Գեղագիր Ռուբեն Մալայանը հիմար քայլ է համարում Այբբենարանից Մեսրոպ Մաշտոցի նկարը հեռացնելու և այն QR կոդով փոխարինելու՝ դասագրքի հեղինակների որոշումը:
«Մեսրոպ Մաշտոցը մեր մշակույթի ամենակարևոր մարդն է, ես ընդհանրապես նրան համարում եմ հայ պատմության մեջ ամենակարևոր մարդը, դու ո՞նց կարող ես Այբբենարանում նրա դիմանկարը չդնել: Դա նշանակում է՝ ինքը քեզ համար կարևոր չէ, QR կոդով կարելի է փոխարինել: Այդ դեպքում կարող ենք Մասիսն էլ ջնջել, ասել՝ ինքը չկա. նույն տրամաբանության մեջ է: Ցավոք, չեմ զարմանում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Նա վստահ է՝ Ակադեմիական քաղաք չի լինելու. «Այս կառավարությունը չի կարող նման նախագիծ իրականացնել, ինքը չունի այդ ինտելեկտը, ոչ էլ այդ տեսադաշտը: Սա ուղղակի մեր բոլորի հարկերից հավաքած փողը վատնել է: Սա շատ սխալ որոշում է: Նախ՝ չկա ենթակառուցվածք, մինչև այն կառուցվի՝ անցնելու են տարիներ: Այդ ամայի վայրը կրթական միջավայր սարքելն աբսուրդի ժանրից է, դա չի լինելու: Ես նախ առաջնահերթությունները կսահմանեի: Ի՞նչն է մեզ համար կարևոր. ինքնությունը կարևո՞ր է, պատմություն իմանալը կարևո՞ր է, քո դերը պատմության շերտի մեջ իմանալը կարևո՞ր է, թե՞ կարևոր չէ: Ո՞ւր ես ուզում գնալ, այդպես էլ կառուցիր քո կրթական համակարգը: Ո՞վ ես ուզում լինել»,- շեշտեց նա:
Ռուբեն Մալայանի գնահատմամբ՝ չի կարող «Իրական Հայաստանը» «Պատմական Հայաստանի» հետ կապ չունենալ. ««Իրական Հայաստանը» առանց անցյալի ի՞նչ է: Պատմությունդ քո անցած ճանապարհն է: Նույն կատեգորիայից է, որ ասում են՝ Մասիսը սահմանից այն կողմ է, ուրեմն՝ քո մշակույթի մասը չէ: Նույն տրամաբանությամբ պետք է ասենք՝ դուք էլ լուսինը հանեք ձեր դրոշից, այն ձերը չէ: Աբսուրդ է դա: Ես կփորձեի հասկանալ զարգացման վեկտորը, հասկանալ, որ մենք հիմա սիտուատիվ գտնվում ենք այս իրավիճակի մեջ, կփորձեի հասկանալ՝ ո՞վ ենք մենք: Այսինքն՝ վիճակագրություն կհավաքեի, կփորձեի հասկանալ, թե դպրոցականները, ովքեր պետք է բաձրագույն կրթություն ստանան, իրենց հոգեվիճակը, իրենց պատրաստվածության աստիճանը, ինչքանով են իրենք հասունացած… Այստեղ լիքը հարցեր կան: Երբ այդ առաջնահերթությունները ճիշտ ես շարում, պարզ է դառնում՝ որն է կարևորը, որը՝ երկրորդական, և դու կարող ես կառուցել համակարգ: Էլի բոլոր խնդիրները չեն կորելու, էլի լինելու է սաբոտաժ, բայց գոնե ճիշտ ուղու վրա կկանգնես: Բայց երբ այդ առաջնահերթությունները քեզ թվում են տրամաբանական, բայց ժողովուրդն ասում է՝այս ի՞նչ ես անում, դա նշանակում է, որ դու կտրված ես իրականությունից: Ազգդ իրականում ուրիշ բան է ուզում, բայց դու իրեն պարտադրում ես մի բան, որը, կարծում ես՝ վերջին ճշմարտություն է»:
Կարդացեք նաև
Ռազմիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ում։