Լրահոս
Օրվա լրահոսը

Նախիջևանի հետ ցամաքային ուղիղ կապի ներադրբեջանական իրական մոտիվները. «Գեղարդ»

Սեպտեմբեր 17,2025 17:28

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ. Արդյո՞ք Ադրբեջանի ղեկավարությունն անհանգստացած է նախիջևանցիների տեղաշարժի ազատությամբ։ Պատասխանը, վստահաբար, ո՛չ։

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ ցամաքային անմիջական կապ ունենալու Բաքվի մտադրություններն առավել արտահայտիչ ու ագրեսիվ են դարձել 2020 թվականի պատերազմից հետո։ Պայմանական «հին» ու «նոր» մտադրությունների համատեքստում Ադրբեջանի և Նախիջևանի միջև ցամաքային անմիջական հաղորդակցությունն, այդուհանդերձ, կարող ենք բաժանել սկզբունքային երկու ուղղությունների՝ արտաքին աշխարհաքաղաքական և ներադրբեջանական։ Վերջինս առանձնահատուկ է ադրբեջանական «միասնական» պետության տրամաբանության և Նախիջևանի՝ ադրբեջանցիների հետ ուղիղ շփումների ու ազատ տեղաշարժի ապահովման անհրաժեշտության տեսանկյունից։

Նախիջևանի բնակչությանը «շրջափակումից» դուրս բերելու հարցում «մտահոգ» Բաքվի իշխանություններն ավելի քան 5 տարի փակ են պահում ամբողջ երկրի, այդ թվում՝ Ինքնավար Հանրապետության ցամաքային սահմանները։ Եթե նախիջևանցիները մինչ այդ կարող էին Ադրբեջանի մյուս շրջաններ տեղաշարժվել հարևան Թուրքիայի կամ Իրանի տարածքով, օգտվել մոտակա շուկաներից, ապա ներկայում այդ հնարավորությունից զրկված են հենց կենտրոնական իշխանությունների ընդունած որոշման հետևանքով։ Զավեշտալի է տեղաշարժի սահմանափակումը կապել Հայաստանի տարածքով «միջանցքի» բացակայության հետ այն դեպքում, երբ պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է հաղորդակցության համար անհրաժեշտ ճանապարհը տրամադրելու պատրաստակամության մասին՝ նախատեսելով նաև համապատասխան անցակետերի գործարկումը։

Բոլշևիկաքեմալական համաձայնությունների ու պատմական իրադարձությունների բերումով հանդիսանալով Խորհրդային Ադրբեջանի, ապա՝ Ադրբեջանական Հանրապետության մաս՝ Նախիջևանն ունեցել է քաղաքական, ժողովրդագրական ու հասարակական յուրահատուկ պատկեր։ Այն ենթարկվել է Բաքվի իշխանությունների վարած հայատյաց, հայաթափման ու հայկական մշակութային արժեքների ոչնչացման միտումնավոր քաղաքականությանն, ինչի հետևանքով 1988 թվականին արդեն տեղի հայ բնակչությունը կազմել է մոտ 1%։

Աշխարհաքաղաքական հաշվարկների տրամաբանության շրջանակներում Նախիջևանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել տարբեր տերություններ՝ այն դիտարկելով որպես տարածաշրջանային տնտեսական կարևորագույն ցամաքային ուղիները կապող խաչմերուկ։ Սակայն Բաքվի իշխանությունները տասնամյակներ շարունակ այս ինքնավարությունը պահել են խիստ մեկուսացման պայմաններում՝ սահմանափակելով շփումներն արտաքին աշխարհի և նույնիսկ Ադրբեջանի մյուս տարածքների հետ։ «Խաչմերուկային» հարցը մշտապես դեմ է առել «Ղարաբաղի խնդրի» պատճառաբանմանը՝ դրանով հիմնավորելով Հայաստանի, ինչպես նաև՝ Նախիջևանի շրջափակվածությունը:

Նախիջևանն արտաքին աշխարհից մեկուսացված է եղել նաև խորհրդային տարիներին՝ համարվելով յուրօրինակ «գաղտնի ամրոց» Իրանի և «ՆԱՏՕ-ական» Թուրքիայի «գլխավերևում»։ Նույնիսկ ԽՍՀՄ մյուս հանրապետությունների քաղաքացիների այցելությունների համար այն շատ առումներով սահմանափակ է եղել։ Անգամ անկախացումից հետո էլ Բաքվի իշխանությունները, ըստ վկայությունների, շարունակում են զգոն լինել Նախիջևան այցելող հատուկենտ օտարերկրացիների հանդեպ։

2013 թվականից սկսած՝ Ադրբեջանն այս տարածաշրջանը դարձրել է ռազմական խոշոր հենակետ՝ այնտեղ կենտրոնացնելով ստորաբաժանումներ ու ռազմատեխնիկա։ Այս պարագայում՝ տեղի բնակչությունը կենտրոնական իշխանությունների կողմից դիտվում է որպես ռազմական տեղաշարժի անմիջական ականատես, ինչի հետևանքով Նախիջևանի բնակիչները գտնվում են տեղի ուժային կառույցների լրացուցիչ ուշադրության ներքո։

Այս երկրամասը ֆինանսական հիմնական միջոցները ստանում է Բաքվից, իսկ կենսաապահովման համար անհրաժեշտ ռեսուրսների մեծ մասը ձեռք է բերում Իրանից ու Թուրքիայից։ Սակայն հարևան երկրների ազդեցությունն այստեղ նվազեցնելու նպատակով ալիևյան վարչակազմը, 2022 թվականից սկսած, ձեռնամուխ է եղել տեղի քաղաքական իշխանության փոփոխության և մի շարք ստորաբաժանումների վերակազմակերպման գործին՝ դրանք անմիջականորեն ենթարկեցնելով կենտրոնական մարմիններին։

Ինքնավարության լուծարում հիշեցնող այս գործընթացը տեղի է ունենում տարածաշրջանային մի շարք զարգացումներին զուգահեռ, ինչը ցույց է տալիս, որ Ադրբեջանի ղեկավարությունը որոշակի անհանգստություն ունի Նախիջևանի հետ կապված։ Թերևս սրանով կարող է բացատրվել այն հանգամանքը, որ Բաքուն անտեսել կամ մերժել է Նախիջևանի հետ հաղորդակցություն տրամադրելու առաջարկը, սպառնացել այն ապահովել Իրանի տարածքով։ Ուշագրավն այստեղ «Իրանի տարածք»-ի հիշատակումն է՝ հաշվի առնելով, որ նշված ուղին գործել է մշտապես և խաթարվել է հենց Ադրբեջանի կողմից՝ իր ցամաքային սահմանները փակելու որոշման հետևանքով։ Ըստ այդմ՝ փակ սահմանների պայմաններում անհասկանալի են դառնում Արաքսի աջ ափով նոր երթուղու կառուցման մասին հայտարարությունները։

Սակայն, ադրբեջանական կողմի իրական անհանգստությունն այս Ինքնավար Հանրապետության նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելն է, որ Իլհամ Ալիևը փորձում է կյանքի կոչել։ Այն վերջինիս համար կարող է ամրապնդել էլ ավելի մեծ վարկանիշ ու քաղաքական-տնտեսական օգուտներ, ինչպիսիք են՝ դեպի Թուրքիա ու Եվրոպա հաղորդակցությունը, «Հյուսիս-Հարավի» կանխումը կամ վերահսկումը, Հայաստանի և Իրանի ցամաքային սահմանի խաթարումը, իրանական ազդեցությունից ձերբազատման խնդիրը։

Ներադրբեջանական տրամաբանության մեջ ալիևյան ռեժիմի մոտիվները հետևյալն են․

1) Նախիջևանում հասարակական և կլանային դժգոհությունների, Թուրքիայի կամ Իրանի կողմից հրահրված անջատողական ցանկացած դրսևորման դեպքում ճնշում Բաքվից «ցամաքային միջանցքով» արագորեն տեղափոխված ուժերի միջոցով,

2) Նախիջևանյան ռեսուրսների անխափան տեղափոխման ապահովում՝ նկատի առնելով առաջին հերթին խմելու ջրի սակավության խնդրի առկայությունը։

Չնայած Նախիջևանի ռազմավարական կարևոր նշանակությանն՝ այս երկրամասը բախվում է սոցիալական մի շարք խնդիրների, որոնք ազդում են բնակիչների բարեկեցության ու կյանքի որակի վրա։ Ինչպես Ադրբեջանի մյուս հատվածներում, այստեղ ևս մեծ տարածում ունեն աղքատությունը, գործազրկությունը, կենսական անհրաժեշտության ապրանքների, առողջապահական և այլ ծառայությունների սակավությունը։ Սահմանային մեկուսացման պատճառով նախիջևանցիները նաև տեղեկատվական ու տեղաշարժման սահմանափակման են ենթարկվում, ինչի հետևանքով իրավունքների ու ազատությունների ոտնահարման, չարաշահումների ու բռնությունների մասին բարձրաձայնումները հաճախ անլսելի են դառնում։

Տեղի ադրբեջանական ռազմական մեծ ներկայությունը ևս լրացուցիչ ռիսկեր է պարունակում՝ հեղաշրջում կազմակերպելու հավանականության առումով։ Մեկ այլ սպառնալիք է նաև իսլամական ծայրահեղական խմբավորումների հնարավոր մուտքը Նախիջևան, ինչի մասին ակնարկել է նույնիսկ Իլհամ Ալիևը՝ երկրի ցամաքային սահմանները փակ պահելու որոշման արդարացման համատեքստում։

Մինչ օրս Ինքնավար Հանրապետությունը գազը ստանում է Իրանից, իսկ Իգդիր-Նախիջևան գազատարը դեռ կառուցված չէ։ Ակնհայտ է, որ ուղիղ կապի միջոցով Ալիևը կձգտի նախիջևանցիներին ադրբեջանական գազով ապահովել՝ ապարդյուն դարձնելով նաև թուրքական խողովակի մուտքն այստեղ։ Սա մի կողմից ավելի քան 400 հազար նախիջևանցիներին (ըստ ադրբեջանական տվյալների՝ 470 հազար) Բաքվից էներգետիկ կախվածության մեջ պահելու, մյուս կողմից՝ Թուրքիայի ու Իրանի, ինչպես տնտեսական, այնպես էլ՝ քաղաքական ազդեցությունն այստեղ բացառելու միտում ունի։

Այսուհանդերձ՝ թեև Նախիջևանը Բաքվի իշխող վերնախավի համար մի կողմից յուրահատուկ հենակետ է, սակայն մյուս կողմից այն հանդիսանում է սպառնալիք։ Ծագումով նախիջևանցի Իլհամ Ալիևի՝ այս երկրամասի նկատմամբ մեկուսացնող քաղաքականությունը պարտադրված է՝ ապահովելու սեփական իշխանության կայունությունն ու ժառանգականությունը։ Միևնույն ժամանակ նման պարտադրանքը թույլ չի տա Նախիջևանից դեպի Բաքու քաղաքական տարրերի հնարավոր հոսքը (որպես օրինակ ունենալով 1993թ. Հեյդար Ալիևի «տեղափոխությունը» Բաքու)։ Այս համատեքստում հստակ է, որ այդքան խիստ ցանկալի «միջանցքն» ավելի շատ ալիևյան ընտանեկան և Ադրբեջանի աշխարհաքաղաքական շահերի տիրույթում է, քան՝ Նախիջևանի հասարակ բնակչության։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930