Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները ենթարկվեն պատասխանատվության. ՄԻՊ-ը՝ լրագրող Հակոբ Կարապետյանի հանդեպ բռնության մասին

Սեպտեմբեր 17,2025 15:00

ՄԻՊ աշխատակազմի մշտադիտարկման արդյունքում մտահոգիչ տեղեկություն է ստացվել առ այն, որ օրեր առաջ բռնության է ենթարկվել լրագրող, Երևանի մամուլի ակումբի ներկայացուցիչ Հակոբ Կարապետյանը:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բազմիցս է ընդգծել, որ բռնության ցանկացած դրսևորում խստորեն անընդունելի և դատապարտելի է։ Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները ենթարկվեն պատասխանատվության։ Պետությունն այս առումով ունի հստակ իրավական պարտավորություններ։ Հատկապես կարևոր է մասնագիտական, այդ թվում` լրագրողական գործունեություն իրականացնող անձանց անխոչընդոտ, էթիկայի չափանիշներին համապատասխանող գործունեությունը ու դրա երաշխավորումը:

ՄԻՊ աշխատակազմում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նշված դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ և իրականացվում է նախաքննություն: Կարևորելով նշված հանգամամքը` Մարդու իրավունքների պաշտպանն առանցքային է համարում նմանատիպ դեպքերով արագ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննության իրականացումն ու հանրությանը այդ առնչությամբ թույլատրելի ծավալի տեղեկատվության ներկայացումը:

Նշենք, որ նմանատիպ բոլոր դեպքերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո, Պաշտպանի իրավասության շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930