Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասում են՝ բա մետրոյի կայարանը ո՞ւր է, ինչի՞ չկառուցվեց․ այս ծրագրերը նման արագությամբ չեն իրականացվում»․ Նիկոլ Փաշինյան

Սեպտեմբեր 18,2025 11:53

Կառավարությունն այսօրվա նիստում գումար հատկացրեց 45 նոր տրոլեյբուսներ գնելու համար։ «Մենք ունենք կայացած մրցույթ եւ արդեն իսկ ունենք գնած 30 տրոլեյբուսներ։ Այս 45 նոր տրոլեյբուսներով, որոնք կառավարության աջակցությամբ կգնենք, ամբողջապես մեր տրոլեյբուսային պարկը թարմացնում ենք։ Այսինքն՝ մենք այլեւս քաղաքում չենք ունենում հին տրոլեյբուսներ»,- կառավարության նիստում ասաց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա նշեց՝ մրցույթն արդեն կայացել է, ֆինանսական միջոցների հատկացումից հետո ակնկալվում է, որ 2026 թվականի առաջին եռամսյակում այդ 45 տրոլեյբուսները կլինեն Երեւանում եւ կներգրավվեն նոր գծերի մեջ։

Նախատեսվում է, որ այս տարի Հայաստանի կառավարությունը 30 տոկոս կանխավճար կվճարի այդ տրոլեյբուսների համար, մնացած 70 տոկոսը՝ հաջորդ տարվա սկզբին։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պետք է գնահատել էլեկտրատրանսպորտի արդյունավետությունը Երեւանում։ Փաստորեն այս գնումն իրականացվել է այն վերլուծության արդյունքում, որ տրոլեյբուսը եւ էլեկտրատրանսպորտն ընդհանրապես կարող է Երեւանի համար շատ արդյունավետ լինել, մանավանդ հիմա, երբ մենք ֆոտովոլտային կայանների շատ մեծ հզորություններ ենք գեներացրել, իսկ տրանսպորտը հիմնականում աշխատում է ցերեկային ժամերին։ Այդ տրամաբանության մեջ տրոլեյբուսը շատ էֆեկտիվ տրանսպորտ է։ Մենք նաեւ քննարկել ենք, որ հետագայում պետք է մտածել էլեկտրոավտոբուսների ձեռք բերման նպատակահարմարության շուրջ»,- նշեց նա։

Տիգրան Ավինյանը ներկայացրեց, թե վերջին տարիներին ինչ նոր տրանսպորտային միջոցներ են գնվել Երեւանի համար․ «Մենք հասցրել, ենք գնել 87 12 մետրանոց ավտոբուսներ, գնել ենք 562 հատ 8,6 մետրանոց ավտոբուսներ եւ մինչեւ այս պահը գնել ենք 30 նոր տրոլեյբուսներ, որոնք իրենց գծերից անջատ կարողանում են հավելյալ 60 կմ երթեւեկել։ Եվ այս 45 տրոլեյբուսների գնումից հետո մեզ մնում է շարժակազմի երկու հիմնական գնում, դա 18 մետրանոց 249 հատ ավտոբուսներն են եւ նոր ցանցի վերլուծությամբ մեզ եւս 26 հատ տրոլեյբուսներ են պետք գալու։ Այսինքն՝ մնացած շարժակազմերը, որոնք պետք է ձեռք բերենք, միմիայն այլեւս էլկտրական պետք է լինեն»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե մետրոյի նոր կայարանի կառուցման աշխատանքները ո՞ւր են հասել։ Տիգրան Ավինյանը նշեց, որ նախագիծը բաժանված է երեք փուլի եւ բոլոր փորձաքննություններն անցել է։

«Կհայտարարենք մրցույթներ, կտեղեկացնենք բոլոր հնարավոր խոշոր ընկերություններին, որպեսզի մասնակցություն ունենան այս մրցույթներին, կունենանք հաղթող եւ հաջորդ քայլով կքննարկենք ֆինանսական միջոցների տրամադրման հարցը։ Եվ ես կարող եմ ասել, որ 2026 թվականին մենք կարող ենք սկսել Աջափնյակ մետրոյի կառուցման կայանի աշխատանքները։ Աջափնյակ կայարանի կառուցումից հետո Երեւանի մետրոպոլիտենում ուղեւորահոսքի աճը կլինի մոտ 25 տոկոս»,- նշեց նա։

Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ես ուզում եմ մենք ճիշտ գնահատենք։ Մենք հիմա 5 կամ 10 րոպեում սա նկարագրեցինք, հաջորդ 15 րոպեներից սկսելու են՝ բա ո՞ւր է, բա ինչի՞ չկառուցվեց, ասեցին, չարեցին։ Եկեք արձանագրենք, որ մեր պետությունն իր գոյության ողջ ընթացքում նման մասշտաբի ծրագրեր չի իրականացրել։ Երկրորդը, նույնիսկ ամենաարագ գործող տեղերում այս ծրագրերը նման արագությամբ չեն իրականացվում։ Մեր մտածողության մեջ պլանավորումն ու նախագծումը աշխատանքի մաս չէ։ Սովորաբար ասում ենք՝ չգնա՞նք մի հատ տուն կառուցենք։ Ու վեր ենք կենում, վեդրոն, ցեխը, քարը տանում կառուցում, վերջում ասում՝ բա շուշաբանդը որտե՞ղ է լինելու»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930