Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը
Այս մասին տարբեր անգամներ մտածել եմ գրել, բայց տարբեր պատճառներով, հետաձգել եմ։ Սակայն այսօր արհեստական բանականության միջոցով մի գովազդային հոլովակ ստիպեց վերջապես գրել այդ մասին (տես հղումը), որտեղ իբրև Ալեքսանդր Թամանյանը պատմում է ինչ որ Հարավային պողոտայի մասին… այն դեպքում երբ Թամանյանին կենդանության օրոք նույնիսկ Հյուսիսային պողոտա եզրույթը չկար, քանի որ այն կոչվում էր Արարատյան փողոց։
Մինչև 2019 թվականը, երբ չկար «ժողովրդավարության բաստիոնի» քողը, Երևանում հուշարձանների քանդումն իրականացվում էր Թամանյանի անվամբ տարատեսակ մանիպուլյացիաների տեսքով։
Սկսած 1999 թվականից, երբ Իտալիայի փողոցի բացմամբ քանդվեց Երևանի քաղաքային դումայի շենքը, բազմաթիվ վիճահարույց նախագծեր «սղացնում» էին թամանյանական Երևանի իրականացման անունով, որոնց հետևում կանգնած էր հիմնականում տարբեր տարիներին Երևանի գլխավոր ճարտարապետ հանդիսացած Նարեկ Սարգսյանն իր արբանյակներով։
Կարդացեք նաև
Այդ նույն «նախագծերի» թվին էր պատկանում 2019-2020 թվականների այն ժամանակվա փոխվարչապետի, այժմ արդեն քաղաքապետի անձնական նախաձեռնությամբ, ու ըստ օդում կախված լուրերի բիզնես հետաքրքրությամբ, Ֆիրդուսի պատմական թաղամասի քանդումը։ Հիմա արդեն Հյուսիսային պողոտայով (Տուսկի այցի ժամանակ) հպարտացող իշխանությունները Ֆիրդուսը, որն ունի նույն հակահուշարձանային, հակաճարտարպետական, ունեզրկման ձեռագիրն է, ինչ Հյուսիսային պողոտան, «սղացնում» են Հարավային պողոտայի անվան տակ !!!
Մարդու իրավունքներով ու Երևանի հուշարձաններով տոգորված մարդիկ, որոնք իշխանության են եկել այդ ամենը վերացնելու համար նաև, Երևանում ավարտին են հասցնում Հյուսիսային պողոտա 2.0-ն։
Սա միգուցե այդքան տխուր չլիներ, եթե սրանից մոտ մեկ ու կես ամիս առաջ, նույն փոխվարչապետարանում մեկ այլ հյուսիսայինպողոտայացման փորձ չարվեր. այս անգամ՝ Կոնդը։ Նկարում (պաշտոնական հղումը կդնեմ նաև) տեսնում ենք մարդկանց, որոնց ներկայությունը, հուշում է, որ մի քանի տարի հետո Կոնդն են վաճառելու` միգուցե արևմտյան պողոտա անվան տակ։
Սեղանի շուրջ նստած Նարեկ Սարգսյանի վերաբերմունք երևանյան ժառանգության նկատմամբ պարզ է։ Բայց այստեղ ակտիվ ելույթներ է ունենում մեկ այլ ոչ պակաս «վտանգավոր կոլեգա». 2018թ.-ին ափալ-թափալ պաշտոն ստանձնած, ու նաև իմ վստահությունը չարաշահելով յուղոտ գծերի վրա հայտնված Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ, Տիգրան Ավինյանի նախկին խորհրդական, Ռայկոմում ներկա կառավարության ձեռամբ պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկից հանված Աբուհայաթ ջրանցքի տեղում շենք նախագծող (կուզեք՝ հուշարձան քանդող) Ավետիք Էլոյանը։
Սա ոչ միայն խոսում է վերջիններիս մասնագիտական «ճարպկության», ու մի քիչ էլ ինքնասիրության մասին, այլև խոսում է պետական կառավարման համակարգի անկարողության մասին, որը երկար անունով նախարարության, իրեն շինարարության կոմիտեի տեղ դրած քաղաքաշինության կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի կառույցներ ոչ կոմպետենտության ու դիլետանտիզմի մասին։
Իսկ ցավոք մասնագիտական հանրույթը նորից կլռի թայֆայական մտածողության շրջանակում, կամ ուղղակի պետական համակարգի հետ խնդիրներ չունենալու համար, իսկ Երևանը կդառնա էլ ավելի անհետաքրքիր, իսկ մենք կքննարկենք կենտրոնում հերթական գրաֆիտիի էսթետիկան…