամբ, ստորադաս դատարանը թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է վարույյթի ելքի վրա, միաժամանակ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտություն:
Ինչպես հայաստանյան դատարաններում քննվող բազմաթիվ քրեական գործերով, դատախազը պահանջել է քրեական գործը քննել 2003թ. օգոստոսի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 1-ին մասով նախատեսված հոդվածի համատեքստում, Վճռաբեկ դատարանի մեկ այլ քրեական գործով հայտնած իրավական դիրքորոշման լույսի ներքո, համաձայն որի` առեւանգումն առկա է նաեւ այն դեպքում, երբ այն կատարվել է խաբեության եղանակով անձի կամքն անտեսելով:
Առաջին ատյանը առեւանգման դրվագի հետ կապված արձանագրել էր դատական ակտում. «Վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված նյութերում առկա են տեղեկություններ, փաստեր եւ ապացույցներ, որոնք ուղղակիորեն մատնանշում են մեղադրյալ Ն.Փափազյանի առնչությունը մեղադրանքի ձեւակերպման մեջ նկարագրված գործողություններին, սակայն վերջինիս կատարած արարքի ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքին համապատասխանելու վերաբերյալ բավարար փաստական տվյալներ չեն ներկայացվել: Ներկայացված նյութերում առկա չեն այնպիսի տվյալներ, որոնք կվկայեն այն մասին, որ Փափազանը կատարել է իրեն մեղագրվող ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արարքը, քանի որ վերոնշյալ հոդվածի դիսպոզիցիայում նշվում է, որ մարդուն առեւանգելը դա իր կամքին հակառակ կամ նրա կամքն անտեսելով, անօգնական վիճակն օգտագործելով այլ վայր տեղափոխելն է: Մինչդեռ ներկայացված նյութերից եւ մեղադրանքի ձեւակերպումից պարզ է դառնում, որ մեղադրյալը որեւէ մեկին տվյալ վայր չի տեղափոխել, ինչը կենթադրեր որեւէ կերպ ֆիզիկական միջամտություն մեկ վայրից մեկ այլ վայր անձանց տեղափոխվելու գործընթացին, իսկ իր կողմից տնօրինվող աշխատակիցերին մեկ այլ վայր գնալը ուղղորդելը չի կարող մեկնաբանվել վերոնշյալ դիսպոզիցիայի շջանակնում: Ուղղորդել եւ տեղափոխել եզրույթները նույնականացնելու դեպքում անձին առեւանգելու հանցակազմը կարող է չափազանց լայն մեկնաբանվել, ինչն ակնհայտորեն չի բխում նշված հանցակազմը սահմանելու օրենսդրի նպատակից»:
Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը, վերահաստատել է այն, որ հանցակազմի այլ ձեւակերպման դեպքում առաջին ատյանի դատարանը դուրս կգար իրեն վերապահված լիազորությունների շրջանակից, այն էլ մինչդատական վերահսկողության ընթացքում:
Մեր տեղեկություններով Վճռաբեկ դատարանն անփոփոխ է թողել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի վիճարկվող որոշումը:
Ռուզան ՄԻՆԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
16.09.2025