Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջիկայում ՔՊ վարչության նիստն է, եւ մենք ավելի շատ գզվռտոցների ականատեսը կդառնանք: Այս խմորը դեռ շատ ջուր է քաշելու». Գառնիկ Դանիելյան

Սեպտեմբեր 17,2025 18:15

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով մամուլում տարածված տեղեկությանը, թե ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանը կուսակցության վարչության նիստում Ալեն Սիմոնյանին կուսակցությունից հեռացնելու պահանջ է ներկայացրել եւ, ընդհանրապես, ՔՊ-ի ներսում տիրող իրավիճակին՝ ասաց. «ՔՊ-ում մեկը մյուսի վրա լայնածավալ կոմպրոմատների կռիվ է գնում ու դա նորություն չէ: Մեզ պարբերաբար տեղեկություններ են հասնում այն մասին, որ կապիտալ կիսելու, ազդեցությունները կիսելու խնդիր կա իրենց մեջ: Ու այդ խնդիրները նորություն չեն: Մի թեւը այսինչ գործարարի հետ է աֆիլացված եւ պաշտպանում է այդ գործարարի կամ նրա կլանի շահերը, մյուսը՝ մեկ ուրիշի:

Այն, որ ՔՊ-ն հետհեղափոխական տարիներին ասում էր, որ չեն լինելու քավոր-սանիկական, ծանոթ-բարեկամական հարաբերությունները, այսօր այնպիսի մի համակարգ է ստեղծել, որ տարբեր կլանների սերտաճում է տեղի ունեցել ու այսօր փողի եւ ազդեցության կռիվ է: Այդ կռվի մեջ ինչքան իրենք բացահայտվեն, ինչքան իրար միս ուտեն ու ինչքան հնարավորություն լինի ինֆորմացիա ստանալու այդ ամենից, այնքան ժողովուրդը շատ բան կտեսնի: Օրինակ, կտեսնի, թե շինարարության տենդերների մեջ ով է հաղթում, ասֆալտի տենդերներում ով է հաղթում:

Սիրելի ժողովուրդ, որ առավոտից ասում ենք՝ մեր ժողովրդին նստացրել են նարկոտիկների ու խաղամոլության վրա, օդից ենք ասո՞ւմ այդ ամենը, օդից ենք ասո՞ւմ, որ ամեն մի բակում նարկոտիկի «զակլադկա է», որ կրթական համակարգում նարկոտիկ է «ֆռռում», օդից ե՞նք ասում, որ խաղամոլություն է եւ իրավական համակարգում եւ բանակում: Ազգին «նստացրել են» դրա վրա: Ու ինչի համա՞ր: Որովհետեւ ամեն մեկը մեկի հետ աֆիլացում ունի, ամեն մեկը մեկի հետ փայակռիվ ունի՝ փայի կռիվ է, փողի կռիվ է:

Էն, որ մեր խորհրդանիշներն են վաճառքի, աճուրդի հանել, մեր ազգային արժեքներն են աճուրդի հանել, մեր ինքնությունն են աճուրդի հանել, այն, որ արդեն հասել են Արարատ լեռանը ու այսօր ինքնագոհ սրիկաներն ասում են, թե մեզ խանգարում է Արարատ լեռը, քիչ է մնում ասեն՝ պետք է այս կամ այն պաշտոնյայից մինչեւ քաղաքներ, բիզնեսներ, կոնյակ եւ այլն, անունները փոխենք:

Հարցի մի կողմն է, որ կա «արտաքին առեւտուր» եւ «ներքին առեւտուր», որտեղ իրենք իրենց զգում են ինչպես ձուկը՝ ջրում: Եվ ես չեմ հոգնելու ասել, որ այն մարդիկ, հեղափոխական այն տղաները, որոնք ասում էին, թե հանրային տրանսպորտով պիտի երթեւեկեն, թե ապառիկով էին փոշեկուլ եւ հեռուստացույց առնում, թե հարկային ծառայությունները հարկային ու բանկային պարտավորությունները չկատարելու համար իրենց հաշիվների վրա կալանքներ են դրել, այս «հեղափոխական տղերքը» որոշել են՝ Հայաստանը փայ-փայ, կտոր-կտոր անեն, այն, ինչ ծախելու է թուրքին ու ադրբեջանցուն իրենց հերթին ծախեն: Իսկ այն, ինչ ներսում է, մանր-մունր, միջին ու մեծ կալիբրի իշխանավորներ կան, դրանք էլ առանձին են իրար միս ուտում ազդեցության ոլորտները միմյանց մեջ բաժանելու համար:

Առաջիկայում ՔՊ վարչության նիստն է, եւ մենք ավելի շատ գզվռտոցների ականատեսը կդառնանք: Ու պարզ եւ ակնհայտ է, որ «այս խմորը դեռ շատ ջուր է քաշելու»:

Թմրամիջոց օգտագործողը ինչո՞ւ պետք է ազգային արժեքների մասին խոսի, Արարատ սարի մասին: Արցախը, Հայաստանի Հանրապետության տարածքների օկուպացիան ինչո՞ւ պետք է նրա համար ցավ լինի: Թմրամոլի համար ինչո՞ւ պիտի ցավ լինի, որ Ադրբեջանին միջանցք են տրամադրում: Այսպես զիջումներով, տալով, հանձնելով՝ ներսում ստեղծում են մի մթնոլորտ, որ հայը հային ատի, առանց արժեքային համակարգի ամորֆ մի զանգված լինի, որն ընդամենը մտածի «կալբասի» մասին: Սա ստորության գագաթնակետն է», ասաց պատգամավորը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930