Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական կողմը շահագրգռված է զարգացնելու գործակցությունը Չինաստանի հետ բազմակողմ հարթակներում. Հակոբ Արշակյան

Սեպտեմբեր 17,2025 21:12

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդակցական համաժողովի 14-րդ ազգային կոմիտեի փոխնախագահ Սու Հույի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա են եղել նաեւ բարեկամական խմբի անդամներ, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը եւ Գեղամ Նազարյանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը ողջունել է բարձրաստիճան հյուրերին եւ կարեւորել հայ-չինական ջերմ ու բարեկամական հարաբերությունների խորացման հեռանկարները, ընդգծել երկկողմ բարձր մակարդակի այցելությունների ընդլայնումը:

ԱԺ փոխնախագահն անդրադարձել է վերջին տարիներին երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման, ապրանքաշրջանառության ծավալի զգալի աճի միտումներին եւ փաստել, որ թե՛ առեւտրատնտեսական, թե՛ էներգետիկ ոլորտներում առկա է չօգտագործված հսկայական ներուժ: Այս համատեքստում կարեւորվել է տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը: Հակոբ Արշակյանը խոսել է նաեւ տեխնոլոգիական ոլորտում Չինաստանի հետ կապերը խորացնելու անհրաժեշտության մասին: Այս առումով ընդգծվել է «Ինժեներական քաղաք» եւ «Ակադեմիական քաղաք» նախագծերում համագործակցության հնարավորությունը:

ԱԺ նախագահի տեղակալը փաստել է, որ հայկական կողմը շահագրգռված է զարգացնելու գործակցությունը Չինաստանի հետ նաեւ բազմակողմ հարթակների շրջանակներում:

ԱԺ փոխնախագահը գործընկերոջը ներկայացրել է տարածաշրջանային մարտահրավերները, փաստել, որ Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու նպատակին: Հակոբ Արշակյանի խոսքով Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի եւ ԱՄՆ ղեկավարների հանդիպումն ու դրա արդյունքում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը եւ ընդունված եռակողմ հռչակագիրը լրջագույն զարգացում են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում: Ընդգծվել է, որ դեռեւս չլուծված են մնում հումանիտար հարցերը, մասնավորապես՝ 23 գերի շարունակում է գտնվել ադրբեջանական բանտերում:

Հյուրերին ներկայացվել է ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը, ըստ Հակոբ Արշակյանի, կնպաստի տարածաշրջանի զարգացմանը:

Շնորհակալություն հայտնելով Հակոբ Արշակյանին Հայաստան այցի հրավերի համար՝ Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդակցական համաժողովի 14-րդ ազգային կոմիտեի փոխնախագահը մատնանշել է 2024 թվականին ԱԺ փոխնախագահի գլխավորած պատվիրակության այցը Չինաստան, ինչը, ըստ նրա, զգալի դերակատարություն է ունեցել հայ-չինական հարաբերությունների զարգացման գործում: Սու Հույի գնահատմամբ 2025 թվականը երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից հաջողված տարի էր. երկու երկրների ղեկավարները հայտարարեցին ռազմավարական գործընկերության օրակարգի մասին, որը համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի: Կարեւորվել են խորհրդարանականների ակտիվ շփումները: Սու Հույը բարձր է գնահատել Հայաստանի աջակցությունը «Մեկ Չինաստան» սկզբունքին եւ մի շարք այլ հարցերում:

Քննարկվել են մի շարք բնագավառներում համագործակցության խթանման ուղիները:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930