Տեղեկացրել ենք, որ երեկ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առաջարկով չեղարկվեց քաղաքի օրը․Գյումրու ավագանու նիստից օրակարգից հանվեց «Գյումրու օր» ամենամյա տոնակատարություններին նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման նպատակով դրամական միջոցներ հատկացնելու մասին» հարցի քննարկումը։ Իսկ այդ նպատակի համար, ինչպես զեկուցեց Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պես Լիլիթ Թովմասյանը, անհրաժեշտ էր հատկացնել 6 մլն դրամ։
«Առաջարկում եմ հանենք այս հարցը․ զգում եմ, տրամադրությունն այն չէ, դիմացը ցուրտ եղանակ է»,- պատճառաբանեց քաղաքապետը:
ՔՊ-ականները թեմային արձագանքեցին ոչ թե տեղում ու ճիշտ պահին, այլ ավելի ուշ։
Կարդացեք նաև
Սրան անմիջապես հաջորդեց ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանի ֆեյսբուքյան հայտարարությունն՝ արտահերթ նիստ հրավիրելու մասին։
«Սիրելի գյումրեցիներ, հաշվի առնելով ձեր բազմաթիվ զանգերն ու մտահոգությունները` կապված «Գյումրու օր» տոնակատարության չեղարկման հետ, Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախաձեռնելու է ավագանու արտահերթ նիստ:
Օրակարգում «Գյումրու օր» տոնակատարության անցկացման վերաբերյալ հարցն է լինելու:
Գյումրեցուն չեն կարող զրկել տոնից և արդեն ավանդույթ դարձած օրը արժանվույնս նշելու հնարավորությունից», -ֆեյսբուքյան իր էջում գրել էր Սարիկ Մինասյանը։
ՔՊ-ականներից շատերը, կիսելով Սարիկ Մինասյանի գրառումը, իրենց վրդովմունք էին հայտնել այս թեմայի շուրջ։
Ամսի 22-ին արդեն իսկ նշանակված է արտահերթ նիստը։
Քիչ առաջ հայտարարություն տարածեց նաև Գյումրու ավագանու «Կոմունիստական կուսակցություն» խմբակցությունը, որը, պարզվեց, համակարծիք է ՔՊ-ականների հետ․ գյումրեցրին չպիտի զրկել տոնից։
Կոմունիստների հայտարարության մեջ գրված է. «16.09.2025 թվականի ավագանու նիստի ընթացքում քննարկումից հանվեցին «Գյումրու օր» տոնակատարությունը, որի անցկացման հիմքը դրվել է Վարդան Ղուկասյանի նախաձեռնությամբ` դեռևս 2000 թվականների սկզբին,ինչպես նաև «Հայաստանի գույները» խորագրով ջրաներկի փառատոնը, որն արդեն երկու տարի հաջողությամբ իրականացվել է, Համո Սահյանի երեկոն մեծ շուքով կազմակերպելու միջոցառման նախագծերը:
Այս նախաձեռնությունները կարևոր նշանակություն ունեն Գյումրու մշակութային կյանքի հարստացման, քաղաքի պատմական ու ստեղծագործական դիմագծի պահպանման և զբոսաշրջային գրավչության բարձրացման համար։
«Գյումրու օր» ավանդական տոնակատարությունը ամրապնդում է քաղաքի ինքնությունը և համախմբում բնակիչներին, «Հայաստանի գույները» փառատոնը բացահայտում է նոր տաղանդներ և ներկայացնում մեր գեղարվեստական ներուժը, իսկ Համո Սահյանի երեկոն նպաստում է ազգային գրական ժառանգության արժևորմանը։
Հաշվի առնելով այս միջոցառումների մշակութային, կրթական, երիտասարդական և հանրային արժեքը՝ առաջարկում ենք ավագանու բոլոր խմբակցություններին կրկին անդրադառնալ այս նախագծերին՝ ի նպաստ Գյումրու մշակութային զարգացման և համընդհանուր շահերին»:
Նկատենք, որ թեման համացանցում լայն քննարկման էր արժանացել, անդրադարձել էր նաև «Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը՝ գրելով․
«Գյումրու տոնը որևէ մեկի անձնական կամ ընտանեկան դժբախտության պատճառով չպետք է չեղարկվի։ Դժբախտությունների միջով անցած գյումրեցին պատասխանատու չէ, որ մի չկայացած կիսաքրեականի որդու նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել ու սահմանվել է տնային կալանք, կամ որ թեմի առաջնորդի խափանման միջոցը երկարաձգվել է, և նա կարող է մնալ անազատության մեջ։
Հուսով եմ, իշխող ուժը կդրսևորի բավարար կամք, որպեսզի գյումրեցիներին այս մղձավանջը «պարգևելուց» հետո գոնե չզրկի նրանց քաղաքի տոնին լիաթոք ուրախանալու հնարավորությունից»:
Ավելի ուշ հայտարարությամբ հանդես եկավ նաև Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, հերքելով լուրերը, որ «Գյումրու օրվա» տոնակատարությունը չի կայանա:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ