Լրահոս
Օրվա լրահոսը

Հնագույն վիշապաքարերի ուսումնասիրության մասին հայ գիտնականների՝ նոր հոդվածը` միջազգային հեղինակավոր ամսագրում

Սեպտեմբեր 17,2025 13:45

Ազդեցության բարձր գործակից ունեցող «Nature Partner Journals – Heritage Science» սկոպուսյան ամսագրում լույս է տեսել հայ գիտնականների նոր՝ «Gurzadyan V., Bobokhyan A. 2025, Vishap Stelae as Cult Dedicated Prehistoric Monuments of Armenian Highlands: Data Analysis and Interpretation, npj Heritage Science 13/435» («Գուրզադյան Վ․, Բոբոխյան Ա․ 2025, Վիշապաքարերը որպես Հայկական լեռնաշխարհի պաշտամունքային նախապատմական հուշարձաններ. տվյալների վերլուծություն և մեկնություն») հոդվածը։

Հեղինակներն են Ա․ Ի․ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի Կոսմոլոգիայի և աստղաֆիզիկայի կենտրոնի ղեկավար պրոֆեսոր Վահագն Գուրզադյանը, որի հետազոտությունները նվիրված են աստղագիտական տվյալներին և պատմական ժամանակագրություններին և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն պատմական գիտությունների դոկտոր Արսեն Բոբոխյանը, որը վերջին տասնամյակում ղեկավարել է վիշապաքարերին նվիրված լայնածավալ հետազոտությունները։

Հոդվածում ներկայացված են հեղինակների կողմից կատարված վիշապաքարերի չափերի և տեղադրման բարձրության բաշխումների առաջին վիճակագրական վերլուծության արդյունքները: «Արդյունքները հաստատում են վարկածը, որ վիշապները սերտորեն կապված են եղել ջրի հնագույն պաշտամունքի հետ, քանի որ հիմնականում տեղակայված են ջրի բարձրլեռնային աղբյուրների մոտ և գտնվում են նախապատմական ոռոգման համակարգերին կից: Ավելին, դրանց բարձրությունների անսպասելի բի-մոդալ (կրկնակի էքստրեմումով) բաշխումը ենթադրում է տեղադրման հատուկ ձևեր՝ կապված մարդկային սեզոնային գործունեության և պաշտամունքային սովորույթների հետ»,- ասում է Վահագն Գուրզադյանը:

«Հետազոտությունը նպաստում է վիշապ կոթողների խորհրդանշական և ֆունկցիոնալ նշանակության ավելի խորը ըմբռնմանը՝ նախապատմական սոցիալական և կրոնական համակարգերի համատեքստում»,- ասում է Արսեն Բոբոխյանը։

Հետազոտությունն իրականացվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հովանավորած «Ջրօգտագործման մշակույթը Հայկական լեռնաշխարհում հնագույն ժամանակներից ﬕնչև ﬔր օրերը» հետազոտական նախագծի շրջանակներում։

 

Վիշապաքարերը ձկնակերպ, ցլակերպ կամ ձկնացլակերպ պաշտամունքային հուշարձաններ են, որոնք հայտնի են միայն Հայկական լեռնաշխարհում։ Այս քարակոթողները հայտնաբերվել են  Արագածի լանջերին, Գեղամա լեռներում, Սևանա լճի հյուսիս-արևելյան ափերին, Ճորոխ գետի ավազանում և այլուր։  Կերտվել են միակտոր քարից, սովորաբար դրվել են աղբյուրների ակունքների, ջրանցքների, ջրամբարների, արհեստական լճերի մոտակայքում։ Այդ քարակոթողները եղել են երկրագործությունն ու ոռոգումը հովանավորող, ջրի պաշտամունքն անձնավորող հնագույն աստվածությունների խորհրդանիշեր։

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930