Կառավարության որոշմամբ (իսկ ինչպես ասում է Փաշինյանը՝ «կառավարությունը ես եմ»), նոյեմբերի 1-ից սկսած մուտքի/ելքի դրոշմակնիքից կհեռացվի Արարատ լեռան պատկերը։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այս թուրքամետ քայլը մեկնաբանեց «դաստիարակչական» ոճով. «Երբ տուն ես կառուցում, չպետք է պատի վրա ունենաս նկար, որը կարող է հարևանի մոտ այլ զգացմունքներ առաջացնել»։ Հետաքրքիր է՝ սա ի՞նչ կանոն է։ Արժե հետաքրքրվել՝ Արմեն Գրիգորյանն իր հարևաններից հարցուփորձ արե՞լ է, թե ինչ նկարներ կարող է կախել իր պատերին։
Ավելին, դրոշմակնիքի վրա, ինչպես նաև զինանշանում Արարատը պատկերված է Հայաստանի միջազգային ճանաչում ունեցող տարածքից։ Այսինքն, որևէ կերպ չի կարող խոսք լինել այլ երկրի տարածքային ամբողջականության դեմ ուղղված քայլի մասին։ Ուրեմն ինչո՞ւ է հայկական իշխանությունը կարծում, թե այս կերպ վիրավորվում են թուրքական զգացմունքները։ Միգուցե հիմա արդեն արգելվա՞ծ է հայերին նայել Արարատին, եթե դա հարևանի շրջանում հույզեր է առաջացնում։ Միգուցե Արարատի բոլոր տեսարանները՝ բոլոր անկյուններից, արդեն թուրքական մենաշնո՞րհ են։
Եվ մի հարց էլ՝ իսկ հարևանները պատրաստվու՞մ են հարգանքով վերաբերվել հայերի զգացմունքներին։ Դատելով նրանց հռետորաբանությունից՝ հակառակը։ Ուրեմն, ինչո՞ւ է Փաշինյանը խաղում միակողմանի խաղ՝ պատրաստ գլխով պատին տալ, միայն թե բավարարի «գործընկերների» ցանկությունները, որոնք ոտք են դնում մեր արժանապատվության վրա՝ մեզ նվաստացնելով։
Այժմ հերթը հասել է Հայաստանի զինանշանին։
Կարդացեք նաև
Ինչպես ասում է իշխող կուսակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, պետության խորհրդանիշները չպետք է պարունակեն հուզական տարրեր և վտանգավոր ուղերձներ։ Չէ՞ որ մեր հարևանը չափազանց զգայուն է։ Ընդհանրապես, թուրքերի և ադրբեջանցիների զգացմունքների հանդեպ հոգատարության, ինչպես նաև հայկական ազգային ինքնության «տրանսֆորմացման» (կարդա՝ ոչնչացման) շրջանակներում Փաշինյանը կարող է այնքան հեռու գնալ, որ շուտով հայերին դժվար կլինի հավատալ, որ այս ամենն իրականում է տեղի ունենում։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում
Լուսանկարը հրապարակված է Զվարթնոց միջազգային օդանավակայանի ֆեյսբուքյան էջում. «Երբ առավոտը սկսվում է այս տեսարանով» մակագրությամբ