Լրահոս
Օրվա լրահոսը

Պետության կազմաքանդում՝ միայն դիլետանտներին առանցքային պաշտոններում նշանակելով. Վազգեն Պետրոսյան

Սեպտեմբեր 17,2025 12:56

Առանց հեղաշրջման ու արտաքին հարձակման, առանց հավելյալ ռեսուրսների ու մարդկային կորուստների որևէ պետության կազմաքանդումը հնարավո՞ր է։ Կա նման միջոց՝ դիլետանտներին առանցքային պաշտոններում նշանակելը։ Այս քայլին հաջորդում է պետության կորուստը։ Սա հաստատումն է հայտնի մտքի՝ «թշնամին «ես»-ի սահմաններում է եւ ոչ մի այլ տեղ»:

Իսկ պետությունները քանդում են 4 խումբ մարդիկ՝

  1. «ՏԻՐԱԿԱԼՆԵՐ» – լիովին եւ ամբողջ հոգով հավատում են «իրական ժողովրդավարությանը» եւ ընտրում լավագույններին, բացառապես իրենց ընտանիքից, կուսակցությունից ու իրենց բոլոր հարեւաններից եւ համաքաղաքացիներից:
  2. «ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՄՏԱԾՈՂՆԵՐ» – կասեցնում են կառավարման համակարգի աշխատանքներին արժանավոր մասնագետների մասնակցությունը, ինչն հիասթափեցնում է արհեստավարժ մասնագետներին եւ բերում մասնագիտությունից, ապա երկրից հեռանալու որոշման:
  3. «ԱԹՈՌԱՊԱՇՏՆԵՐ» – «ինձ մեռնելուց հետո թաղելու են իմ աթոռով» մտածողությամբ ապրողներ։ Այս տեսակը, ասելով` ես, նկատի ունի աթոռը, ասելով աթոռ՝ նկատի ունի իրեն: Նրանք երիտասարդ մասնագետներին դրսեւորման տեղ չեն թողնում։
  4. «ՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԸՆՏՐՈՂՆԵՐ» – հանուն իրենց «ես»-ի քծնող կամակատարներին ճանապարհ տալով՝ սահմանափակում են նախաձեռնող եւ արհեստավարժ կադրերի առաջխաղացումը։

ՀԶՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ՊԵՏՔ Է ՀԻՄՆԱՎՈՐԱՊԵՍ ԲԱՐԵՓՈԽԵԼ ԵՐԿՈՒ ՀԱՄԱԿԱՐԳ՝

Ա – ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ. ներկայում, համաձայն ՀՀ Սահմանադրության, անցկացվում են երկու կարեւոր ընտրություններ՝ խորհրդարանական ու համայնքային։ Երկուսն էլ լուրջ կատարելագործման կարիք ունեն: Բացակայող ամենակարեւոր գործոններից են իրական կուսակցությունները եւ ռացիոնալ քվեարկությունը։ Ներկայում հայաստանյան կուսակցությունները նույնական են իրենց ղեկավարի հետ, իսկ ընտրազանգվածը սովոր է քվեարկել իռացիոնալ եւ հուզական մղումներով՝ առանց կոնկրետ ծրագրերով հետաքրքրվելու։ Այսպիսով` ընտրություններից հետո իշխանությունը հաշվետու չի լինում ժողովրդին:

Բ – ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ. համակարգ, ըստ որի նշանակվում են երկրի հազարավոր գլխավոր պետական ծառայողները, այդ թվում՝ ուժային կառույցների պետերի տեղակալներ, մարզպետներ, դեսպաններ եւ նախարարներ ու փոխնախարարներ, ինչպես նաեւ խոշոր պետական ձեռնարկությունների ղեկավարներ եւ այլն: Այս համակարգը մեծապես կոռումպացված է, մինչդեռ հարկ է պետական կադրային քաղաքականությունը վարել առաջնորդվելով մասնագետների արհեստավարժությամբ։ Պետության կայացման գործում շատ կարեւոր դերակատարում ունեն նաեւ լրատվամիջոցները ։

ԱՅՍ ԿԵՐՊ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՓԼՈՒԶՎԻ ՆԵՐՍԻՑ՝ ԱՌԱՆՑ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ու ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐՁԱԿՄԱՆ:

Վազգեն Պետրոսյան
Հայաստանի ժողովրդային շարժման համակարգող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930