«Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ադրբեջանցի պետք է մշտապես մտածի այն մասին, որ յուրաքանչյուր հայ կարող է լինել պոտենցիալ ահաբեկիչ, և իր վերաբերմունքում հայերի նկատմամբ կամ անվտանգության հետ կապված մտորումներում պետք է անպայման հաշվի առնի այս գործոնը»,-սա հատված է Ադրբեջանի իշխող ուժի պատգամավոր, իր հայատյաց ելույթներով աչքի ընկած Հիքմեթ Բաբաօղլուի հարցազրույցից։
Սա կոչվում է պետական մակարդակով քարոզվող ատելություն, նման քարոզչությունն է հանգեցնում պատերազմի, էթնիկ զտման ու ցեղասպան գործողությունների։ Սա ստանդարտ ատելության քարոզ չէ կամ շարքային Ադրբեջանի քաղաքացու խոսք, սա արվում է պետության քաղաքական ղեկավարության կողմից։ Այս պարզ թվացող, բայց միևնույն ժամանակ խիստ վտանգավոր իրողությունը մինչ օրս հայկական հանրային ու քաղաքական տիրույթում խիստ թերագնահատված է։
Նույն Բաբաօղլուն նաև հավելում է․ «․․․մենք պետք է միշտ մեր քայլերն իրականացնենք՝ հաշվի առնելով այս փաստերը՝ լինի դա իրավապահ մարմինների, պետական անվտանգության կառույցների, կամ ամենակարևորը՝ Ադրբեջանի քաղաքացիների կողմից։ Մեր հասարակական կարծիքը պետք է այսօր, վաղը և նույնիսկ 100 տարի անց էլ ունենա հստակ պատկերացում, թե ովքեր են հայերը։ Մենք չպետք է մոռանանք, որ եթե թեկուզ մի փոքր վստահություն ցուցաբերենք հայերի նկատմամբ, այդ վստահությունը հետագայում կարող է վերածվել մեր մեջքին խրված դանակի։ Այդ իսկ պատճառով՝ մեր քաղաքացիներն էլ պետք է մշտապես զգոն լինեն և կրկին լրջորեն մտածեն, թե իրականում ովքեր են հայերը»։
Ադրբեջանում պետական մակարդակով քարոզվող ատելության, հայատյացության ու թշնամանքի մասին գրում են հենց ադրբեջանցի հետազոտողները։ Անկախ հետազոտող Վաֆա Նաղիևան «OC-Media» կայքում հրապարակված իր հոդվածում գրում է․ «Ադրբեջանի իշխանամետ մեդիան տարիներ շարունակ ձևավորել է «թշնամու» նարատիվ՝ խորացնելով ատելության խոսքը և թշնամանքն ընդդեմ հայերի։ Այսպիսի նարատիվները, որոնք խորապես ամրապնդված են հասարակական հիշողության մեջ, չեն կարող պարզապես մի գիշերում անհետանալ»։
Կարդացեք նաև
Հայերին որպես «թշնամի» ներկայացնելու խոսույթը ոչ միայն չի անհետանում ադրբեջանական մամուլից, այլ նոր դրսևորումներ է ստանում։ Ուզում եմ ընդամենը մի քանի օրինակ բերել, թե ինչ վերնագրերով են մեր հայրենակիցների դեմ Բաքվում ընթացող շինծու «դատավարությունները» ներկայացվում ադրբեջանական մամուլում։
Օրինակ, «Բաքվի դատարանը ուսումնասիրել է ադրբեջանցիների նկատմամբ կատարված վայրագությունների վերաբերյալ փաստաթղթերը», գրում է իրենց քարոզչական «Minval.az» կայքը կամ՝ «Ցեղասպանությունը մանրամասնորեն», սա «Бакинский рабочий» թերթի սեպտեմբերին հրապարակված նյութի վերնագիրն է, իսկ այս թերթը Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տպագիր օրգանն է։
Ուզում եմ հիշեցնել, որ հենց այս թերթը հունվարի 18-ին՝ շինծու «դատավարությունների» մեկնարկից առաջ նյութ հրապարակեց՝ արձանագրելով «Այս գործընթացն առաջին հերթին ծառայելու է դատական ճանապարհով հաստատելու Հայաստանի պետական պատասխանատվությունը՝ որպես բռնազավթող և ագրեսոր երկրի, ինչպես նաև այլ անօրինական գործողությունների համար»։
Այս ֆոնին, երբ մեր հայրենակիցները փաստացի շարունակում են մնալ պատանդ Բաքվում, երբ ադրբեջանական քաղաքական գործիչները կոչ են անում ցանկացած հայի մեջ տեսնել «պոտենցիալ ահաբեկիչ», երբ Վաշինգտոնում «պատմական խաղաղություն» հաստատելուց օրեր անց Ալիևի ելույթում հայերը պատկերվում են որպես «թշնամի», ՀՀ իշխանությունները շարունակում են ագրեսիվ քարոզչությամբ հայ հանրությանը հրամցնել կեղծ ու վտանգավոր օրակարգեր։ Անգամ նախագիծ են դնում շրջանառության մեջ, ըստ որի՝ «Պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերը պետք է բացառեն պատերազմի և վրեժի քարոզը, ուղղված լինեն տարածաշրջանում համակեցության միջավայրի ձևավորմանն ու խրախուսմանը»։ Սա ասվում է «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության մասին» կառավարության որոշման նախագծում: Նախ, այդ ո՞վ է երբևէ Հայաստանում վրեժ ու պատերազմ քարոզել, ՀՀ քաղաքական ղեկավարները անկախության հռչակման օրից ի վեր երբեք չեն օգտագործել ատելություն ու ադրբեջանցի ժողովրդի արժանապատվությունը վիրավորող խոսույթ։ Սա շատ կարևոր է հասկանալ։ ՀՀ-ում ԵՐԲԵՔ պետական մակարդակով ատելության ՉԻ ՔԱՐՈԶՎԵԼ։ Սա այն կարևոր տարբերությունն է, որ կա մեր ու ադրբեջանական քաղաքականության միջև։ Ընդ որում, շեշտեմ, ես կարծում եմ դա խելացի ու ճիշտ որոշում է, ատելության քարոզն ինձ համար երբեք ընդունելի չի եղել։ Բայց, երբ գալիս ու ասում են, որ պետք է համակեցություն քարոզել, ինձ մոտ շատ տրամաբանական հարց է առաջանում, համակեցություն քարոզվում է մեկի հետ, ով իմ ու իմ հայրենակիցների մեջ որոշել են տեսնել բացառապես թշնամու ու ահաբեկչի կերպար, ով Ռամիլ Սաֆարովի պես մարդասպանին դարձրել է հերոս ու անգամ պարգևատրել այդ քայլի համար, ով իմ հայրենակիցների դեմ ամենադաժան վայրագություններն է գործել, սանձազերծել պատերազմ, իրագործել ագրեսիա, էթնիկ զտում, բռնի տեղահանում ու դա իրականացվել է ընդամենը վերջին հինգ տարիների ընթացքում։ Ստեփանակերտում մնացած հատուկենտ հայերն անգամ որոշ ժամանակ անց կարգվում են որպես «ահաբեկիչ» և չեզոքացվում։
ՀՀ իշխանությունների այս ագրեսիվ քարոզչությունը ուղղված հայկական պետականության գաղափարական թիրախավորմանը, իրողությունները մոլագարի պես մերժելու կամ գլխիվայր շուռ տալու քաղաքականությունը, Ադրբեջանից եկող շատ անթաքույց ռիսկերը չնկատելու հստակ որոշումը գալիս է փաստելու, նրանք խաղաղություն չեն ուզում, որովհետև դա տրամաբանորեն ու բնականորեն երկկողմանի գործընթաց է, մեզ քարոզում են անպաշտպանություն, թուլություն, ի վերջո՝ անելանելիություն, որի հետևանքները շատ ծանր են լինելու բոլորիս համար՝ անկախ մեր քաղաքական հայացքներից։ Իսկ զուգահեռ իրականության մեջ հայը շարունակում է մնալ թշնամանքի գլխավոր օբյեկտ, կրկին ցանկացած հայ՝ անկախ քաղաքական հայացքներից․․․
Որպես ամփոփում ասեմ՝ ռիսկերի գնահատումը դրա չեզոքացման կարևոր բաղադրիչներից մեկն է։
Տաթևիկ Հայրապետյան,
Պատմական գիտությունների թեկնածու,
Ադրբեջանի հարցերով փորձագետ