«Մի բան է ցավալի, ինչը ի հայտ եկավ 2022 թվականից՝ այն, որ Եվրոպական միությանը ինտեգրվելու հարցը, որը մեր երկրի համար չափազանց կարևոր է և միաժամանակ կապված է ոչ միայն արտաքին կուրսի, այլև պատմության, մշակույթի, ինքնության հետ, շատերի համար ընդամենը գործիք է։ Սա մենք տեսանք միայն 2022 թվականին», – ինչպես տեղեկանում ենք Վրաստանի հանրային հեռուստատեսության «Առաջին ալիք»-ի կայքից, հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին։
Ինչպես նախարարը նշել է «Ակտուալ թեմա Մակա Ծինծաձեի հետ» հաղորդման ընթացքում, ակնհայտ դարձավ, որ եվրոպական ինտեգրացիան, որը Վրաստանի համար շատ կարևոր է, ուրիշների համար ընդամենը քաղաքական պայքարի գործիք է։
«Եվրոպական միությունում անդամակցության հայտ ներկայացնելուց հետո, հայտը կապված էր վրացի ժողովրդի կամքի, Վրաստանի կառավարության կողմից իրականացված բազմաթիվ բարեփոխումների հետ, որոնք երկիրը հասցրին մի մակարդակի, երբ մենք հնարավորություն ունեցանք ներկայացնել այդ հայտը։ Մենք տեսանք վերաբերմունքը, որը կապված էր թեկնածուի կարգավիճակ շնորհելու հետ։ Ակնհայտ դարձավ, որ եվրոպական ինտեգրացիան, որն մեզ համար շատ կարևոր է, ուրիշների համար ընդամենը քաղաքական պայքարի գործիք է։ Տեսանք, թե ինչպես դա օգտագործվեց Վրաստանի ներքին քաղաքականության վրա ազդեցություն գործելու համար։ Ընդդիմության ձեռքում եվրոպական ինտեգրացիայի հարցը նույնիսկ զվարճալի թեմա դարձավ։ Հենց սա ենք մենք ասել՝ մենք չենք ցանկանում նման վերաբերմունք, որովհետև այս հարցը մեզ համար չափազանց կարևոր է, դա վնասում է հարաբերություններին Եվրամիության հետ և չի կարելի, որ դա շարունակվի այսպես», – նշել է Բոչորիշվիլին։