Lրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձավ հարցին, թե Թուրքիայի պահանջո՞վ են ՀՀ անձնագրերում դրվող կնիքից հանում Արարատ լեռան պատկերը։
«Անձնագրերի դրոշմի հետ կապված խնդիրը շրջանառության մեջ է դրվել շատ երկար ամիսներ առաջ, երբ դեռ հորիզոնում տեսական հնարավորություն կամ պայմանավորվածություն չկար Թուրքիայի հատուկ ներկայացուցչի այցի մասին։ Եվ ընդհանրապես Հայաստան-Թուրքիա որեւէ բանակցության մեջ նման հարց չի քննարկվել եւ չի կարող քննարկվել»,- ասաց նա։
«Հիմա խոսում են Թուրքիայի հերթական պահանջի կամ Թուրքիայի հերթական սպառնալիքի ներքո որոշում կայացնելու մասին։ Ես ասել եմ, որ անվտանգության մեր ռազմավարության մեջ առանցքային է լեգիտիմության գործոնը։ Եվ լեգիտիմության գործոնն այն է, որ մենք ինքներս պիտի ճանաչենք եւ ճանաչում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը՝ իր միջազգայնորեն ճանաչված տարածքով եւ սահմաններով։ Սա անում ենք, որովհետեւ ուզում ենք եւ ռազմավարություն ունենք մեր պետության հարատեւությունը ապահովելու համար։ Իսկ մեր պետության հարատեւությունն ապահովելու համար մենք պետք է մեր պետությունը դնենք ճիշտ դիրքի վրա։ Մարդիկ քննարկում են, ասում են՝ օ, Թուրքիայի առաջ հերթական պարտությունը կամ պահանջը։ Ես ուզում եմ պարզ հարց տալ՝ երբ որ դուք փողոցն անցնում եք, դուք անցումով եք անցնում, թե՞ ոչ անցումով։ Իսկ երբ որ դուք անցումով եք անցնում, դա այն պատճառով է, որ փողոցով երթեւեկող բեռնատարի կամ ոչ բեռնատարի վարորդը ձեզ սպառնացել կամ վախեցրե՞լ է, թե՞ անցումով անցնում եք, որովհետեւ ուզում եք ապրել կանոններով ու կանոնավոր։ Մենք ուզում ենք, որ ՀՀ-ն լինի միջազգային պատասխանատու գործընկեր եւ ապրի միջազգային ընդունված կանոններով։ Եվ մենք ՀՀ-ն առաջնորդում ենք այդ տրամաբանությամբ եւ լեգիտիմության ռազմավարությամբ»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը հարցադրում արեց․ «Եթե մինչեւ 2004 թվականն այդ դրոշմը չի եղել, ի՞նչ է նշանակել այդ դրոշմի բացակայությունը։ Եվ երբ 2004 թվականին այդ դրոշմը հայտնվել է, ի՞նչ է նշանակել այդ դրոշմի հայտնվելը։ Ո՞րն է նախկինում այդպիսի դրոշմի բացակայության քաղաքական նշանակությունը եւ ենթատեքստը, որն է դրոշմի հայտնվելու քաղաքական նշանակությունն ու ենթատեքստը։ Ի՞նչ էր տեղի ունեցել 2004 թվականին, այդ ի՞նչ խնդիր էին ուզում լուծել այդ նորամուծությունը բերող պաշտոնյաները։ Գուցե լեգիտիմությա՞ն խնդիր էին լուծում, այդ թվում՝ ներքաղաքական լեգիտիմություն։ Պարզ ասեմ՝ երբ դու կոնկրետ պետության, երկրի Սահմանադրությամբ սահմանված իշխանության տիրոջ կողմից ընտրված չես, քեզ պետք է լեգիտիմության նոր աղբյուրներ գտնել՝ մի տեղ սարի նկար կպցնել, մի տեղ ուրիշ նկար կպցնել։ Ես առաջիկայում կխոսեմ հայրենասիրության այն մոդելի մասին, որի շրջանակում այդ բոլոր որոշումները կայացվել են։ Իսկ հիմա այդ բոլոր քայլերը, որոնք մենք իրականացում ենք, իրականացնում ենք ՀՀ պետականությունը, ինքնիշխանությունը եւ անվտանգությունն ուժեղացնելու համար»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ