2025 թւականի նոյեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետութեան սահմանային կնիքներից հանւում է Արարատ լեռան պատկերը։
Մեր մեծերից ոչ ոք չի խօսել հայի մասին՝ առանց Արարատի։
Համաշխարհային գիտական, մշակութային եւ գեղարւեստական աշխատութիւններում Արարատը նոյնպէս վաղուց դարձել է Հայաստանի ու հայութեան առանցքային՝ ամենակարեւոր ու գլխաւոր խորհրդանիշը:
Բրիտանացի պետական գործիչ եւ աշխարհագրագէտ Ջէյմս Բրայսը, 1876 թւականին Հայաստանից վերադառնալով, գրել է.
Կարդացեք նաև
«Արարատը սրբութիւն է հայի հոգու համար։ Այն նոյնքան անբաժան է նրա ինքնութիւնից, որքան Սիոնը՝ հրեայի»։
Ամերիկացի պատմաբան Ռոբերտ Թոմսոնն իր աշխատութիւնում ընդգծում է.
«Հայկական ինքնութիւնը դժւար է պատկերացնել առանց Արարատի։ Այդ լեռը հայի պատմական յիշողութեան մէջ գագաթ է՝ ե՛ւ խորհրդանշական, ե՛ւ բուն իմաստով»։
Հայկական եւ միջազգային այս ընկալումները մեզ յիշեցնում են, թէ ինչպիսի արժէք է Արարատը մեզ համար, եւ ինչ նշանակութիւն ունի այն մեր էութեան, նկարագրի եւ ինքնութեան պահպանման գործում: Իսկ այսօր, փաշինեանական վարչակազմը որոշել է մաքրել այդ խորհրդանիշը ՀՀ պետական վաւերագրերից, որովհետեւ Արարատը խանգարում է նրանց առաջ քաշած «իրական Հայաստան» հակազգային տեսութեան կայացմանը, որը գործող իշխանութիւնը փորձում է պարտադրել հայ ժողովրդին՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի պահանջով։
Քաղաքական առումով, սա այն նոյն ուղու տրամաբանական շարունակութիւնն է, որով 2018 թւականից սկսեալ շարժւում է փաշինեանական վարչակաչգը՝ հրաժարւելով այն ամէնից, ինչն ազգային է՝ յանուն «նոր իրողութիւնների»։ Յիշենք. Նախ՝ Արցախը դարձաւ անցանկալի «բեռ», ապա՝ պահանջատիրութիւնը ընկալւեց որպէս խանգարող գործօն, յետոյ թիրախաւորւեց Հայ Առաքելական Եկեղեցին, իսկ հիմա հերթը հասել է Արարատին։ Եւ այս ամէնը մի ընթացք է, որի իւրաքանչիւր քայլը մի աստիճան աւելի է հեռացնում մեզ մեր ինքնութիւնից։ Այս գործընթացը նպատակային կերպով փորձում է մեզ տանել դէպի հոգեւոր սնանկացում, էութեան, ինքնութեան ու նկարագրի պարպում:
Մաքրէք մարդ արարածի յիշողութիւնը եւ նա ոչնչով չի տարբերւի անասունից:
Իսկ Արարատը հէնց յիշողութեան լեռ է։ Հայկական յիշողութեան գագաթը։
Խմբագրական
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ալիք» օրաթերթում: