Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես Սաթի Սպիվակովան Հայաստանում գտավ հոր մտերիմ ընկերոջ սանիկին ու միացավ շատ կարեւոր նախաձեռնությանը

Սեպտեմբեր 18,2025 13:57

Հայտնի դերասանուհի, բարի կամքի դեսպան, մշակութային և բարեգործական ծրագրերի նախաձեռնող Սաթի Սպիվակովան Երեւան է ժամանել քաղցկեղ ունեցող երեխաներին աջակցելու համար: Մշակութաբարեգործական ծրագրի շրջանակներում դերասանուհին վաղը Մհեր Մկրտչյանի անվան թատրոնում կխաղա «Տուրգենև. Սիրո մետաֆիզիկա» ներկայացումը: Այն երիտասարդ ռեժիսոր Դմիտրի Սերդյուկն է բեմադրել: Ներկայացումը Իվան Տուրգենեւի և Պոլինա Վիարդոյի նամակագրության վրա հիմնված նրբագեղ գրական-երաժշտական կոմպոզիցիա է, որը ուղեկցվում է Շոպենի, Սաթիի, Շվարցի և Դեսյատնիկովի երաժշտությամբ: Երկու ներկայացումներից ստացված ողջ հասույթը ուղղվելու է «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամին, որը քաղցկեղով երեխաների բուժման աջակցությամբ է զբաղվում։

«Արդեն վեցերորդ տարին է՝ ինչ խաղում ենք այդ ներկայացումը: Դերասանի համար շատ դժվար է հրաժեշտ տալ ներկայացմանը, բայց այն դուրս է գալու Մոսկվայի ազգերի թատրոնի խաղացանկից ու նախքան կդադարի, այսպես ասած, գոյություն ունենալ, շատ էի ցանկանում այն ներկայացնել Երեւանում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց դերասանուհին:

Նա պատմեց, որ շատ պատահաբար է անցած տարի ծանոթացել քաղցկեղով հիվանդ երեխաների աջակցությամբ զբաղվող հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի հետ ու պատահաբար էլ պարզել, որ վերջինս իր հոր մտերիմ ընկեր Նորայրի սանիկն է. «Հայրս չկա, նրա սիրելի ընկեր Նորայրը չկա: Իսկ մենք Էսթերի հետ գտել ենք իրար մի շատ կարեւոր գործի շրջանակում»:

Դերասանուհին պատմեց, որ երբեւէ ոչ մի բարեգործական հիմնադրամի հետ չի համագործակցել՝ չնայած բազմաթիվ առաջարկների, բայց երբ Հայաստանում տեսավ քաղցկեղ ունեցող երեխաներին, խոսեց նրանց ծնողների հետ, հասկացավ՝ անմասն չի կարող մնալ այդ կարեւոր գործում:

Էսթեր Դեմիրճյանն էլ նկատեց, որ քաղցկեղը թանկարժեք բուժում է պահանջում ու Սաթի Սպիվակովայի նման անհատներն իրենց ուժ են տալիս: Նրա խոսքով՝ բարեգործությունը միայն մեծ գումարների մասին չէ, բարեգործությունը հոգու, սրտի մղում է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930