Կադաստրի կոմիտեի նախկին աշխատակից Վերոնիկա Մելքոնյանը լրատվամիջոցներին պատմել է, որ կոմիտեի նախագահի հանձնարարությամբ են իր ամուսնուն առեւանգել եւ ծեծել։ Վերոնիկա Միքայելյանը ստացել է դաժանաբար ծեծված ամուսնու հետազոտությունների ամբողջական պատկերը. մեկ աչքը չի տեսնում, ծնոտը փշրված է, կողոսկրերը՝ կոտրված: Վերոնիկան էլ, ամուսինն էլ Կադաստրի պետական կոմիտեի նախկին աշխատակիցներ են, կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի հետ լարված հարաբերություններ են ունեցել ու պնդում են՝ հաշվեհարդարը հենց Կադաստրի գործող պետի հրահանգով է եղել:
Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է այս դեպքին, ասել է, որ հերքում է, թե ինքն է պատվիրատուն։ Նա նաեւ հերքել է իր գլխավոր քարտուղարի ու մերձավորների մասնակցությունն այդ միջադեպին։
Լրագրողների հարցերին ի պատասխան Սուրեն Թովմասյանն ասաց․ «Դուք մեղադրանք եք հնչեցնում, ես էլ ասում եմ, որ դա քննչական մարմնի գործունեության տիրույթում է։ Որեւէ մեկի ասվածը պետք է պարզվի։ Այդ նույն կնոջ հայտարարությունների մեջ լսել եմ բազմաթիվ հակասական բաներ, քննչական մարմինը կպարզի՝ ով է ճիշտ, ով է սխալ։ Ես դեռեւս չեմ հրավիրվել քննչական մարմին հարցաքննության։ Կհրավիրեն հարցաքննության, կգնանք, կպարզենք՝ ովքեր են մեղավորները։ Իրենց հայտարարությունների մեջ կան հակասական մտքեր, երբ ես հրավիրվեմ հարցաքննության, դրանք մատնացույց կանեմ։ Ես տեխնիկական գիտությունների թեկնածու դոցենտ եմ, այս պահի դրությամբ իմ կրթությունը ստանում եմ Արիզոնայի համալսարանում՝ մագիստրոսական թեզ եմ պաշտպանում այնտեղ։ 2013 թվականից դասավանդում եմ եւ կրթել եմ շուրջ 1000 երեխա եւ նման լեքսիկոն ու վարքագիծ ինձ հարիր չէ։ 39 տարեկան եմ, եւ փորձ արեք հայտնաբերեք նման մի դեպք, որի մեջ ես ինքս կամ»։
Սուրեն Թովմասյանի խոսքով՝ կնոջ ամուսինն իրեն հայհոյանքներ է ուղարկել։ «Ես այդ հայհոյանքները դեռեւս չեմ լսել ամբողջությամբ։ Եթե չեմ սխալվում` տասնը քանի հատ հայհոյանք է ուղարկել։ Այդ կինն էլ է փաստել, որ իր ամուսինը հայհոյանքներ է ուղարկել ինձ։ Եվ շատ լավ կլինի, որ հենց իրենք էլ դա ներկայացնեն իրավապահ համակարգին»,- ասաց Թովմասյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հ. Գ. Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանն այսօր փորձեց ներկայանալ հանրությանը հանգիստ, խիստ քաղաքավարի մարդու կերպարով և նշեց, որ ինքը գիտությունների դոցենտ է, բայց գիտությունների դոցենտը կոչում է, ոչ թե մարդկային որակ. NEWS.am—ի հետ զրույցում նշեց Կադաստրի պետական կոմիտեի նախկին աշխատակից Վերոնիկա Միքայելյանը:
Անդրադառնալով նրան, որ իր ամուսինը հայհոյանքներով SMS է ուղարկել Սուրեն Թովմասյանին, Վերոնիկա Մելքոնյանն ասաց. «Դա հանրային տիրույթում չի եղել, մեկը մյուսին կարող է ինչ-որ նամակ գրի կամ ինչ-որ ձայնային հաղորդագրություն թողնի, դա հանցանք չի։ Հանցանքը այն դեպքում է, եթե դա հրապարակայնորեն է լինում։ Այնպես որ թող չփորձի ինքը ինչ-որ ուղղությամբ այլ տեղ տանի, ինքը հանցագործ է, ինքը առևանգման պատվիրատու է ու պատասխան է տալու Հայաստանի Հանրապետության օրենքով»։
Հարցին՝ ո՞րն է եղել իր ամուսնու եւ Սուրեն Թովմասյանի միջեւ հակակրանքի պատճառը, որ ազատել է ամուսնուն, նա պատասխանեց. «Ինքը նորանշանակ ղեկավար էր, եկել է շրջայցի, ամուսնուս ենթակայության տակ գտնվող մի քանի աշխատակցուհու անտեղի դիտողություն է արել, ամուսինս միջամտել է՝ փորձելով իր աշխատակիցներին արդարացնել։ Դա դուր չի եկել իրեն ու սկսել է ամուսնուս հետ «արա»–ով, ուրիշ ձևերով խոսել, համապատասխան պատասխանը ստացել է, ու այդտեղից համակարգը սկսել է աշխատել ամուսնուս դեմ՝ ծառայողական քննություններ, իր պաշտոնին ոչ համապատասխան բաներ են առաջարկել, որ անի, ու այնքան զզվեցրել էր, որ ամուսինս իր դիմումի համաձայն դուրս է եկել։ Այն, որ Սուրեն Թովմասյանը, իբր չի հիշում ամուսնուս հետ կապված միջադեպը, ուղղակի զարմանալի է»։


















































