2024 թվականի մայիսի 31-ին դատարանը` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին արդարացրեց՝ հերքելով դատախազության ապացույցներն ու մեղադրանքը, թե իր նախագահության տարիներին Սերժ Սարգսյանը կազմակերպել է պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն։
Երեկ տեղեկացանք, որ այս գործը կրկին ուղարկվել է դատարան՝ նոր քննության։ Գործն այժմ Հակակոռուպցիոն դատարանում է՝ դատավոր Խաչիկ Ղազարյանի վարույթում։
Սերժ Սարգսյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը «Հրապարակ»-ին պարզաբանեց իրավիճակը․ «Առաջին ատյանի դատարանը կայացրել էր արդարացման դատավճիռ, դրանից հետո Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանն այդ ակտը բեկանել էր, դրանից հետո գլխավոր դատախազը եւ մենք բողոքներ էինք ներկայացրել Վճռաբեկ դատարան, որը վարույթ չի ընդունել` ոչ մեր, ոչ դատախազության ներկայացրած բողոքները, հիմա գործը նորից եկել է առաջին ատյանի դատարան»։
Ըստ Մակինյանի՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը Սերժ Սարգսյանի անմեղության հարցը կասկածի տակ չի դրել, ընթացակարգային հարցեր է նշել, որ պետք է քննվեն․ «Թե առաջին ատյանի դատարանը, թե վերաքննիչը դատարանը անմեղությունը ֆիքսել են»։
Կարդացեք նաև
Նույն գործով, վաղեմությունն անցած մեղադրանքով Սերժ Սարգսյանը, փաստորեն, կրկին կկանգնի դատարանի առաջ։ Սա նրան առաջադրված 5 մեղադրանքներից մեկն է: Առաջինը դիզվառելիքի գործն է, որով նախկին նախագահն արդարացվել է եւ այժմ «երկրորդ կռուգով» է քննվելու, երկրորդն առանձնապես խոշոր չափերով յուրացման կամ վատնման, պաշտոնեական դիրքն օգտագործելով` առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման ենթադրյալ գործն է, որը դատարանում քննվում է, երրորդը՝ գործարար Սիլվա Համբարձումյանից կաշառք վերցնելու գործն է, որը եւս դատարանում է, եւ մի գործ էլ վերաբերում է ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու, կաշառք վերցնելու, պաշտոնը չարաշահելու մեղադրանքին:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: